Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայում Երևանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ: Ներկայացնելով հանգստի գոտում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնված բարեկարգման ծրագրերը համալիր բնույթ են կրում:
Մասնավորապես լուծվել են այգու ոռոգման և խմելու ջրի, լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր կենդանատեսակներով, տարածքը կանաչապատվում է: Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:
«Հաջորդ տարի ևս մենք ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել կենդանաբանական այգում, և այս գործում մեզ համար անչափ կարևոր է միջազգային մի շարք կառույցների հետ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Մեր նպատակն է այգում ստեղծել այնպիսի միջավայր, որն այցելուներին ավելի կմոտեցնի բնությանն ու հանգստի գոտուց բացի կունենա նաև կրթական բաղադրիչ»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, ԵԱԶԱ-ում ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկը նշել է, որ իր համար անչափ կարևոր է իր այցը Երևան և մասնակցել կենդանաբանական այգու զարգացման գործին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները՝ նա նկատել է, որ նախանշվող ծրագրերը հնարավորություն կտան արդյունավետ կառավարում իրականացնելու և այգին ավելի հյուրընկալ ու հարմարավետ դարձնելու առումով:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը:
Երևանի քաղաքապետարան