Տեւական ժամանակ է՝ Լարսում իսկական սոդոմ-գոմոր է։ Բեռնատարների հսկայական կուտակումներ են, որոնց մեջ հատկապես շատ են հայկական բեռնատարները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որն ի պաշտոնե զբաղվում է ռուս գործընկերների հետ նաեւ այսօրինակ հարցերի կարգավորմամբ, մեզ հետ զրույցում խնդիրն այսկերպ ներկայացրեց․ «Ուզում եմ, որ մենք հարցը լավ պատկերացնենք՝ ֆիզիկապես եւ իրավական-քաղաքական մասով։ Մենք՝ որպես այդ տարածքով, այդ անցակետերով անցնող ԵԱՏՄ անդամ երկիր, վստահաբար ասում եմ, որ մաքսիմալ լավարկված ռեժիմներով ենք անցնում ու էլի կլավարկենք։ Ոնց որ թե դրան խոչընդոտ չկա։ Լարսը միշտ ունեցել է երկու ֆունդամենտալ պրոբլեմ․ մեկն իր ֆիզիկական թողունակությունն է, մյուսն իր հսկողական թողունակությունն է։ Մեկը գործառութային է, մյուսը՝ ֆիզիկական։ Թողունակության վրա մենք միշտ աշխատում ենք, միշտ լավարկում ենք, ու, ճիշտն ասած, ես ռուսական կողմի հետ համագործակցությունից շատ գոհ եմ, որովհետեւ ե՛ւ անցակետեր են ավելացրել, ե՛ւ փաստաթղթային պարզեցումներ կան, ե՛ւ հսկողական գործառույթի կանոնակարգումներ կան էս վերջին՝ առնվազն մեկուկես տարվա ընթացքում»։
– Այդ լավարկման արդյունքում, սակայն, մեր վարորդները շարունակում են օրերով կանգնած մնալ Լարսում։
– Խնդիրը հետեւյալն է․ երբ որ իրենք ընդհանուր խստացում են անում, դա սկսում է տարածվել բոլորի վրա, այսինքն՝ առանձին մաքսային հսկողության գործառույթ հայկական մեքենաների կամ ԵԱՏՄ մեքենաների համար հնարավոր է, ու դա իրականացվում է։ Բայց ֆիզիկապես մինչեւ դրան հասնելը, էս վերջին իրադարձությունների հետ կապված, ամեն դեպքում՝ օբյեկտիվ բարդություններ կան։ Այսինքն՝ եթե ուշադրություն դարձրել եք, մի քիչ որակը՝ պրոբլեմի, փոխվել է։ Ես չեմ ասում, որ դա լավ է, դա շատ վատ է, բայց որակն է փոխվել, այսինքն՝ ոչ թե անցակետն են երկար անցնում, այլ երկար են հասնում անցակետին։
Կարդացեք նաև
– Բայց հայկական բեռնատարների վարորդներն ասում են, որ վրացական եւ ռուսական մեքենաները հերթից դուրս գալիս են ու հայկական մեքենաներին, նույնիսկ հեգնական ժպիտով, ձեռքով են անում ու անցնում են սահմանը, իսկ մեր մեքենաները մնում են։ Ինչո՞ւ են նրանց թողնում, մերոնց՝ ոչ, եթե հերթը հավասար է բոլորի համար։
– Ես, չնայած նրան, որ ցանկացած տեղեկատվություն շատ կարեւոր է, բայց հակված չեմ հավատալ, որ միանշանակ դա այդպես է։
– Հարցն այն է, որ մեկ–երկու հոգի չէ, որ այդպես է ասում, այս օրերին բազմաթիվ հրապարակումներ, ահազանգեր եղան այդ մասին, մեզ հետ զրույցում էլ տարբեր վարորդներ են նույնը պնդում, որ իրենք օրերով կանգնած մնում են Լարսում, իրենց ապրանքը փչանում է, կառավարությունը տեր չի կանգնում, որեւէ մեկը չի զբաղվում այս հարցով, եւ պնդում են, որ խնդիրը քաղաքական է՝ խտրականություն կա հայկական մեքենաների նկատմամբ։
– Եթե նման բան լիներ միանշանակ, ես կարծում եմ՝ մենք դա կտեսնեինք վիճակագրությամբ, որովհետեւ, այնուամենայնիվ, Լարսն ունի վիճակագրություն, թե քանի մեքենա է անցնում օրվա ընթացքում, դրանցից քանիսն են ԵԱՏՄ բեռներ։ Եվ այդ վիճակագրությունը չի վկայում այն մասին, որ սելեկտիվություն կա՝ ըստ բեռի կամ ըստ երկրի։
– Դուք պատրաստվո՞ւմ եք, ամեն դեպքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ այս հարցը բարձրացնել, փորձել դրան քաղաքական մակարդակում ինչ–որ լուծում տալ։
– Չեմ ուզում քաղաքականացնել, ուղղակի ուզում եմ վստահեցնել, որ էդպիսի բարձր մակարդակի հանդիպում չի եղել թե՛ ՌԴ վարչապետի, թե՛ նախագահի հետ, որ Լարսի հարցին անդրադարձ չլինի, որովհետեւ դա շատ կարեւոր հարց է։
– Այսինքն՝ այս անգամ էլ անդրադարձ կլինի այդ հարցին։
– Ես կարծում եմ, որ անպայման կլինի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: