«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչպես գիտեք, Հայաստանում ամենաշատ քաղբանտարկյալներ դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը (հայտնի է «Մացո» մականունով) քիչ առաջ ԲԴԽ-ի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը, հանդիսանալով ԲԴԽ կողմից կազմակերպվող հակակոռուպցիոն դատարանների դատավորների մրցույթի ազգային փորձագետ, բացասական եզրակացություն էր տվել Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը:
Ավելին, Հակակոռուպցիոն դատավորի թեկնածուներից Մնացական Մարտիրոսյանը միակն էր, ում բարեվարքության մասին թե՜ մեր ներկայացուցիչը և թե՜ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն: Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը բացասական էր գնահատվել նաև ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոի կողմից:
Կարդացեք նաև
Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը:
Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդյունքում Հայաստանի Հանրապետությանը նաև պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաև բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին և խաթարել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ։
Եվ հիմա Մնացական մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատությու՞ն իրականացնի: Ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին:
ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետևանքներ, որոնք այժմ քննարկում ենք գործընկեր-կազմակերպությունների հետ»: