Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը ամեն շաբաթ 20-30 աղջկա տանում են «Մարշալ Բաղրամյան» հրաձգարան, պիկնիկի». Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 21,2022 16:46

«Ալիեւը սպառնում է, որ հիմա նոր պատերազմ է սկսում, ՀՀ իշխանության պատասխան գործողությունն այն է, որ մինչեւ 30 տարեկան մի քանի աղջիկների տարել են պիկնիկ՝ հրաձգարան. մի 20-30 աղջիկ շաբաթ օրերը նստում են, գնում են ՊՆ-ի «Մարշալ Բաղրամյան» հրաձգարան, ամեն մեկին 10 հատ փամփուշտ են տալիս, կրակում են, նստում ճաշարանում հաց են ուտում, գալիս են Երեւան: Եվ այդ արարողությանը մասնակցում են երկրի պաշտպանության նախարարը, ԶՈՒ ԳՇ պետը, այն ԳՇ պետը, որը ընդունել է, որ իր կին զինվորականին ադրբեջանցիները մասնատել են»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով աշխարհում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ ՀՀ իշխանությունների պահվածքին: Բանախոսը ցավով է ընդգծում, որ այս խայտառակությունը դարձել է մեր սովորական իրականությունը, քանի որ պետություն չունենք:

Էդգար Ղազարյան

Պետություն չունենալու համատեքստում, բանախոսն անդրադարձավ նաեւ Լարսի անցակետում արդեն 30 օր մնացած հայկական բեռնատարների խնդրին: «Խնդիրը ոչ միայն այն է, որ մարդիկ վատ պայմաններում մնացել են անպաշտպան, այլ նաեւ այն, որ տնտեսվարողները միլիոնավոր դրամների վնասներ են կրում. մարդիկ գումար են ներդրել, ապրանք են առել, աշխատողներին աշխատավարձ են վճարել, ապրանքը մնացել է ճանապարհին մի քանի օր, հետո եթե հասնեն էլ արդեն հարց է՝ այդ ապրանքը հնարավոր կլինի՞ վաճառել, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, մի քանի օր առաջ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրուցում խոստովանեց, որ խնդիրը կա, որ հարցը լուծել դեռ չի հաջողվում ու իրենք դեռ բանակցությունների մեջ են:

Էդգար Ղազարյանը նկատեց, որ գյուղատնտեսությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը, իսկ Հայաստանում գյուղատնտեսությունը կործանվում է, քանի որ մարդիկ արդեն իսկ հրաժարվում են գյուղատնտեսական հողերից, անգամ խաղողի բերքը շատերն այսօր չեն հավաքել՝ սպառման խնդիր կա: Բանախոսն ահազանգում՝ գարնանը նաեւ Հայաստանում ոռոգման ջրի խնդիր է լինելու, քանի որ բոլոր ռազմավարական բարձունքները, որոնք նաեւ ապահովում էին ոռոգման ջրի հոսքը, հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ: Այս իրավիճակում, Վրաստանում ՀՀ դեսպանի այցը Հունգարիա, որի հետ Հայաստանը սառեցված հարաբերություններ ունի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո, առնվազն անհասկանալի է համարում, մինչդեռ նրա հիմնական աշխատանքը պետք է լիներ Լարսում մնացած վարորդների հարցերով զբաղվելը: Նա տարօրինակ է համարում, որ դեսպանի այցը ՀՀ ԱԳՆ-ն էլ այն պաշտոնական հաղորդագրությամբ է ներկայացնում:

Էդգար Ղազարյանը տարակուսած է, որ տնտեսվարողները լուռ են եւ չեն պահանջում, որպեսզի պետությունն իր պարտավորությունները կատարի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930