Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամբողջ աղետի հիմքում հենց քաղաքականությունն է, դավաճանական, աղետաբեր քաղաքականությունն է. Կարինե Նալչաջյան

Նոյեմբեր 21,2022 16:31

Բոլոր հարցերի պատասխանները գտնելու համար մենք պետք է վերադառնանք չարաբաստիկ 2018 թվական և հասկանանք, որ մեզ հետ իրականացվել է շատ լավ մտածված, շատ կոնկրետ տեղեկատվական, հոգեբանական գործողություն, օպերացիա, ինչը նախապատրաստված է եղել վաղուց: Մենք հիմա այս իրականության մեջ ենք, ինչը նաև դեռ անընդհատ շարունակվում է, քարոզչությունը իրադրական ձևով շարունակվում է: Այսօր «Հայելի» ակումբում, այսպես գնահատեց այսօրվա իրավիճակը հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը:

«Իսկապես ամենավտանգավոր, բայց և կյանքի պոտենցիալ ունեցող ստերեոտիպերից են «մի քաղաքականացրեք» կամ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունները, այսինքն` մարդկանց մոտ կարծրատիպ կա, թե քաղաքականությունը լավ բան չէ: Ես հիմա հիշեցի, որ կործանարար պատերազմից հետո զոհերի ծնողներին ներշնչել էին, երբ ինչ որ մեկը մի խոսք էր ասում՝ անմիջապես վրա էին տալիս, թե մի քաղաքականացրեք և շատերը՝ զոհվածների ծնողները, հարազատները խորշում էին, երբ որևէ քննադատական խոսք էր հնչում: Բայց մենք շատ լավ գիտենք, որ այս ամբողջ աղետի հիմքում հենց քաղաքականությունն է, դավաճանական, աղետաբեր քաղաքականությունն է»,-ասաց նա:

Կարինե Նալչաջյանն անդրադարձավ նաև այն խնդրին, թե ինչու ժողովուրդը չի արձագանքում այս իրավիճակին: «Մի՞թե համատարած ցավագին համակերպման մեջ ենք, արդյոք սա ցավագին համակերպում է, կարծեք, թե ամեն ինչ խաղաղ է, ովքեր որ հասկանում են, ակտիվ են, ուզում են ինչ որ բան փոխել, վրդովված են և նույնիսկ կան պիտակավորումներ, մեղադրանքներ այն հատվածի նկատմամբ, որը որ պասիվ է: Ես ուզում եմ հասկանանք, թե երբ մարդը չի փոխում վարքը: Փաստորեն մենք ունենք հասարակության մի ստվար շերտ, որը իր վարքը չի փոխում: Ինչո՞ւ ընդդիմության այդ ջանքերը չկարողացան փոխել հասարակության վարքը, նույնիսկ նրանց, ովքեր որ շատ դժգոհ են, միևնույն է մնացին տանը և չմիացան ընդդիմության պայքարին, չակտիվացան ու չցանկացան իրենց ձեռքով մի բան փոխել, ազատվել աղետից, նաև վերահաս աղետից: Չեկան մարդիկ»:

Նա փորձեց բացատրել, թե ինչ է ասում հոգեբանությունը, երբ մարդը չի փոխում իր վարքը, եթե նույնիսկ արդեն բախվել է նոր իրականության հետ, որը քեզ հուշում է, որ արժե փոխել վարքը: «Մի դեպքում մարդը վարքը չի փոխում, որովհետև կամ սպասվող նոր իրականությունը իր մեջ ինչ որ տհաճություններ է պարունակելու, այսինքն՝ «ավելի լավ է ես այս վիճակում մնամ, չէ որ իմ ինչ որ պահանջմունքներ բավարարվում են», օրինակ` այդ խմբին են պատկանում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, ադմինիստրացիան, ոստիկանությունը և այլն: Շատերը հասկանում են ինչ աղետաբեր վիճակում են, մարդիկ կան մտածում են, որ փողոց դուրս գան՝ աշխատանքից կազատվեն, այսինքն` իրենց ինչ որ փոքրիկ պահանջմունք բավարարվում է, դրա համար փողոց դուրս չեն գալիս: Այն գիտակցումը, թե վտանգը հասել է Երևան՝ չկա, թե չէ դուրս կգային: Մտածողությունը համակարգային չէ, եթե այդպիսին լինի, ուրեմն բոլորը կմասնակցեն բողոքի ակցիաներին»,-ասաց հոգեբանը:

Նրա մեկնաբանությամբ, եսակենտրոնությունը սկսեց աշխատել այսպես՝ «սպասեք տեսնենք մեզ հետ ինչ է լինում», նրանք հասկանում են վտանգը, բայց տվյալ պահին իրենք այլ ելք չեն տեսնում և զբաղված են միայն իրենց փոքրիկ «եսիկը» պահպանելով, այնինչ օրինաչափությունը ցույց է տալիս, որ այդ փոքրիկ «ես»-ը հնարավոր չէ պահպանել, եթե այդ «մենքը», ավելի ընդլայնված պաշտպանված չէ, որովհետև մենք դրա մասնիկներն ենք:

Կարինե Նալչաջյանի գնահատմամբ, մեկ այլ դեպքում մարդիկ վարքը փոխում են, երբ այդ իրավիճակը ավելի տհաճ է, կամ այնպիսի կորուստներ են ունենում, որ իրենց համար մեծ արժեք է: «Ստացվում է, այս կորուստները, աղետալի վիճակները իրենց համար այդքան էլ մեծ արժեք չէ, որ իրենց վարքը փոխեն: Եվս մի իրավիճակ, երբ մարդը ի վիճակի չէ իր վարքը փոխել, օրինակ՝ դիրքորոշումների կայունություն, եթե ես մի բանի մասնակցել եմ, դուրս գամ ստացվում է՝ դուրս եմ գալիս ինքս իմ դեմ, ստացվում է ինքը հանցակից է: Երբ ուղիղ ասվում է. դուք հանցակից եք, գործում է ինքնապաշտպանական ռեակցիան և նրանք չեն ընդունում դա: Մարդիկ մի տեսակ խեղճացած են և ինչքան քննադատում ենք, այնքան ինքնագնահատականը իջեցնում ենք, ինչքան ինքնագնահատականը իջեցված է, այնքան պայքարի ջիղը նվազում է: Այս վիճակում գտնվողները նույնիսկ կորցրել են իրականությունը ճիշտ գնահատելու ունակությունը, օրինակ` Փաշինյանի այն խոսքը, երբ ասաց, որ կունենային նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի, նույն այդ մարդիկ այլ կերպ են հասկանում ու ասում են, «չէ, Նիկոլը դա նկատի չուներ»: Մարդկանց արթնացնելու այս զինանոցն արդեն սպառված է, պետք է բացել մյուս զինանոցի դռները»,-ամփոփեց Կարինե Նալչաջյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Կարինե Նալչաջյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930