«Ոսկե ձայներ» երգի միջազգային մրցույթի տարբեր անվանակարգերում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները գրավել են առաջին հորիզոնականը և արժանացել Գրան պրի մրցանակի: Մրցույթին մասնակցում էին 20-ից ավելի երկրներ, և այն արդեն երրորդ անգամն էր անցկացվում Հայաստանում:
Կենտրոնի տնօրեն Կ. Դավթյանը եղել է մրցույթի ժյուրիի անդամ: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ ժյուրիի կազմում եղել են բոլոր երկրներից ներկայացուցիչներ, և նրանցից յուրաքանչյուրն իր երկրի մասնակցի օգտին քվեարկելու իրավունք չի ունեցել:
Անդրադառնալով համալսարանականների ելույթներից ժյուրիի ստացած տպավորություններին՝ Կ. Դավթյանը նշեց. «Բոլորն անչափ տպավորված էին Գայանեի և Միքայելի կատարումներից: Ժյուրիի անդամներին հատկապես հիացրել էին Միքայելի հրաշալի ձայնը և արտիստիզմը, իսկ Գայանեն այնքան հրաշալի երգեց իր հեղինակած բարդ երգը, որ բոլորին թվաց, թե նա Կոնսերվատորիայի՝ դասական վոկալի բաժինն է ավարտել»:
Միջազգային մրցույթի հաղթողներ Գայանեն և Միքայելը մեզ հետ զրույցում ընդգծեցին, որ մրցույթին մասնակցելու որոշման հարցում մեծ դերակատարում է ունեցել ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Կարդացեք նաև
Գայանե Թադևոսյանը, կարևորելով ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դերը իր հաղթանակի ձեռքբերման գործում, նշեց. «Իմ ստեղծագործական ամբողջ կյանքն անցել է մշակույթի կենտրոնում, և, կարելի է ասել, բոլորս ԵՊՀ-ի շնորհիվ ենք դարձել այն, ինչ կանք այսօր: Թեև այժմ աշխատում եմ իմ մասնագիտությամբ և բոլորովին այլ ոլորտում, բայց դեռևս շարունակում եմ մասնակցել մշակութային միջոցառումների, որովհետև առանց երգի ապրելն ինձ համար անիմաստ է»:
Մրցույթի ժամանակ Գայանեն ներկայացրել է «Ես կգամ» երգը, որը «Լավագույն հեղինակային երգ» անվանակարգի հաղթողն է եղել:
«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հաղթած Միքայել Նշանյանը հիշեցրեց, որ, մասնակցելով «Բալթիկ վոյս» մրցույթին, գրավել էր 1-ին տեղը, ապա հավելեց, որ այս մրցույթում ներկայացրել է իր և Կ. Դավթյանի ընտրած երգը: Միքայելը առանձնակի կարևորեց նաև այն, որ երգն ընտրելիս պետք է հաշվի առնել ձայնի և ոճի համապատասխանությունը:
Նշենք, որ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները տարիներ շարունակ մասնակցում են հանրապետական, միջազգային, միջբուհական և բազմաթիվ այլ մրցույթների և ամենուրեք բարձր են պահում Երևանի պետական համալսարանի անունն ու պատիվը:
ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն