Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվեց «Թվապատում 2022» լրագրողական մրցույթը

Նոյեմբեր 21,2022 22:30

Նոյեմբերի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2022» լրագրողական մրցույթի արդյունքները:

Արդեն ութերորդ անգամ անցկացվող մրցույթի նպատակն է խրախուսել որակյալ և պատասխանատու լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը և իրազեկմանը՝ երկրում ընթացող իրադարձությունների, մարդու իրավունքների, ճգնաժամերի, մարդասիրական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների, երկրի կայունացման ճանապարհների և հնարավոր տնտեսական լուծումների վերաբերյալ։

Լրագրողական պատմությունները գնահատելիս մասնագիտական հանձնաժողովը մեծապես կարևորում է մրցույթին ներկայացված աշխատանքների  որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները:

«Թվապատում 2022» մրցույթի ժյուրիի կազմում մեդիադաշտի փորձառու մասնագետներ են`

Գայանե Միրզոյան – Ուրբանիստա հարթակի  խմբագիր, «Լրագրողներ հանուն քաղաքների զարգացման» ՀԿ համահիմնադիր, ԵՊԼՀ դասախոս

Արմեն Գրիգորյան-Ծրագրի համակարգող, Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամ

Սուրեն Դեհերյան- Ամփոփ մեդիայի հիմնադիր և գլխավոր խմբագիր, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ

Աննա Սարգսյան- Տեսալսողական մեդիայի մասնագետ, Շողակաթ ՀԸ

Վաչե Վարդանյան-Արցախում բարեգործական սոցիալական ծրագրերի համակարգող,

«Թվապատմում 2021»-ի Homo agendi/Գործող անձ անվանակարգի հաղթող/նյութի հերոս

Ժյուրիի գնահատականների և քննարկման արդյունքում որոշվեցին հաղթողները: Վերջիններս պարգևատրվեցին դրամական մրցանակով և «Թվապատման» խորհրդանիշ արձանիկներով:

Դիտակ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեցին և 250 000 դրամ պարգևի արժանացան «Հետք»-ի լրագրողներ Ռիմա Գրիգորյանը և Հայկ Մակիյանը «Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում» նյութի համար։

Մեդիա 3.0 անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամ պարգևի  արժանացավ Infocom-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները» նյութի համար։

Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող նյութը «Հետք»-ի «Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով» նյութն էր, որի հեղինակներ Անի Սարգսյանը և Ռիմա Գրիգորյանը պարգևատրվեցին 250 000 դրամով:

«Թվապատում 2022»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց CivilNet-ի լրագրող Գեղեցիկ Ոսկանյանի «Թե Աստված կամենա՝ պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ․ բազմազավակ ընտանիքի պատմություն» նյութը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսները՝ Մարտիկ և Անժելա Մելքոնյանները:

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող նյութը Infocom-ի «Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա»-ն էր։ Նյութի հեղինակ Աննա Սահակյանը պարգևատրվեց 200 000 դրամով:

Հիմնական անվանակարգերից բացի՝ հատուկ մրցանակների արժանացան լրագրողական աշխատանքներ, որոնք ժյուրիի կողմից բարձր գնահատականի էին արժանացել և աչքի էին ընկել պրոֆեսիոնալ մոտեցմամբ և  ներկայացված թեմայի կարևորությամբ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց Mediamax-ի լրագրող Գայանե Ենոքյանին՝ «Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։

Այս տարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սահմանել էր երկու հատուկ մրցանակ՝ ի հիշատակ գործընկերներ Մանանա Ասլամազյանի և Անահիտ Դանիելյանի։ Մարիամ Մանսուրյանին շնորհվեց Մանանա Ասլամազյանի անվան հատուկ մրցանակ «Երևակում» ֆիլմի համար և արժանացավ 100 000 դրամ պարգևի։

4plus-ի լրագրող Նազիկ Արմենակյանը արժանացավ Անահիտ Դանիելյանի հիշատակի հատուկ մրցանակ «Երբ տունդ վառվում է» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։

Econews-ի լրագրող Մարիամ Տաշչյանի «Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների միջազգային առևտրի և Հայաստանի մասին նյութը արժանացավ հատուկ հիշատակման պատվոգրի։

 

«Թվապատում 2022» լրագրողական մրցույթը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը: Միջոցառմանն աջակցում են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և «Գիտուժ» նախաձեռնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930