Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան «մտահանցագործությունները»

Նոյեմբեր 22,2022 10:00

Ինչպես հայտնի է` Ռուսաստանում արգելված է արտասանել «պատերազմ» բառը՝ դրա համար լուրջ տուգանքներ են հասնում, երբեմն նաեւ՝ քրեական հետապնդում: Վերջերս մի երգ լսեցի՝ որտեղ ռուսական խումբը երգում է այն մասին, թե իրենք խաղաղության կողմնակից են եւ դեմ են պատերազմին,  բայց «պատերազմ» եւ «խաղաղություն» բառերը «լռեցված են», ինչպես որ դա լինում է հայհոյանքների դեպքում: Իրավիճակն, ինչ խոսք, մոտ է Ջորջ Օրուելի հակաուտոպիայի հայտնի կարգախոսներին՝ «պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է»:

Եթե լավ փնտրենք, այդ անհեթեթությունների համար կարելի է գտնել նաեւ զուտ ռուսական աղբյուրներ: Առաջինը մտքիս եկավ Սալտիկով-Շչեդրինի երգիծական առակը (այդ գործերը հեղինակը «հեքիաթ» էր անվանում), որը կոչվում է «Խաբեբա լրագրողը (բնագրում՝ газетчик) եւ դյուրահավատ ընթերցողը»: Երկար խաբելուց հետո լրագրողը որոշում է միայն «ճշմարտությունը» գրել: Ըստ այդ «ճշմարտության»՝ վարակներ չկան, սով չկա, բերքն այնպիսին է, որ ոչ միայն ռուսաստանցիները կերան, այլեւ գերմանացիներին վաճառեցին, իսկ եթե անգամ եղել է հրդեհ, ապա միայն այն նպատակով, որ քաղաքը նորից կառուցվի եւ ավելի գեղեցիկ դառնա:

Մի խոսքով, եթե ոչ մի վատ բանի մասին չես գրում, ապա դա, եկեք համարենք, գոյություն չունի: Ինչպես մեկ այլ գրական հերոս էր ասում, «չկա ոչ մի Ռիո դե Ժենեյրո, արտասահման էլ չկա, Ամերիկա էլ չկա, Եվրոպա էլ չկա, ոչինչ չկա: Եվ ընդհանրապես, վերջին քաղաքը Շեպետովկան է, որին բախվում են Ատլանտյան օվկիանոսի ալիքները»:

«Պատերազմ» կամ, ասենք, «Եվրոպա» բառերը չարտասանելու պահանջը հիմնված է այն մոլորության վրա, թե իբր եթե որեւէ երեւույթ իր անունով չես կոչում, այն վերանում է կամ, այսպես ասած, կարելի է չեղածի տեղ դնել: Հայաստանում նման արգելքներ, բարեբախտաբար, չկան: Ավելի ճիշտ կլինի ասել՝ արգելքներ չկան պետության կողմից: Դա չի նշանակում, որ չկան ընդհանրապես: Եվ գուցե ավելի հզոր են այն արգելքները, որոնք մեր առջեւ դնում է, այսպես կոչված, հասարակական կարծիքը: Այդ առումով մեզանում նույնպես գոյություն ունի այն, ինչ Օրուելի նույն վեպում կոչվում է «մտահանցագործություն» (thoughtcrime): Հայաստանում «տաբու» է դրված ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին գնահատական տալու վրա՝ այստեղ մենք քիչ թե շատ ազատ ենք: Բայց փորձեք ասել, օրինակ, որ 1720 տարի առաջ ընդունված քրիստոնեությունը լուրջ ազդեցություն չի թողնում ժամանակակից հասարակության վրա, կամ՝ որ հայաստանցիները շարունակում են սպասել (հենց սպասել, ոչ թե պահանջել) սեփական եւ այլ պետություններից այն, ինչ դրանցից պետք չի սպասել, եւ նման դատողությունները կունենան մոտավորապես նույն էֆեկտը, որը Ռուսաստանում ունի «պատերազմ» բառը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Արգելված միրգը քաղցր է»

  2. Հայ says:

    Ես չեմ կարծում,որ Ձեր ասած մտքերը Հայաստանում Տաբու են։
    Հայաստանում,իհարկե կան մտքեր որոնք իրոք Տաբու են,բայց ես և Դուք դրանք չենք ասի,(նույնիսկ որպես օրինակ) որովհետև նրանք Տաբու են։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930