Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետությունն իր վրա չվերցնի որոշակի ֆինանսական օգնություն, ապա հեռու չէ այն օրը, որ մի օր կփակվեն հեռուստատեսային դռները». Անահիտ Կարապետյան

Նոյեմբեր 21,2022 23:33

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է Հեռուստատեսության համաշխարհային օր: Տոնի առթիվ Aravot.am-ը զրուցել է «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Անահիտ Կարապետյանի հետ:

Անահիտը ոլորտում աշխատում է արդեն 10-ը տարի: Ասում է՝ այս տարիների ընթացքում սերն ու նվիրվածությունը դեպի կապույտ էկրան չի փոխվել: Աշխատանքի է գնում նույն եռանդով ու սիրով, ինչ 10 տարի առաջ. «Եւ՛ տասը տարի առաջ, ե՛ւ հիմա նվիրումն ու սերը այս աշխարհի նկատմամբ չի փոխվել: Ամեն օր բացահայտել եւ սովորել, ծառայել եւ վստահություն ստեղծել եւ գոհանալ :Փորձում եմ ինձ վրա դրված պարտականությունները արդարացնել, իսկ թե որքանո՞վ է ստացվում՝ հեռուստադիտողը կասի»:

Այն հարցին, թե ի՞նչի կարիք ունեն այսօր մարզային հեռուստաընկերությունները, Անահիտն առանձնացնելով «Ֆորտունան», ասաց, որ գլխավոր խնդիրը ֆինանսական աջակցության բացակայությունն է: Նրա խոսքով՝ հեռուստաընկերության ֆինանսի միակ աղբյուրը՝ գովազդն է.

«Թե ի՞նչ խնդիրներ կան, դրանք բոլորը կապված են ֆինանսական միջոցների հետ: Ֆինանսական ծանր վիճակում է գտնվում հեռուստաընկերությունը՝ գովազդի բացակայության պատճառով: Ֆինասական մուտքերի նվազումը բերել է աշխատատեղերի կրճատման, նոր հաղորդումների ստեղծման պակասի եւ մի շարք այլ խնդիրների: Այսպիսի  մի պարզ օրինակով խոսեմ,եթե վերցնենք մինչեւ 2019 թվականը գովազդի մուտքերի x միավոր, դրանից հետո յուրաքանչյուր տարի մեծ ծավալով գովազդի նվազման միավորը հասավ 5 տոկոսի:

Ստացվում Է այսօր 95 տոկոսով պակաս է գովազդից ստացված մուտքերը: Ֆինանսական չափազանց ծանր բեռ է հեռուստաաշտարակի վճարները՝ ամսական 350․000 գումարած  նաեւ  պետական այլ վճարներ,- ասում է Կարապետյանն ու հավելում, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհն այն է, որ պետությունը մարզային հեռուստաընկերություններին որոշակի չափով օգտակար լինի. «Հատկացումներ լինեն, դրանք կարող են լինել սուբսիդիաների եւ այլնի ձեւով, այլապես ստացվում է ,որ պետությունը ոչնչով չի օգնում եւ միայն պահանջում է: Եթե պետությունն իր վրա չվերցնի որոշակի ֆինանսական օգնություն, ապա հեռու չէ այն օրը ,որ մի օր կփակվեն հեռուստատեսային դռները, ինչը իհարկե ցանկալի չէ: Այնպես չէ, որ մենք գումար ենք ուզում, առաջարկում ենք, որ օրինակ՝ պետական պատվերներ իջեցնել այս կամ այլ նախարարություններին, որոնք գործառություններ ունեն մարզերում եւ աշխատել հենց մարզային հեռուստաընկերությունների հետ: Հեռուստատեսությունը, որի աղբյուրը միայն գովազդն է այսօր գոյատեւման խնդրի առաջ է»,- ասում է Անահիտն ու հույս հայտում, որ մի օր տնտեսության ծավալները կմեծանան, կառաջանա  գովազդի կարիք եւ հեռուստատեսությունը կրկին կսկսի շնչել:

Այն հարցին, որ բացի գովազդների բացակայությունն ու ֆինանսական սուղ միջոցները, արդյոք համացանցը եւս իր ազդեցությունը չի ունենում լսարան կորցնելու գործում, հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավարը վստահություն հայտնեց, որ թեեւ այդ խնդիրն առկա է, սակայն հեռուստատեսության հետեւորդները կայուն են. «Քիչ գումարներով  եւ պարզապես համացանցի հասանելիության պայմաններում, սմարթֆոնի առկայությամբ կարելի է լուր տեղադրել եւ տարածել: Բայց հեռուստատեսության դեպքում օպերատիվ հասանելիությունը այստեղ բախվում է ժամանակի հետ, որովհետեւ դեպքի վայրից մեկ լուսանկար եւ ձայնագրություն ունենալով էլեկտրոնային լրատվություն կստացվի, իսկ հեռուստատեսության պարագայում դեպքի վայր հասնել է պետք: Բայց կարծում եմ հեռուստատեսության հետեւորդները իրենց տեղում են՝ անկախ համացանցի ակտիվությունից, չէ որ  հեռուստացույցի  ի հայտ գալը չխանգարեց թատրոնի լինելիությանը»,- խոսքը եզրափակեց Անահիտ Կարապետյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Անահիտ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930