Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիարդավոր դրամների պետգնումներ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունից. «Հետք»

Նոյեմբեր 21,2022 23:23

«Հետք». Քաղաքաշինության կոմիտեն ու Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի ընթացքում մոտ 3,2 միլիարդ դրամի գնում են կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ Պայմանագրերը հրապարակվել են պետական գնումների armeps.am համակարգում։

Նշված գերատեսչություններից ամենախոշոր գնումը կատարել է քաղաքաշինության կոմիտեն։ «Բիդեք» ՍՊԸ-ի և Քաղաքաշինության կոմիտեի միջև հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրի արժեքը կազմել է 2 մլրդ 671 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը պարտավորվել է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2022 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ըստ այդ պայմանագրի՝ ընկերությունը պետք է վերանորոգի Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 12 պոլիկլինիկան, և այդ աշխատանքների համար քաղաքապետարանը «Բիդեք» ՍՊԸ-ին մինչև դեկտեմբեր ամիսը պետք է վճարի ընդհանուր 538 միլիոն դրամ։

Եվս մեկ խոշոր պայմանագիր «Բիդեք» ՍՊԸ-ն կնքել է 2021 թվականին, այս դեպքում պատվիրատուն եղել է ոստիկանություն։ Սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Երևանի Խորենացի 158 հասցեում գտնվող շենք-շինությունների հիմնանորոգման-վերակառուցման աշխատանքները։ Այդ հասցեում է գտնվում ոստիկանության Պարեկապահակետային ծառայության գունդը։ Ոստիկանության և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 192 միլիոն դրամ։

Ըստ armeps.am համակարգի՝ «Բիդեք» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել 2017 թվականից՝ պետական տարբեր մարմինների հետ կնքելով մոտ երեք տասնյակ պայմանագիր, սակայն կան ավելի վաղ կնքված պայմանագրեր, որոնք Armeps-ում հրապարակված չեն, օրինակ՝ 2014 և 2016 թվականների պայմանագրեր, որոնց մասին նախկինում «Հետքը» գրել է, սակայն այդ պայմանագրերից և ոչ մեկը այնքան խոշոր չեն եղել, ինչքան 2022 կամ 2021 թվականին կնքված պայմանագրերը։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Վերջինս Դավիթ Սեդրակյանի հոր՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմաի Մհեր) ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 22-րդ համարն էր, և արդյունքում Սեդրակյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր։

2021թ․ հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ մանդատից հրաժարվելու «պատճառները եղել են անձնական»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930