Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափ՝ Գյումրու թատրոնում․ հանդիսատեսը հայտնվել էր հետնաբեմում (ֆոտոշարք)

Նոյեմբեր 21,2022 21:44

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի այս տարվա ամենապահանջված ներկայացումներից էր գիտաֆանտաստիկ, սարսափ ժանրերի ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Սթիվեն Էդվին Քինգի «Միզերի» ստեղծագործությունը։ Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այն արդեն խաղացել են 5 անգամ՝ լեփ-լեցուն դահլիճում, պատրաստվում են դուրս բերել Գյումրու թատրոնից, 2023 թվականին ներկայացնել փառատոնի։

«Միզերին» հեղինակի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոսը՝ Փոլ Շելդոնը, մեծ ճանաչում վայելող գրող է։ Միզերի անգլերենից թարգմանաբար նշանակում է տառապանք, այստեղ երկու հերոսների՝ հայտնի գրող Փոլ Շելդոնի և նրա հոգեկան հիվանդ երկրպագուհի Էննի Ուիլքսի հարաբերություններն են․ մի կողմից ներկայացվում են գրողի հոգեկան ու ֆիզիկական տառապանքներ, մյուս կողմից երկրպագուհու՝ գրողի հանդեպ ունեցած հիվանդագին սիրո պատճառով կրած տառապանքները։

Փոլ Շելդոնը, հայտնվելով ձնաբքի մեջ, ենթարկվում է ավտովթարի՝ կոտրվում են ոտքերը, չի կարողանում տեղաշարժվել։ Նրան ջախջախված մեքենայից դուրս բերելով՝ իր առանձնատուն է տեղափոխում նախկին բուժքույր Էննի Ուլիքսը, որը Փոլ Շելդոնի ամենահավատարիմ ընթերցողն էր, նրա խանդավառ երկրպագուհին։ Նա ապրում էր միայնակ, Փոլ Շելդոնի «Միզերի» ստեղծագործությունը, որը վիկտորիական ոճի սիրային վեպ էր Միզերի Չեսթեյն անունով մի կնոջ մասին, Էննի ընթերցանության առօրյա գրքերից էր․ բոլոր տողերն անգիր գիտեր, նույնիսկ ի պատիվ հերոսուհու՝ Միզերիի, իր խոզի անունն էր դրել Միզերի։

Փոլ Շելդոնի կյանքը փրկած նախկին բուժքույրը պատիժ էր կրել բազմաթիվ մարդկանց, այդ թվում նորածինների ու իր իսկ հարազատ հորը սպանելու համար։ Նա աստիճանաբար գրողի կյանքը վերածում է դժոխքի՝ բանտարկելով, խոշտանգելով նրան, ի ցույց տալով իր բոլոր տարօրինակությունները։ Երկրպագուհին տպագրական մեքենա է գնում գրողի համար ու ստիպում վեպերը փոխել՝ ըստ իր ցանկության, ճաշակի, գրել մի նոր ստեղծագործություն, որով կկենդանացներ մեռած Միզերիին։

Պիեսն ավատվում է մահով, գրողը սպանում է խելագար երկրպագուհուն։

Գյումրու դրամատիկականում սարսափ ժանրի ներկայացումը մատուցվեց օրիգինալ ձևաչափով՝ ոչ սովորական միջավայրում․ հետնաբեմը դարձրել էին դահլիճ, հանդիսատեսը հայտնվել էր այնտեղ, իսկ դեմ-դիմաց՝ հանդիսատեսին շատ մոտ գյուղական այն միջավայրն էր, որտեղ հերոսուհին խնամում ու միաժամանակ խոշտանգում էր անկողնում գամված հայտնի գրողին։

Հանդիսատեսը ներկայացման ողջ ընթացքում մահճակալին գամված Փոլ Շելդոնի հետ ապրեց նրա բոլոր տառապանքները, վախերը, ծանր հոգեապրումները, որոնք պատճառում էր նրա երկրպագուհի Էննի Ուլիքսը։

Վերջինս փրկարարի, բարեգութի անվան տակ դարձել էր բռնարար, նույնիսկ կտրել էր հեռախոսի լարը, որպես չթույլատրի Փոլ Շելդոնին կապ հաստատել արտաքին աշխարհի հետ ու հայտնել իր գտնվելու վայրի մասին։

Դերասանները ընդամենը երկուսն են․ Փոլ Շելդոնի կերպարը մարմնավորում է Գյումրու դրամատիկականի երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը, իսկ Էննի Ուլիքսինը՝ համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը։

Այն ներկայացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ռեժիսորը մայրաքաղաքից հրավիրված Գոռ Մարգարյանն է, երաժշտությունը գյումրեցի երիտասարդ ստեղծագործող Նարեկ Կոսմոսին է, իսկ նկարչական ձևավորումը՝ Նելիի Բարսեղյանինն է։

Ներկայացումը դիտելու համար շատերն են մայրաքաղաքից շտապել Գյումրի, այնքան կենդանի էր դերասանների խաղը, որ զգում էիր նրանց ծանր հոգեապրումները ու մի պահ մոռանում էիր, որ թատրոնում ես, այս ամենը իրական չէ։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը ևս այս ընթացքում մեկ անգամ այցելեց Գյումրի՝ դիտելու «Միզերին»։ Փոխնախարարի համար այն որակյալ ներկայացում լինելուց բացի, մայրաքաղաքային ու համայնքային թատրոնների համագործակցության փայլուն օրինակ է։

«Չկա ավելի վատ բան, քան կայուն կենցաղը դերասանական, չկա ավելի վատ բան, քան թատրոնի ներփակվածությունը։ Եվ այս ազատ համագործակցությունն այլ ուժերի, այլ ռեսուրսների հետ վստահ եմ՝ հարստացնում է թե՛ թատրոնի խաղացանկը, թե՛ դերասաններին, որոնք գործ կունենան տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ։

Ես շարունակում եմ զարմանալ այն վարպետությամբ, որով Գոռ Մարգարյանն աշխատում է դերասանների հետ, ամենաբարդ բանը դերասաններին աշխատեցնելը, դերասաններին բացահայտելն է։ Փայլուն դերասանական կատարում է՝ հետաքրքիր սյուժեով, մենք սրա ֆիլմ ենք դիտել ամերիկյան, ծանոթ ենք բնականաբար բովանդակությանը, սյուժեին։ Երևույթը ողջունելի է և՛ որպես համագործակցություն, և՛ որպես մասնագիտական դրսևորում», -նման կարծիք ունի Արա Խզմալյանը։

Ըստ փոխնախարարի, Գյումրու թատրոնն ամենօրինակելիներից է, հանրապետության լավագույն թատերական կառույցներից է ՝ իր ակտիվությամբ, խաղացանկով, իր չընդմիջվող վերընթացով, հետևաբար և պետությունը իր ռեսուրսներն ուղղել է ամենաարդյունավետ աշխատող թատրոններին։ Մի քանի նախագծեր ֆինանսավորել են, մյուս տարի էլ շարունակվելու է, պայմանավորվածություն ունեն մի քանի այլ նախագծերի շուրջ։

Փոլ Շելդոնին մարմնավորող Արսեն Սաղաթելյանի կարծիքով էլ, ներկայացումն ամեն մեկը հասկանում է յուրովի, արձագանքները՝ շատ են։

«Անհամեստ լինեմ ու ասեմ, որ հանդիսատեսի մեծ մասը տպավորված է, որովհետև ռեժիսորն այնպիսի միջավայր ու նոր լուծումներ է գտել, այնպիսի ֆիլմային մատուցում գտել, որ մեր հանդիսականի համար հետաքրքիր է, նորույթ է», -ասում է Արսեն Սաղաթելյանը։

Նա նաև նշում է, որ փոքր բեմում, հանդիսատեսից ոչ մեծ հեռավորության վրա խաղալը իր սիրած ձևաչափն է , ինքը փոքր բեմերի կողմնակիցն է, ցանկացած ժեստ ու էմոցիա շատ ավելի տեսանելի է, քանի մեծ բեմերում։ Հանդիսատեսը, ըստ նրա, մոտիկից է տեսնում դերասանի ժեստիկուլյացիան, միմիկաները, քան մեծ հեռավորությունից։

«Սթիվեն Քինգը «Միզերին» գրելիս ի նկատի է ունեցել տվյալ ժամանակաշրջանի ամերիկյան այն գրողերին, որոնք հենց այսպիսին դարձնում են հասարակությանը։ Վեպում խոսվում է այն մասին, որ հենց նմանատիպ վատ որակի գրողներն են, որոնք փչացնում են ամերիկյան հասարակությանը, սարքում են հիվանդ, հոգեկան, շեղված։ Այդ շեշտադրումը կարելի է տեսնել ներկայացման մեջ։

Գոռին՝ ռեժիսորին, երբ մի անգամ հարցրեցին՝ ո՞րն է ներկայացման ասելիքը, ասաց՝ ես ինչ-որ բան բերմադրելիս, բեմադրում են սիրով, այն դրայվով, այն հավեսով, որն ինձ դուր է գալիս, ասելիքն ամեն մարդ ինքը կհասկանա, ինքը կընկալի՝ ինչ է ուզում տեսնել այդտեղ։

Խոսվում է նաև այն հիվանդագին սիրո մասին, որը բնականաբար չպիտի լինի հասարակության և առհասարակ մարդկության մեջ, նման կերպ սիրել, նման կերպ չարչարել, և հետո արդարանալ՝ դա անմնացորդ սիրուց է բխում, ոչ մեկին չպիտի արդարացնել։ Ասելիքներից մեկը նաև սա էր», -ասում է Արսեն Սաղաթելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930