2020թ․ պատերազմում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքների անդամներն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվեցին կառավարություն՝ բարձրաձայնելու, որ իրենց որդիների ճակատագիրը մինչեւ հիմա հայտնի չէ, որ պատերազմում գերեվարվածները դեռեւս չեն վերադարձել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը չեն կատարվում։ Պաստառների վրա խնդրանք էր գրված նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնել վերադարձնել իրենց որդիներին։
Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշիի բնակիչ Վլադիմիր Հարությունյանի (լուսանկարում) որդին անհետ կորած է համարվում, բայց ծնողի տվյալներով՝ նա գերի է, որովհետեւ տեսնող է եղել, թե ինչպես են ադրբեջանցիները նրան Հադրութում վիրավոր վիճակում տանում։ «Կարծում էինք՝ սպանված է, բայց հետո տեսնող է եղել, թե ինչպես են տանում։ Հոկտեմբերին վերջին անգամ ենք խոսել։ Հաջորդ օրը մարտ է եղել։ Ալիեւը ցինիկի պես ասում է, թե գերիներ չկան, մեր տղաների վրա կեղծ քրեական գործեր են հարուցում։ Կարմիր խաչն առայժմ անզոր է»,-լրագրողներին ասաց ծնողը։
Վլադիմիր Հարությունյանը նշեց, որ գերիների վերադարձի առնչությամբ ՀՀ իշխանությունների աշխատանքը բավարար չի գնահատում․ «Նրանց անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում։ Երկու տարի երկու ամիս է անցել։ Կառավարությունը ոչ մի բան չի անում, գցում է ԱԱԾ-ի եւ ՊՆ-ի վրա, նրանք էլ՝ մյուս ցածր կառույցների»։
Հիշեցմանն ի պատասխան, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե մեր գերիները Բաքվի բանտերում երկու ամիս ավելի գտնվելը մեզ կներեն, հայրը հարցադրում արեց․ «Իսկ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է։ 1990թ․ «Օղակ» գործողության ժամանակ Քարինտակ գյուղից դուրս գալուց հետո ինձ քսան օր պահեցին Շուշիում։ Ամեն օրը մի տարվա պես է։ Մեր տղաները երբեք չեն ների։ Նրանք հարց կտային Փաշինյանին՝ ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ