Հայաստանում «Pegasus» լրտեսական ծրագրի կիրառման զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիրներ, այլ նաեւ իշխանական պաշտոնյաներ ու լրագրողներ:
Նրանց մի մասն այդ մասին իմացան օրերս՝ Apple-ի կողմից եկած ծանուցումներից: Մինչ այդ՝ 2021-ի նոյեմբերին աղմուկ բարձրացավ, երբ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այդ ծրագրի միջոցով թիրախավորվել ու գաղտնալսել են ոչ միայն իր, այլ նաեւ իր մերձավոր շրջապատի, ընտանիքի անդամների հեռախոսները: Այնուհետեւ կասկածներ եղան, որ ողջ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի պաշտոնյաներն են եղել թիրախավորված: Հայտնվեցին նորանոր զոհեր՝ Դավիթ Սանասարյանը, իմքայլական պատգամավորներ, ՀՀ նախագահ, այն ժամանակ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը եւ այլք: Թե հիմա պաշտոնյաների ինչ շրջանակ է դարձել զոհ լրտեսական ծրագրի, փորձեցինք պարզել՝ զրուցելով մեդիա եւ կիբերանվտանգության փորձագետ Արթուր Պապյանի հետ:
Նրա խոսքով՝ չնայած հրապարակային դրա մասին խոսում են ընդդիմադիրները, սակայն իրենք տվյալներ ունեն, որ մի քանի անգամ ավելի մեծ թվով պետական պաշտոնյաներ են զոհ եղել այդ ծրագրի: Ընդ որում, խոսքը Apple-ից օգտվողների մասին է, մինչդեռ Pegasus-ը վարակում է նաեւ Android համակարգերը, որոնց օգտատերերը որեւէ ծանուցում չեն ստանում: Այսինքն, կարելի է ենթադրել, որ առնվազն այդքան էլ Android-ի վարակման դեպքերը կարող են լինել ու ոչինչ չիմանանք. «Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի ազգային անվտանգության համար: Դա մտահոգիչ է: Մեր ունեցած տեղեկություններով՝ շուրջ 3 տասնյակ մարդիկ են թիրախավորվել ու նրանց մեջ մեծ թիվ են կազմում պետական պաշտոնյաները, ընդ որում՝ պաշտոնյաներ, որոնք բավական կարեւոր տեղեկատվության են տիրապետում Հայաստանի տարբեր ոլորտների մասին: Նրանց կազմը կարող է երկու եզրակացության բերել, առաջինը՝ սա լրտեսություն է, որն արվում է, օրինակ, Ադրբեջանի կողմից, եւ կամ կարող է դա լինել ներքին՝ մեր ԱԱԾ-ի կողմից: Չնայած մի քիչ անտրամաբանական է, թե ինչու պիտի մեր ԱԱԾ-ն, ունենալով ավելի լայն հնարավորություններ, հետեւելու այլ միջոցներ, դիմեր նման թանկարժեք լրտեսական ծրագրի օգնությանը: Դրա համար դա կարող է լինել մեկ այլ օտար պետություն: Ամեն դեպքում, սա մեծագույն մարտահրավեր է Հայաստանի համար ու պետք է ամենայն լրջությամբ ընդունվի: Pegasus կիբերլրտեսական գործիքը հնարավորություն է տալիս շատ տեղեկություններ ունենալ՝ մարդը որտեղ է գտնվել, ինչ է մուտքագրել հեռախոսում, ինչ կայքեր է բացել, ինչ մեյլեր կարդացել եւ այլն: Դա կարող է ծայրաստիճան վտանգավոր լինել Հայաստանի համար»:
Մենք տեղյակ ենք միայն ընդդիմադիրների թիրախավորման մասին, նրանք են ահազանգում, արծարծում խնդիրը, իսկ իշխանականները լռում են, թե ինչո՞ւ՝ Պապյանն ասաց. «Նախ, այս անգամ 3 լրագրող էլ ենք գտել, սակայն լրագրողները նպատակահարմար չեն համարում դրա մասին խոսել, որովհետեւ դա կարող է մտահոգել, օրինակ, իրենց պոտենցիալ աղբյուրներին, նրանց հետ զրույցներում որոշակի խնդիրներ առաջացնի: Այս նույն գործոնը դեր է խաղում նաեւ պետական պաշտոնյաների դեպքում: Նրանք ահազանգում, են, հարցնում են, թե ինչպես կարելի է պաշտպանվել, ինչ-որ քայլեր են ձեռնարկում, սակայն կարող են նպատակահարմար չհամարեն դրա մասին խոսել, բայց հավատացնում եմ, որ անհանգստացած են եւ քայլեր ձեռնարկում են»:
Կարդացեք նաև
Pegasus-ը բավականին թանկ հաճույք է ու հաշվի առնելով թիրախավորված անձանց մեծ քանակը, անտրամաբանական չէ՞ր լինի, եթե դա աներ ՀՀ ԱԱԾ-ն՝ Արթուր Պապյանը պատասխանեց. «Փաստ չունենք, չգիտենք ով է, դրա համար ոչ մեկին չենք կարող բացառել: Բայց բավական անտրամաբանական կլիներ ԱԱԾ-ի կողմից պետական պաշտոնյաներին գաղտնալսելը: Ընդդիմադիրների դեպքում՝ գուցե, իսկ պաշտոնյաների դեպքում կարող են աշխատավայրում կապը ստուգել, WiFi-ի ցանցը ստուգել, ինչների՞ն է պետք մի հատ էլ լրտեսական ծրագիր վարձել: Մյուս կողմից մենք լսել ենք, որ Հայաստանում Predator ծրագրի հետքեր են հայտնաբերվել: Դա մի փոքր ավելի էժան ծրագիր է՝ մակեդոնական ընկերության կողմից արտադրվող ու գարնան ցույցերի ժամանակ ահազանգեր ենք լսել, որ Predator ծրագրով Telegram-ի միջոցով փորձել են վարակել ընդդիմադիրներին: Այդ իսկ ինֆորմացիայից դատելով՝ կարծում եմ, եթե մեր ԱԱԾ-ն նույնիսկ օգտագործում է, Predator-ն է օգտագործում: Իսկ Pegasus-ը ավելի շատ ադրբեջանցիներն են օգտագործում՝ Իսրայելի հետ իրենց ջերմ կապերով: Շատ տրամաբանական է, որ Pegasus-ը հենց իրենք են օգտագործել»:
Հարցին՝ մեր հանրությունը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները, որոնք պետական, ռազմական գաղտնիքի կրող են, տեխնիկայի առումով անգրագիտություն ունեն, վստա՞հ եք, որ երբ Apple-ից ստանում են զգուշացումը, որ լրտեսական ծագրի զոհ են, գիտեն, թե ինչ գործողությունների պետք է դիմեն՝ թարմացնեն հեռախոսի համակարգը, կամ, ասենք, տները ծախեն, գնան Ամերիկա, ի՞նչ քայլեր պետք է անեն՝ Արթուր Պապյանը պատասխանեց. «Կարծում եմ, շատ շատերը տեխնիկապես բավական գրագետ են ու այն փաստերը, որ մեզ հետ զրույցներում տեսնում ենք, որ թարմացրած են հեռախոսները, update-ները, ավելորդ հղումների չեն սեղմում, ցույց է տալիս, որ մարդիկ իրականում մտահոգված են ու գիտեն ինչպես վարվել»։
Բացի այդ, Pegasus-ը այնպիսի վեկտորներով հարձակումեր է անում, որ Apple-ը դեռ չի կարողացել փակել: Հայտնի է, որ Apple-ը դատի է տվել Pegasus արտադրող NSO Group-ին: Վերջինս վստահեցնում է, որ այդ լրտեսական ծրագիրն արտադրում է՝ իբր թե ահաբեկիչներ հայտնաբերելու համար. «Իր փաթեթավորումն այդպիսին է, բայց մենք տեսնում ենք ակնհայտ լրտեսական կիրառումներ ու այդտեղ է, որ խնդիրներ կան: Մեր ԱԳՆ-ն գործ ունի անելու, կարծում եմ, պետական մակարդակով պետք է Իսրայելին տեղեկացնի: Իսրայելն այնպիսի պետություն է, որ կարող է իրականում նման կոմերցիոն ընկերությունների վրա ազդել այդ հարցում: Կարող է ԱԳՆ-ն պահանջել, որ NSO Group-ը դադարեցնի իր կիբերզենքի վաճառքը լրտեսական նկատառումներով ու վաճառի միայն այն պատճառով, ինչը լեգիտիմ է: Գուցե ահաբեկիչներ գտնելու, մանկական պոռնոգրաֆիայի, թմրամիջոցների դեմ պայքարի հարցում դա արդարացված է: Բայց Ադրբեջանը մեծապես դա կիրառում է իր երկրի ներսում իր ընդդիմադիրների, լրագրողների դեմ, նաեւ միջպետական մակարդակով իր գործառույթներում: Այս պահին Եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ գործ է նախապատրաստվում՝ իր ընդդիմադիրների կողմից ու դա այդ նույն հարձակումների շարանի մի մասն է: Ձեռք են բերել գործիքը, կիրառում են ներքին ընդդիմադիրների, Հայաստանի իշխանությունների դեմ ու ես չեմ բացառում, որ դա կիրառում են նաեւ այլ երկրներում՝ Վրաստանում, Իրանում, ՌԴ-ում, այսինքն, իրենց շահերի ոլորտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ