Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իհարկե, տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, բայց կարող ենք որոշակի ամփոփում անել». վարչապետին ներկայացվել է ֆինանսների նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը

Նոյեմբեր 21,2022 17:59

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

«Հարգելի գործընկերներ, ինչպես պայմանավորվել ենք, մենք ըստ նախարարությունների սկսում ենք 2022 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և սկսում ենք Ֆինանսների նախարարությունից: Իհարկե, տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, բայց կարծում ենք, որ նաև Ֆինանսների նախարարության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարող ենք արվածի որոշակի ամփոփում անել», – քննարկման սկզբում ասել է վարչապետը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել ՖՆ տեղակալներին և գլխավոր քարտուղարին:

Փոխնախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցել է բյուջետային համակարգի բարելավման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. գույքագրվել են առկա ռազմավարական փաստաթղթերը, քարտեզագրվել է դրանցով սահմանված քաղաքականության շրջանակը: Բյուջեի պլանավորման գործընթացում ուշադրության կենտրոնում է եղել ՄԺԾԾ գործընթացը, մշակվել են բյուջետային ծրագրերի գնահատման հայեցակարգը և ուղեցույցը, իրականացվել է մի քանի բյուջետային ծրագրի պիլոտային գնահատում, վերանայվել է գնահատման մեթոդաբանությունը։ Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՄԺԾԾ և տարեկան բյուջետային հայտերի ներկայացման մեթոդական ցուցումների լրամշակում, գործընթացների պարզեցում, բյուջետային ծրագրերի ներդաշնակեցում, ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության՝ որպես մոնիթորինգի և գնահատման ստորաբաժանման կայացում, մասնակցային բյուջետավորման ներդրում և այլն: Միջազգային համագործակցության ոլորտում՝ իրականացվել են 200 մլն ԱՄՆ դոլար և 150 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության 4 վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ, 49.1 մլն եվրո ծավալով 2 վարկային համաձայնագրի կնքման աշխատանքներ ՀԲ հետ, փորձի փոխանակման նպատակով կայացել են ՖՆ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր ՌԴ, Վրաստան, Իրան և այլն:

Փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում աշխատանք է տարվել հարկային եկամուտների կանխատեսման ու ներուժի գնահատման, ռոյալթիի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Կառավարության նիստում հաստատվել և Ազգային ժողով է ներկայացվել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: ԱԺ քննարկմանն է ներկայացվել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կատարելագործման օրենսդրական փաթեթը, քայլեր են ձեռնարկվել կառուցապատման պատասխանատու կազմակերպման իրավական հիմքերի ամրապնդման, խաղային ոլորտի հարկման համակարգի վերանայման, աուդիտորական ծառայությունների որակի բարելավման, հաշվապահության ու աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության խորհրդի ձևավորման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է հարկման այլընտրանքային համակարգերի վերանայում, աուդիտորական կազմակերպությունների ստուգումների կազմակերպում՝ անկախ փորձագետների ներգրավմամբ և այլն:

Փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության և պարտքի կայունության բնագավառում իրականացված միջոցառումները. բարելավվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության և կանխատեսումների գործիքակազմը, շարունակվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, իրականացվել է և նախատեսվում է շարունակել դրամային պարտքի կշռի հավասարակշռված և սահուն ընդլայնում, ներդրվել է «Կայունացման հաշվի» կառավարման համակարգը, որը թույլ կտա աջակցել հարկաբյուջետային քաղաքականության կայուն իրականացմանը, հակազդել տնտեսական շոկերին: Առաջիկա ծրագրերի շարքում կիրականացվեն հարկային եկամուտների կանխատեսման և պարտքի կառավարման համակարգերի բարելավման ծրագրեր:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է գնումների քաղաքականությանը և ֆիսկալ ռիսկերի կառավարմանը: Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես, բողոքարկման համակարգը տեղափոխվել է դատարան, սահմանվել է արտակարգ իրավիճակներում շինարարական աշխատանքների նոր գործընթաց, բարեփոխվել են մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 270 մասնագետ, օպտիմալացվել են թվային համակարգի բիզնես գործընթացները, կանխատեսելիության նպատակով ընդունվել է գնումների համակարգի զարգացման տեսլականը ձևավորող հայեցակարգ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, շինարարության ռիսկերի կառավարում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն էլ զեկուցել է, որ կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել են մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություններ, գույքագրվել են ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի բիզնես գործընթացները, կազմակերպվել են արտագնա դասընթացներ և քննարկումներ: Առաջիկա ծրագրերի շրջանակում շարունակվելու են գործառույթների օպտիմալացմանն ու թվայնացմանը, աշխատակազմի կոմպետենցիաների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքները և ՖՆ ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել մի շարք թեմաների ու բարեփոխումների վրա:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ և նշել, որ ծրագրերի արդյունավետության համար կարևոր է համայնքային բյուջեների ձևավորման գործընթացը: Վարչապետի խոսքով՝ այն պետք է լինի հստակ պատկերացնելի, հաշվարկելի, և անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցությամբ շարունակաբար բարձրացնել այս գործընթացի ինստիտուցիոնալացվածության մակարդակը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագրային բյուջետավորման մեխանիզմի կատարելագործումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հարկաբյուջետային քաղաքականության մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը և հանձնարարել պատշաճ հանրային իրազեկում իրականացնել: Վարչապետը նշել է, որ հասցեական հանրային հաղորդակցությունը կնպաստի Կառավարություն-հանրություն կապի ամրապնդմանը և հարկային քաղաքականության հաշվետվողականության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է զեկուցված մյուս թեմաներին ևս՝ պետական պարտքի կառավարում, վարկային ծրագրերի արդյունավետություն, հարկային եկամուտներ, գնումների գործընթաց, մասնագիտական կարողությունների զարգացում, և այլն և հետագա անելիքների մասով հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930