Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞նց կբացատրեք, որ գումարտակի մի հատվածը գնում է այն ուղղությամբ, որն արդեն հակառակորդը գրավել է, ու դուք գիտեիք, որ գրավել են»․ Իշխան Վահանյանի դատական հարցաքննությունից

Նոյեմբեր 21,2022 22:15

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստն էր։ Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով։

Այսօրվա դատական նիստում հարցաքննվում էր վկա դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանը։ Ըստ նրա, հոկտեմբերի 8-ին իրենց հանել են Հադրութի Խուռհատ կոչվող տեղանքը, հաջորդ օրը ժամը երկուսի կողմերը հակառակորդը հարձակվել է․ «Բոյ ա եղել, վիրավորներ կային, դուրս էինք բերում վիրավորներին։ Հետ գալուց Հադրութ արդեն չենք կարող իջնել, հակառակորդ կար»։

Վկան չկարողացավ պատասխանել, թե ում հրամանով են նահանջել Հորադիզից Հադրութ ընկած բնագծից։ Նաեւ նշեց, որ Հադրութի դպրոցում, որտեղ տեղակայված էր մեր ստորաբաժանումը, գումարտակի հրամանատար է նշանակվել Իշխան Վահանյանը․«Ես եղել եմ 12-րդ վաշտի ավագը, հրամանատարը՝ Հայկազ Գրիգորյանը։ Ես նշանակվեցի դասակի հրամանատար»։

Թե՝ դպրոցում մարտական ինչ առաջադրանք է ստացել՝ բացի Խուռհատ սար բարձրանալը, այս հարցին էլ վկան չկարողացավ կոնկրետ պատասխան տալ, նշեց՝ ինչ-որ հատվածում անցնել պաշտպանության։

«Խուռհատ սարում պաշտպանության անցնելու ժամանակ մեր վաշտն է եղել, երկրորդ հրաձգային վաշտը, սպայակազմից վաշտի հրամանատար Վազգեն Վարդանյանը, մեր վաշտից՝ Հայկազ Գրիգորյանն ու Իշխան Վահանյանը։ Վահանյանը հրամայել է դիրքավորվել, հետո հարձակումն եղավ։ Կռվի ընթացքում Իշխան Վահանյանի ձայնը լսել եմ, որ խոսում էր անձնակազմի հետ։ Հետ գալիս Վահանյանի մասին հարցրեցի, զինվորներն ասացին՝Վահանյանը «սկոռիով» գնացել է»,-ասաց Ջավադյանը։

Նա պատասխանելով մեղադրող կողմի հարցին՝ թե Վահանյանը մինչ «սկոռիով» գնալը, երբ լսում էր նրա ձայնը, ի՞նչ հրամաններ էր տալիս, ասաց, որ հրաման չի տվել․ «Ձայները լսում էի, որ ասում էր՝ սենց լավ ա, սենց պահեք, վիրավորին ոնց օգնեն, տանեն»։ Նա ասաց, որ չի տեսել, թե Վահանյանն ինչ գործողություն է կատարել։ Ջավադյանը հայտնեց, որ նահանջի հրամանը վերադաս հրամանատարությունն է որոշում, հետո ասաց, իր որոշմամբ է դասակը նահանջել, նշելով՝ Վահանյանն այդտեղ չէր այդ ժամանակ, պետք էր դիմակայել հակառակորդին, բայց արդեն դժվար էր․ «Որ տեսա վիրավորները շատացան արդեն, ասեցի՝ հետ եկեք։ Բայց չգիտեմ էդ հրամանը ով է տվել, որ գումարտակը հետ ա եկել»։

Ղարիբ Ջավադյանի պատասխանները ժամանակ առ ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին հունից հանում էր, նա պարզ հարցերին չէր կարողանում պատասխանել, կարեւոր տվյալներ չէր մտաբերում։

Ըստ մեղադրական կողմի, քրեական գործում կան տվյալներ, որ Իշխան Վահանյանի ազդրի վերին մասում բեկորային վիրավորում կա, եւ այդ վիրավորումը ստացել է Խուռհատում։ Արդյոք հնարավոր էր Խուռհատում նման վիրավորում ստանալ, ի պատասխան այս հարցի, վկան ասաց՝ մեր ուղղությամբ հրետանի չի աշխատել, եւ այն հատվածում, որտեղ Վահանյանն էր, հնարավոր չէր բեկորային վիրավորում ստանալ ։Նա նաեւ հավելեց, որ Խուռհատ գնալուց երեք օր առաջ Վահանյանն ասել էր՝ «ասկոլկեն» կպել ա հետեւիցս։

Ընդ որում, ինչպես նշեց վկան, Վահանյանի գնալուց հետո որեւէ մեկը չի ստանձնել  գումարտակի հրամանատարությունը, Վահանյանն ինքն էլ գնալիս իր գործառույթները չի փոխանցել որեւէ մեկին։ Նա ասաց, որ հրամանատար Հայկազ Գրիգորյանն առաջինն է առաջարկել գնալ դեպի Հադրութ, հետո տեղեկանալուց հետո, որ Հադրութ չարժե գնալ, այլ ուղղություն են բռնել եւ այդ ժամանակ Գրիգորյանը վերադաս հրամանատարության հետ չէր կարողանում կապ հաստատել։

Ապա դատարանում փորձում էին պարզել նահանջի ճանապարհը եւ արդյոք Թաղասերի ուղղությամբ գնալիս ողջ անձնակազմն է եղել։ Վկան ասաց, որ դեպի Թաղասեր բոլորով էին, բայց Թաղասերից այն կողմ արդեն չի հիշում․ «Որովհետեւ իմ հետեւից գալիս էին, տասը հոգի իմ հետեւից գնում էին, անձնակազմը՝ հետեւից։ Արդեն որ երկրորդ անգամ բոյի մեջ մտանք, էլ դրանից հետո չեմ կարող ասել անձնակազմը․․․»։ Նա նշեց, որ մինչեւ Թաղասեր հասնելը կապի դասակի հրամանատար Հոովհաննես Մուրադյանին տեսել է, դրանից հետո՝ ոչ։ Վկան նաեւ տեղյակ չէ, թե Մուրադյանն ինչ հանգամանքներում է իրենց խմբից բաժանվել, նրա հետագա ճակատագրի մասին։Հովհաննես Մուրադյանը զոհվել է։

Այդ հատվածից, որտեղ տեղեկացանք, որ Վահանյանը շտապօգնության մեքենայով հեռացել է, այդ հատվածում տեսել եք Մուրադյանին դեպի Թաղասեր գնալիս, ինչպե՞ս կպատաճառաբանեք, որ դրանից հետո Հովհաննես Մուրադյանին չեք տեսել, կամ ձեզ հաջողվել է դուրս գալ այդ հատվածից, իսկ Մուրադյանին՝ ոչ։ Այսպիսի հարց տվեց դատախազը, նշելով՝ եթե միասին եք եղել, պետք է կարողանայիք միասին դուրս գալ։ Վկան ասաց՝ գումարտակն իրարից հեռու-հեռու է եղել, ցրված է եղել, դրա համար չեմ նկատել, որ մահացել է։

Ըստ քրգործի, Հովհաննես Մուրադյանն ու մի շարք զինծառայողներ գնացել են դեպի Վանք գյուղ, արդյոք այդ ճանապարհը համընկնո՞ւմ է ձեր ճանապարհի հետ, ի պատասխան այս հարցի, վկան ասաց՝ տարբեր ուղղություն է, Վանքը ավելի ներքեւի մասում է, բայց մի ճանապարհով անտառով կարելի է իջնել։

Վկայի ներկայացմամբ՝ Թաղասեր գնալու ճանապարհին արդեն տեղյակ էր, որ Հադրութը։ Երբ իմացաք, որ Հադրութը գրավված է, ի՞նչ միջոցներ դուք կամ ձեր սպաները ձեռնարկեցիք՝ ձեր ենթականերին փոխանցելու այդ տեղեկությունը, որ Հադրութը գտնվում է հակառակորդի վերահսկողության տալ։ Դատախազի այս հարցին ի պատասխան վկան անհասկանալի ինչ-որ բացատրություն ներկայացրեց․ «Փորձել եմ անձնակազմը հավաքել ինչ-որ մի ձեւ էդ արանքից հանեինք, արդեն, կարելի է ասել, սաղ շրջափակման մեջ էինք․․․»։

Հարցին էլ՝ ո՞նց կբացատրեք, որ գումարտակի մի հատվածը գնում է այն ուղղությամբ, որն արդեն հակառակորդը գրավել է, ու դուք ունեք այդ տեղեկատվությունը, վկան պատասխանեց․«Դե, մտածելով՝ երեւի անձնակազմը , գումարտակը սենց ցրված գալիս էր, մտածել եմ՝ դեպի հետ է գնում, կամ երեւի ճանապարհը շփոթել է»։

Դատարանում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցեր տվեց վկա Ջավադյանին՝ Թաղասերի ճանապարհին 130 համարի խոցված «Կամազ» տեսե՞լ է, դիեր հանդիպե՞լ են։ Վկան ասաց՝ մեքենայի համարը չի հիշում, բայց շրջված «Կամազ» տեսել են․«Դիակը Կամազի կաբինի տակով դուրս եկած էր։ Էրեխեքը չեն կարողացել շրջել մեքենան, որ հանեն դիակը»։ Ասաց, որ այդ դին այդտեղ են թողել, հետո մի հատ էլ են «Կամազ» տեսել, բայց դի չկար։

Վկան ներկայացրեց, թե ինչպես են Խուռհատից գնացել Թութակ սար՝ իջանք դեպի Հադրութ, բայց Հադրութ չենք մտել, վերեւի գյուղերով ենք գնացել։ Ասաց, որ Թութակներում զորքի չի հանդիպել եւ ի պատասխան փաստաբանի հարցի, ասաց՝ հետո ասֆալտով դեպի վերեւ են գնացել, ասֆալտի երկայնքով էլ մինչեւ Հադրութի «գլուխը» հայկական զորքեր չեն եղել, բայց Տողի խաչմերուկում հրետանային ստորաբաժանումներին է հանդիպել։

Հարցին՝ Խուռհատ սարից իջնելիս քանի՞ զինվոր է եղել՝ նահանջի ժամանակ։ Վկան երկար մտածելուց ու հարցը կրկնելու հետո ասաց՝ 50-60, հետո ասաց՝ 40-50, ու հավելեց, որ հրամանատարական կազմից կոչումով ամենաբարձր սպան Հայկազ Գրիգորյանն էր ու Պատկանյանը։
Հարցին՝ արդյոք հաշվառում արել են, թե քանի զինվոր է մնացել, ովքեր չկան։ Վկան կրկին մի քանի րոպե չէր պատասխանում հարցին։ Հարցը կրկնեց դատավորը՝ ձեր դասակի թվակազմը գիտե՞ք։ Ջավադյանը կրկին չէր կարողանում պատասխանել, նշեց, թե՝ երբ իրեն Հադրութի դպրոցում ասել են՝ դասակի հրամանատարն ես, չի հասցրել իմանալ՝ դասակում քանի զինվոր կա։

«Բա ո՞նց էիք ղեկավարելու, որ չգիտեիք ովքեր են ու քանի հոգի են, ինչպես էիք մարտական առաջադրանք կատարելու։ Ձեր դասակում քանի՞ հոգի էին»,-հարցրեց դատավորը։ Վկան մի կերպ հիշեց, ասաց՝ 23 հոգի, ու ասաց՝ նրանց ճանաչել է։ Դատավորի ճշտող հարցին՝ Թութակ սարից իջնելուց հետո իմացե՞լ եք դասակից ո՞վ կա, ով՝ ոչ, չե՞ք հաշվել, վկան պատասխանեց՝ իմացել եմ․««Չեմ հաշվել, բայց նայել եմ, ու հասկացել, որ անձնակազմից քիչ է մնացել»։

Ի պատասխան փաստաբանի հարցի՝ Խուռհատից երբ իջել եք, քանի՞ սպա էր մնացել, չորսով իջել էիք, մնացածը քանի՞ սպա էին, ասաց՝ երկու հոգի։

Ապա` փաստաբանն ու դատավորը փորձում էին մի պարզ հարցի պատասխան ստանալ՝ Խուրհատ սարից իջնելուց հետո զինվորների մեծ մասը ձե՞զ հետ էր, թե՝ զոհվել կամ մնացել սարի վրա։ Երկու երեք անգամ այս հարցը տալուց հետո վկան ասաց՝ մեծ մասն իրենց հետ էր։ Ընդհանրապես , վկան հաճախ էր իրարամերժ պատասխաններ տալիս։

Փաստաբանը հետաքրքրվեց, թե Խուռհատ սար բարձրանալիս քանի հոգի են եղել, վկան ասաց՝ երկու վաշտ, մոտ 140 հոգի։ 40-ով իջել եք, մեծամասնությունը մնացել է վերեւում, եւ ձեզ հետ չի եղել երկու սպա, ճշտե՞լ եք, այդ երկու սպան որտեղ են եղել նահանջի ժամանակ․ հարցրեց փաստաբանը։ Վկան բացասական պատասխան տվեց։

Ապա փաստաբանը շարունակեց հարցերը՝ զինվորական կանոնակարգով երբ զորքի մեծամասնությունը նահանջի ժամանակ մնում է, տեղեկություն չունեք, իրավունք ունե՞ք  4 սպայով միասին՝ առանց մնացածից տեղեկություն իմանալու, նահանջել՝ չկազմակերպելով մնացած զինվորների նահանջը։  «Ոչ, իրավունք չունեի»,- պատասխանեց Ջավադյանը։ Այդ կերպ խախտե՞լ եք զինվորական կանոնակարգը․ հարցրեց փաստաբանը։

Դատավորը հիացրեց՝ իրավունք ունեք ձեր դեմ ուղղված հարցերին չպատասխանել։ Վկան մինչ մտածում էր՝ պատասխանել, թե՝ ոչ, փաստաբանը ռեպլիկ արեց՝ չպատասխանես, ուրեմն դավաճան ես։

Վկան փորձեց պատասխանել․«Էդ սաղով միասին իջել ենք, էդ ընթացքում արդեն ես չեմ էլ պատկերացրել, թե խի․․․ չգիտեի, թե իրենք ինչի են ուրիշ ուղղությամբ գնացել»։

Հիշեցնենք՝ ըստ Իշխան Վահանյանին առաջադրված մեղադրանքի, 2020-ի հոկտեմբերի 9-ից Իշխան Վահանյանը, նշանակվելով ՊԲ N զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախ՝ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել։ Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, հակառակորդը անցել է հարձակման, Վահանյանը մարտի դաշտը լքել է: Հետո պարզվել է, որ աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային թեթեւ մարմնական վնասվածքը որպես հիմք ներկայացնելով՝ դիմել է հիվանդանոց։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930