Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկրվող միջին չափի ավտոբուսները հարց չեն լուծում, համակարգային լուծումներ են պետք. Կարեն Չիլինգարյան. «Փաստ»

Նոյեմբեր 22,2022 11:48

Կանգառներում տրանսպորտին սպասող քաղաքացիներին հավատ չեն ներշնչում նաև խոստումները, որ ներմուծվող ավտոբուսներն ու տրոլեյբուսներն իրավիճակ են փոխելու մեր երթևեկության մեջ:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ այս ոլորտում համակարգային լուծումների կարիք ունենք, միայն ավտոբուսներ ու տրոլեյբուսներ ներկրելով խնդիրը չի լուծվի: «Ներկրվող միջին չափի ավտոբուսները հարց չեն լուծում: Դեռևս 2016-17 թթ. քննարկվում էին ոլորտում առկա և լուծում պահանջող խնդիրները: Դեռ այն ժամանակ ասվում էր, որ նախ պետք է գործի տրանսպորտային միասնական համակարգ: Մասնավորաբար, չվացուցակների միասնական համակարգ, որը կղեկավարվի մեկ կետից: Մեզ մոտ հիմա ամեն գիծ ու համար իր չվացուցակն ունի, դրանք իրար հետ չեն համընկնում: Կանգառում րոպեներ կարող ես սպասել, և մեկ ավտոբուս չգա, բայց հետո միանգամից տարբեր համարի ավտոբուսներ ու երթուղայիններ մոտենան կանգառին՝ իրար խանգարելով ու չզիջելով, մեկ-երկու շարք զբաղեցնելով, խցանումներ առաջացնելով:

Սրան զուգահեռ պետք է պարտադիր միասնական տոմսային համակարգ լինի: Սա ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կիրառելի լուծում է, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ սա դեռ չի կիրառվում: Ավտոբուսների մեջ տոմսարկղեր տեղադրվեցին, որոնք միայն 100 դրամանոց մետաղադրամ են ընդունում: 100 դրամանոց չունենալու դեպքում ուղևորը գումարը տալիս է վարորդին, որը ոչ թե մանրում է այն, այլ «ստանում է» ուղեվարձը: Արդյո՞ք սա կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում: Փոփոխություններ ոլորտում արվում են՝ նոր ավտոբուսներ են ներկրվել ու ներկրվում, բայց իրականում ոչ մի լուրջ փոփոխության ականատես չենք լինում, հիմնական հարցը դրանով որևէ կերպ չի լուծվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Զրույցի ընթացքում փաստում ենք, որ հատկապես սարսափելի է վիճակը առավոտյան ու երեկոյան ժամերին և շաբաթ-կիրակի օրերին, երբ աշխատանքն, ասենք, ժամը 22:00-ին ավարտելով, հնարավոր է՝ անհույս սպասես կանգառում և այդպես էլ չկարողանաս երթուղային նստել: «Այ, եթե տրանսպորտային միասնական համակարգ ունենանք, նման խնդրի առջև մեր քաղաքացիները երբեք չեն կանգնի: Դեռևս մի քանի տարի առաջ բրիտանական մի կառույցի ներկայացուցիչներ հետազոտություններ անցկացրեցին մեր երկրում, վերջնարդյունքում նշեցին, թե ինչպիսի տրանսպորտային համակարգ են պատկերացնում, օրինակ՝ ծրագրում նշված էր, որ առավոտյան, եթե չեմ սխալվում, 06:30-07:00-ից մինչ գիշերվա 23:30-00:00-ն տրանսպորտն անխափան, հստակ գրաֆիկով պետք է գործի:

Բայց այս ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց: Հիմա երեկոյան ժամը իննից հետո որոշ երթուղիներ չեն գործում, որոշներն էլ շատ ուշ-ուշ են մոտենում կանգառներին: Վարորդներն ուղղակի կատարում են իրենց պլանը և գնում տուն, եթե ավելի պարզ լեզվով ասենք: Իսկ եթե գործեր միասնական համակարգ, վարորդը չէր մտածելու, թե որքան ուղևոր պետք է փոխադրի, այլ աշխատելու էր գրաֆիկով, մտածելու էր սահմանված ժամին աշխատանքը սկսելու և ավարտելու, ոչ թե ուղղակի պլան կատարելու մասին»,-նշում է մեր զրուցակիցը:

«Հստակ է մեկ բան՝ եթե ուզում ենք ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ, ապա պետք են համակարգային լուծումներ»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930