JAMnews. Նոյեմբերի 18-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական խնդրանքով (հարցախույզի կարգով) հրավիրվել է խորհրդարան։
Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ Ղարիբաշվիլիին կանչել էին՝ Վրաստանին ներկայացված 12 հանձնարարականների կատարման ընթացքի մասին տեղեկություններ ստանալու համար։ Վրաստանը կստանա՞ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, թե՞ ոչ՝ կախված է դրանց կատարումից։
Մի քանի մեջբերում Ղարիբաշվիլիի ելույթից.
Ապաբևեռացման մասին
Կարդացեք նաև
«Եվրամիության 12 առաջարկություններից առաջինը ապաբևեռացումն է։ Այսինքն՝ եվրոպացի առաջնորդները, ընկերները, ձեզ (ընդդիմադիրներին) ասում են՝ վերջ տվեք ձեր ամոթալի հռետորաբանությանն ու սեփական երկրի հանդեպ թշնամանքի դրսևորմանը։ Ի՞նչ եք անում՝ առանց այն էլ բևեռացված միջավայրը գոնե թուլացնելու համար»։
Ընդդիմության մասին
- Դուք չար եք, զայրույթով և նախանձով լի, ինչը սարսափելի է։
- Ուզում եմ ձեզ հարց տալ՝ հասկանո՞ւմ եք, թե ում եք ծառայում: Այսքան թուլացած, կոռումպացված, դեգրադացված ընդդիմություն ես 10 տարի չէի տեսել։
- Միակ փրկությունը, ընդդիմության հարգելի ներկայացուցիչներ, ծաղրածու Խաբեիշվիլիին [ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության անդամ Լևան Խաբեիշվիլին ներկուսակցական ընտրություններում հավակնում է նախագահի պաշտոնին — JAMnews] նախագահ ընտրելն է։ Դա մեծ մարտահրավեր է, բայց դա է ձեր փրկությունը:
- Մենք տեսանք, թե ինչպես է ապակառուցողական ընդդիմությունը արմատական ձևով և արտահայտություններով հարձակվում եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի վրա, ինչպես է ընդդիմությունը վիրավորում դրական ուղերձ հղող մարդուն։ Էլ ի՞նչ ապացույցներ են պետք հասարակությանը: Նման մարդկանց պետք չեն ոչ երկրի հաջողությունները, ոչ նրա դրական գնահատականները։
- Ինչպե՞ս եք համարձակվում, Ադեիշվիլիի [Զուրաբ Ադեիշվիլին գլխավոր դատախազ է եղել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք]՝ ստեղծողներից մեկը այդ տգեղ, բռնապետական համակարգի, որը սպանում, բռնաբարում ու խոշտանգում էր մարդկանց։ Երկրում ընդհանրապես չկար մասնավոր սեփականության հայեցակարգ, պարոն Կեզերաշվիլի [Դավիթ Կեզերաշվիլի- Վրաստանի պաշտպանության նախկին նախարար], ձեր հիմնական ֆորմալ կամ ոչ ֆորմալ կառավարիչը, օլիգարխը սկզբում թալանում էր բանակը, բիզնեսը, իսկ հիմա՝ եվրոպացի թոշակառուներին, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս գալ այստեղ և հարձակվել: Սա ուղղակի սաբոտաժ է։ Սա դավադրություն է, և մենք խոսեցինք այդ մասին»:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
- Օգոստոսյան պատերազմից հետո Սաակաշվիլին անձամբ է սահմանին դիմավորել ռուս զբոսաշրջիկների ու աղաչել նրանց, որ ներս մտնեն, իսկ Մերաբիշվիլին [Իվանե Մերաբիշվիլի՝ Վրաստանի նախկին վարչապետ] ասել է. «Ի՞նչ է եղել, ռուսական փողերից վատ հոտ չի գալիս»։ Դրանից հետո ո՞վ իրավունք ունի խոսել պատժամիջոցների մասին։
Վրաստանը պատերազմի մեջ «ներքաշելու» մասին
- Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները ուղղակիորեն ասել են. «Վրաստանի ներկայիս կառավարությունը պատրաստ չէ պատերազմի, բայց եթե Սաակաշվիլին լիներ իշխանության, պատերազմ կլիներ»: Էլ ի՞նչ ապացույցի կարիք ունեք:
- Նրանք [ընդդիմությունը] խնդրեցին ինձ պատրաստել չարթերային ինքնաթիռներ և այստեղից կամավորներ ուղարկել [Ուկրաինա] կռվելու։ Դրա համար պետությունը պետք է թույլտվություն տար։ Դա մեզ ուղղակիորեն պատերազմի մեջ ներքաշելու փորձ էր, արված այն հաշվարկով, որ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա:
- Եթե այդ մարդիկ [«Ազգային շարժումը»] լինեին այսօր իշխանության… մեր երկիրը մարտադաշտի կվերածեին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: