Հայկական գորգագործությունը հանդիսանում է համաշխարհային մշակույթի հիմնաքարերից մեկը: Շուշիի գորգերի թանգարանը հիմնադրվել է 2011 թվականին: Արցախյան վերջին պատերազմում թանգարանից տարհանվեցին գորգերն ու կարպետները: Դրանք պահպանվում են Երեւանում:
Շուշիի գորգերի թանգարանի ստեղծման նպատակն է եղել հայկական գորգերը փրկել ադրբեջանական յուրացումից: Ցուցանմուշները հավաքվել են Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից: Ցավոք գորգերի մի մասը տարհանել չի հաջողվել: Իսկ տարհանված գորգերին ու գորգագործության մշակույթին ծանոթացնելու ու ճանաչելու համար որոշվել է դրանք ցուցադրել ամբողջ Հայաստանով մեկ. «Քանի որ թանգարանն իր բնօրրանը կորցրել է, Շուշի քաղաքը չկա, մենք որոշեցինք, որ պետք է շրջիկ թանգարան ստեղծենք: Աշխատանքներն ուզում ենք այնպես կազմակերպենք, որ բոլոր մարզերում թանգարանը ցուցադրվի: Որովհետեւ ճիշտն այն է, որ մշակույթը գա ժողովրդի մոտ, այլ ոչ թե ժողովրդին տանել մշակույթի մոտ: Մեծ զարմանք ապրեցի այն հետաքրքրությունից, որ տեսա այստեղ, թե ինչպիսի եռանդով ընդունվեց այս թանգարանը Վանաձորում», – ասում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր-տնօրեն Վարդան Ասծատրյանը:
Կարդացեք նաև
Այսօր թանգարանը ցուցադրվում է Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում. «Ցուցադրության նախապատրաստական աշխատանքները տեւել են 1 տարուց ավելի: Երբ որ գաղափարը ծագեց, կապ հաստատեցինք պարոն Ասատրյանի հետ, գաղափարը ողջունվեց ու որոշեցինք Վանաձորի մշակութասեր հասարակությանը ներկայացնել եզակի գորգերի եւ կարպետների օրինակներ, որոնց յուրաքանչյուրի մեջ կա մի պատմություն»,- ասում է Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արմինե Ավդալյանը:
Թանգարանի շրջիկ ցուցադրության մեկնարկը տրվել է Վանաձորից: Նպատակն է մշակութասեր անձանց ծանոթացնել հայկական ակունքների ու մշակույթի հետ. «Ցանկացած հայորդու համար ուրախություն է մասնակից լինել այսպիսի անկրկնելի միջոցառման, ուր պատերին նայում ես ու տեսնում քո ինքնությունը, հայի ինքնությունը: Որտեղ այդ գորգի ու կարպետի մեջ դու ճանաչում ես քո ազգային արմատները»,- ասում է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Իսկ ցուցասրահում ներկայացված են 17-րդ դարից ստեղծված արցախյան գորգերի ու կարպետների 45-ից ավելի ցուցանմուշ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ