«Եռաբլուրում» 2022թ.-ի սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ոստիկանների կողմից բռնության ենթարկված եւ քրեական վարույթով տուժող ճանաչված մի քանի տասնյակ զոհված զինծառայողների ծնողներ այսօր քննչական կոմիտեի դիմաց էին` ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանից բացատրություններ պահանջելու, թե ինչու մինչեւ այս պահը չկան պատասխանատվության ենթարկվածներ։
44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանը լրագրողներին տեղեկացրեց` ՔԿ-ում չեն համաձայնել իրենց պահանջին` քննարկումն իրականացնել ԶԼՄ-ների ներկայությամբ, եւ ծնողները սրանում միտում են տեսնում։
«Կարծում եմ` սա ինչ-որ մեկի պատվերն է։ Վարչության պետ Իվանյանի հետ խոսեցինք։ Մեր փաստաբանը պետք է գրավոր ներկայացնի հարցերը, իսկ քննչական կոմիտեն 3 օրում պատասխանի։ Մենք չցանկացանք առանց լրագրողների ընդունեն, դա ի՞նչ կլիներ։ Պետք է պատասխանեն, թե այս ընթացքում ինչ են արել, ո՞ւմ են ձերբակալել»,-հավելեց Վիգեն Ազատյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ