Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է որոշ ռեկտորներ նախկինում ստացած կոչումն այս պահին չստանային»․ ԲՈԿ նախագահ

Նոյեմբեր 21,2022 15:14

«Այս տարվա սկզբին գիտական կոչումների կարգն է հաստատվել, փոփոխությունները եւ երկիմաստ դրույթները հանվել են»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը՝ անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին։ Նրա խոսքով, եթե Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքն ընդունվի, կոչումները մի քանի տարուց այլեւս չեն տրվի․ «Դրա համար այդտեղ ֆունդամենտալ փոփոխություններ չենք արել, բայց բոլոր բացթողումները հնարավորինս փորձել ենք վերացնել»։

ԲՈԿ նախագահի խոսքով, համաձայնագիր է կնքվել ռուսական կողմի հետ՝ գրագողությունը բացահայտելու ծրագրի ներդրման եւ օգտագործման հետ կապված, այս պահին աշխատանքներ են տարվում Ղրղըզստանի եւ Ղազախստանի համանման կառույցների հետ համաձայնագրեր ստորագրելու ուղղությամբ, ինչը կնպաստի տարբեր երկրների փորձի փոխանակմանը եւ համագործակցությանը։

«Տարեսկզբին ձեւավորել ենք մասնագիտական խորհուրդները, նաեւ թեմա հաստատող կազմակերպությունների ցանկն ենք վերանայում։ Դրանք գործողություններ են, որոնք վերջին անգամ 3 կամ 5 տարի առաջ էին արվել:

Կարեն Քեռյանն անդրադառնալով գիտական կոչումների կարգը փոխելուն՝ մի քանի օրինակ բերեց․«Գիտական կոչում ստանալու համար մանկավարժական ծանրաբեռնվածությունը հստակ դրված չէր, մինչդեռ ենթադրվում է, որ գոնե 0,25 ծանրաբեռնվածություն պետք է լինի։ Հիմա հստակ ամրագրվել է, որ 150 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն պետք է լինի․․․Նաեւ շատ սողանցքներ կային, օրինակ` պրոֆեսորի կոչման կարող էին արժանանալ մի դեպքում շատ մեծ գիտամանկավարժական ստաժ ունեցողները, մեկ այլ դեպքում՝ 30 տարվա ստաժը անհրաժեշտ չէր։ Հիմա ամրագրված է, որ 25 տարվա ստաժ պետք է ունենա թեկնածուն․․․Մի խոսքով, պահանջները խստացվել են․․․Կարող է որոշ բուհերի ռեկտորներ նախկինում ստացած կոչումն այս պահին չստանային, եթե կարգերն ավելի շուտ փոխված լինեին»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալել այս փոփոխություններից, Կարեն Քեռյանը պատասխանեց․«Այս պահին պետք է հասկանալ, որ այդ բոլոր փոփոխություններն արվել են ժամանակավոր, գալիք երկու տարվա համար՝ ընդամենը երկիմաստ որոշումներից խուսափելու, սողանցքները փակելու համար։ Եվ եթե հանկարծ այնպես պատահի, որ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին ՀՀ օրենքը որոշ ժամանակով էլի հետաձգվի, այն ժամանակ հարկ կլինի որակական փոփոխություններ էլ կատարել գիտական կոչումների կարգում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930