Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իմ բջջայինի լուսանկարները նայենք, դրանց 99%-ը ենթակա է հրապարակման եթե ոչ Facebook-ում, ապա Instagram-ում». Խաժակյանը՝ լրտեսական ծրագրով գաղտնալսման զոհ դառնալու մասին

Նոյեմբեր 21,2022 19:15

Հայաստանում «Pegasus» լրտեսական ծրագրի կիրառման զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիրներ, այլ նաեւ իշխանական պաշտոնյաներ ու լրագրողներ:

Նրանց մի մասն այդ մասին իմացան օրերս՝ Apple-ի կողմից եկած ծանուցումներից: Նրանց թվում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հետեւել է Apple-ը ծանուցման մեջ նշված ցուցումներին ու միջոցներ է ձեռնարկել. «Հիմնականում կապված է օպերացիոն համակարգի թարմացման հետ, մի շարք ֆունկցիաներ, որոնք բջջայինն ունի հատուկ այդ դեպքերի համար նախատեսված ու որը Apple-ը վերջերս է իր հաճախորդներն տրամադրել: Դրանք արեցի՝ կարծելով, որ խոսքը այդ պահին կիբերհարձակման մասին է: Հետո պարզ դարձավ, որ դա կարող է ավելի վաղ ժամանակահատվածում եղած լինել: Ես մեծ կասկածով էի վերաբերվում դրան, որովհետեւ միշտ հետեւել եմ անվտանգությանը թե՛ բջջայինով, թե՛ առհասարակ, տեղեկատվության անվտանգության նկատմամբ չափազանց զգուշավոր եմ եղել: Բայց հետո ավելի մանրամասն ուսումնասիրելով՝ հասկացա, որ մեծ հաշվով բջջային հեռախոս օգտագործողը կանխելու շատ միջոցներ չունի: Կան կանխարգելող միջոցներ, որոնք Pegasus-ի դեպքում ինչ-որ դերակատարում կարող են ունենալ, բայց դա այնքան զարգացած ծրագիր է, որ կարող է պարզապես առանց օգտատիրոջ որեւէ գործողության այդ վարակումն անել»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ ազգային անվտանգության խնդիր կա, դուք կարո՞ղ եք հիշել, թե այդ ժամանակահատվածում ի՞նչ ինֆորմացիա է մուտք արվել ձեր հեռախոս եւ դրանք ինչքանո՞վ կարող են սպառնալ մեր երկրի անվտանգությանը, նաեւ ձեր անձնական անվտանգությանը՝ Խաժակյանը պատասխանեց. «Ես կարեւոր հաղորդագրություններն առհասարակ չեմ պահպանում որեւէ տեղ եւ եթե օրինակ իմ բջջայինի լուսանկարները նայենք, դրանց 99%-ը ենթակա է հրապարակման, եթե ոչ Facebook-ում, ապա Instagram-ում: Բայց կարեւոր են այդ պահին եղած տվյալները հեռախոսի մեջ, կամ հաղորդագրություն, զրույցներ, խոսակցություններ, որոնք այդ պահին տեղի կունենան, երբ բջջայինը արդեն վարակված է:

Դժվար է հիշել, թե ինչ խոսակցություններ, քննարկումներ եմ ունեցել հեռախոսով, բայց օգտվել եմ պաշտպանված կապերից՝ ենթադրելով, թե դրանք չեն գաղտնալսվում: Չեմ կարծում, որ խոսքը գնում է այնպիսի տեղեկությունների մասին, որոնք կարող են մեկին վնաս պատճառել՝ հաշվի առնելով, որ առհասարակ զգուշավոր եմ հեռախոսով նման խոսակցություն ունենալիս: Բայց մեծ դիսկոմֆորտ է առաջացնում այն, որ դա ցանկացած պահի կարող է կրկնվել ու դու դրա մասին կիմանաս շատ ավելի ուշ»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ այս անգամ լրտեսական այդ ծրագրի զոհ են դարձել ոչ միայն ընդդիմադիրներ, այլ նաեւ իշխանական պատգամավորներ, լրագրողներ, դուք ունե՞ք վարկածներ, թե ի՞նչը կարող էր մղել ձեզ գաղտնալսել, ինչո՞ւ են հենց ձեզ ընտրել՝ որպես թիրախ՝ Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Կդժվարանամ ասել, ամբողջ պատկերը չունեմ ովքեր են թիրախավորվել, հույս ունեմ, որ ինչ-որ պահի մարդիկ դրա մասին բարձրաձայն կխոսեն, բայց կարող եմ ասել, որ իսրայելական NSO Group-ը, որը Pegasus-ն արտադրում է, այն վաճառում է պետությունների հատուկ ծառայություններին ու դժվար թե դա որեւէ մասնավոր կազմակերպության ձեռքին կարող է ընկնել: Բայց եթե նայենք բոլոր այն զեկույցները, որոնք կան Pegasus-ի հետ կապված ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհով մեկ, կտեսնենք, որ այդ գործիքը չարաշահվում է: Կառավարությունները դրանք օգտագործում են արտաքին հետախուզության նպատակներով, օրինակ, Ադրբեջանը»:

Հարցին՝ երբ ստացաք ծանուցումը, որ հարձակման եք ենթարկվել, ինչքանո՞վ փոխվեց ձեր վարքագիծը, արդեն սկսեցիք հեռախոսով կոդավորվա՞ծ խոսել, ասենք՝ «արծիվ՝ բազեին» սկզբունքով՝ Խաժակյանը պատասխանեց. «Ոչ: Ես հիմնականում միշտ հեռախոսը համարել եմ ոչ ապահով միջոց: Թեպետ կարծել եմ, որ մեսինջերները, որն օգտագործում են շատերը, ավելի պաշտպանված են, քան բաց հեռախոսակապը: Իմ փոխանակած տեղեկատվության մեջ ինձ, կամ դիմացինին վնասող բան չկա: Դա կարող է լինել քաղաքական բնույթի քննարկում, կամ արտաքին քաղաքական նրբերանգներ կարող են լինել, այնտեղ որեւէ գաղտնիք պարունակող, քրեական բնույթի բան չկար, դրա համար շատ հանգիստ ընդունեցի»:

Խաժակյանը հույս ունի, որ շուտով Android-ը նույնպես կհետեւի Apple-ի օրինակին ու կտեղայնացնի լրտեսական ծրագրերից քիչ թե շատ պաշտպանող համակարգը, բայց ամենալավ պաշտպանությունը, ըստ նրա, զգուշավորությունն է՝ տեղեկատվություն փոխանակելիս:

Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերին աղմուկ բարձրացավ, երբ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այդ ծրագրի միջոցով թիրախավորվել ու գաղտնալսել են ոչ միայն իր, այլ նաեւ իր մերձավոր շրջապատի, ընտանիքի անդամների հեռախոսները: Այնուհետեւ կասկածներ եղան, որ ողջ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտոնյանն են եղել թիրախավորված: Հայտնվեցին նորանոր զոհեր՝  Դավիթ Սանասարյանը, իմքայլական պատգամավորներ, ՀՀ նախագահ, այն ժամանակ ԲՏԱ  նախարար Վահագն Խաչատուրյանը եւ այլք:

Խաժակյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930