Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է: Այդ մասին ասվում է Ալիևի ուղերձում՝ ուղղված Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին:
«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ ձգվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա, ժամանակի և դարաշրջանի պահանջն է»,- ասվում է Ալիևի ուղերձում:
Նրա խոսքով՝ ժամանակակից փուլում, երբ «ձևավորվում է նոր աշխարհակարգ, որն ուղեկցվում է միջազգային հարաբերություններում լուրջ ցնցումներով, անհրաժեշտություն է առաջ եկել, որպեսզի կուսակցությունները և միջազգային կազմակերպությունները վերագնահատեն իրենց դիրքորոշումը և հնարավորությունը՝ ազդելու իրադարձությունների վրա տարբեր մակարդակներում»:
Ալիևը նշել է, որ համաշխարհային մարտահրավերներից մեկն էլ խաղաղության և անվտանգության խնդիրն է: «Դա նաև զգայուն և առաջնահերթ հարց է Ադրբեջանի համար, որն իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները, որոնք չէին կատարվում մոտ 30 տարի»,- ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ