«Եռաբլուրում» 2022թ.-ի սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված եւ քրեական վարույթով տուժող ճանաչված մի քանի տասնյակ զոհված զինծառայողների ծնողներ այսօր քննչական կոմիտեի դիմաց էին` ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանից բացատրություններ պահանջելու, թե ինչու մինչեւ այս պահը չկան պատասխանատվության ենթարկվածներ, սակայն ՔԿ-ում չհամաձայնեցին ծնողներին ընդունել ԶԼՄ-ների ներկայությամբ եւ հորդորեցին հարցադրումները հղել գրավոր՝ փաստաբանի միջոցով։
Լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը հիշեցրեց, որ այդ վայրագությունից հետո հինգ ծնողներ մարմնական վնասվածքներ էին ստացել, 37-ը՝ տուժող ճանաչվել․ «Քսան հոգու հարցաքննության կանչելուց հետո ասել են, թե մյուս ծնողներին չեն կարողանում գտնել։ Փաստորեն, քսան հոգու հարցաքննելուց հետո դա դադարել է։ Երկու ամիս ձգձգվում է։ Եթե քսան հոգու հարցաքննել են, ապա թող նրանց ցուցմունքների հիման վրա գործ հարուցեն։ Գոնե հինգ ծնողի մասով թող մեղադրանք առաջադրեն, բայց մեր տեղեկություններով՝ մինչեւ օրս որեւէ ոստիկան չի հարցաքննվել։ Ինչո՞ւ են այսքան ձգում։ Աբսուրդ է, որ ասում են, թե մի կողմին ամբողջությամբ պետք է հարցաքննեն, հետո անցնեն մյուս կողմին։ Ամբողջը կադրերով կա, մենք էլ ենք տեսանյութեր տվել, բայց միտում ենք տեսնում, որ ձգձգում են։ Կանանց քարշ տալով տարածների հանդեպ առնվազն մեղադրանք պետք է լիներ։ Երեւի մի երկու ոստիկանի որպես քավության նոխազ կհեռացնեն՝ ցույց տալու համար, որ ինչ-որ բան են անում, բայց քանի դեռ սրանք իշխանություն են, մենք լուրջ բաներ չենք ակնկալում։ Ոստիկանապետը չի տվել մեզ բերման ենթարկելու հրաման, այլ ավելի բարձր՝ վարչապետի մակարդակով է սա կազմակերպվել։ Թող ոստիկանության պետին հարցաքննեն»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այն փաստին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննության շրջանակում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է, Արա Ռոստոմյանն ընդգծեց՝ ծնողները չեն հավատում․ «Գոնե մենք պետք է հեռվից տեսնեինք, որ նա գալիս է քննչական կոմիտե։ Մենք 40-50 հարց էինք հղել, որ իրեն տան։ Տարօրինակ է, որ մեր փաստաբանին ասել են, թե չեն կարող ասել՝ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե ոչ, սակայն օրեր անց «Ազատություն»-ը հայտարարում է, որ հարցաքննել են։ Բլեֆ է»։
44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը եւս տուժել էր ոստիկանների գործողություններից, իր հերթին նշեց․ «Այս գործը հնարավոր չի լինելու փակել։ Բոլորը տեսել են ինչ է կատարվել»։ Ապա Գայանե Հակոբյանը պատասխանեց այն մեկնաբանություններին, թե սեպտեմբերի 21-ին պետական արարողակարգ էր, վարչապետն էր գալու, եւ ճանապարհը պետք է բաց լիներ․ «Լինի պետական, սեփական թե տնական․․․քաշքշելով, անարգելով տարել են ընկած տղերքի ծնողներին, եւ նման ձեւով որեւէ արարողակարգ կորցնում է իր իմաստը։ Թող սովորական մարդիկ մտածեն սրա ուղղությամբ։ Զոհվածի ծնողներին անարգելո՞վ են արարողակարգ անում։ Ցանկացած գիտակից մարդ դա կհասկանա»։
44-օրյա պատերազմում անմահացած Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանն էլ շեշտեց՝ «Եռաբլուրը» մեծացել է Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, դրա համար նա չպետք է մտնի այնտեղ․ «Նա ու բոլորը պատասխան են տալու դրա համար։ Նա իրավունք չունի «Եռաբլուրում» լինելու։ Մենք միշտ այնտեղ ենք լինելու։
Մենք հասնելու ենք դրան եւ այնքան ենք գնալու-գալու, որ հասկանան՝ այդպես չի կարելի։ Մենք համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն է տվել այդ հրահանգը։ Այն, որ մեր երեխաները «Եռաբլուրում» են, դրա հրահանգն էլ է նա տվել։ Քանի ինքը կա, մենք էլ ենք լինելու։ Թող հասկանա, որ մեզ այդքան հեշտ չեն կոտրելու։ Չկա կոտրվելու բան»։
Գայանե Հակոբյանն էլ հավելեց․ «Խոսքս ուղղում եմ Նիկոլին ու Աննային․ բոլոր հատուկ օրերին, որ կուզեք արարողակարգ անեք, իմացեք, որ սպասելու ենք այնտեղ ու ձեզ դիմավորելու ենք ամենավատ ձեւով։ Մարդ ու կին մտցրեք սա ձեր ուղեղը»։
44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանն էլ ասաց․ «Մեզ քաշքշելն ու վնասելը պարզ նկարահանված է։ Դրանից այն կողմ էլ ի՞նչ ապացույց են ուզում, որ այսքան ձգում են գործը։
Ասում են, թե կարմիր բերետավորներին նույնականացնելը բարդ է։ Երբ ամուսինս գեներալի հագուստից քաշել էր, հաջորդ օրը 06:45-ին մեր դուռը թակել էին։ Այսինքն, մեզ քաշքշածներին այսքան ժամանակ չեն կարողանում նույնականացնել, հայոց հա՞րց է»։
Ավելի ուշ, ՔԿ-ում կարճ ժամանակով լինելուց ու պարզաբանումներ լսելուց հետո Արա Ռոստոմյանը հայտնեց՝ փաստորեն, երկու ամսում չեն կարողացել գտնել իրենց քաշքշած կարմիր բերետավորներին, մինչդեռ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը կան․ «Որեւէ ոստիկանի չեն կանչել հարցաքննելու։ Չեն ճշտել նաեւ՝ մեզ բերման ենթարկելու գրավոր հրաման եղե՞լ է»։
Ծնողները հայտարարեցին՝ երեք օր են տալիս քննչական կոմիտեին, որ ոստիկաններին հարցաքննեն՝ առնվազն այն վեց հոգուն, որոնք բռնության գործադրմամբ բերման են ենթարկել մայրերին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ