Լրահոս
Օրվա լրահոսը

Տխրություն, թե՞ դեպրեսիա․ ինչպես տարբերակել այս հոգեվիճակները

Նոյեմբեր 21,2022 09:32

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Եղիշե Չարենց

Ո՞րն է տխրության ու դեպրեսիայի տարբերությունը․ եթե փորձենք պատկերավոր պատասխան գտնել այս հարցին, ապա տխրությունը հաճախ այն «լուսավոր թախիծն» է, որին հաջորդում է պայծառ լուսաբացը, իսկ դեպրեսիան այն «սև խոռոչն» է, որից այն կողմ դժվար է պատկերացնել, թե ինչ կա։ Իհարկե, եթե դու Ֆրանց Կաֆկան, Ջեկ Լոնդոնը կամ Վիրջինիա Վուլֆն* ես, կարող ես դեպրեսիայից «քամել» ստեղծագործական մեծ էներգիա, սակայն մնացած դեպքերում ցանկալի է հնարավորինս շուտ ախտորոշել այդ հոգեվիճակն ու փորձել ազատվել դրանից։

Ինչ է դեպրեսիան

Դեպրեսիան տրամադրության շեղումներով ուղեկցվող հոգեբանական վիճակ է, որը կարող է լուրջ խնդրի վերածվել։ Դեպրեսիան կարող է դրսևորվել ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական ախտանշաններով, որոնք ազդում են մարդու զգացմունքների, մտքերի ու վարքի, անգամ անձնական հարաբերությունների վրա։ Մարդը տխրում է, դառնում ինքնամփոփ՝ կորցնելով հետաքրքրությունը կյանքի կամ այն գործունեության նկատմամբ, որից նախկինում հաճույք էր ստանում։

Շատ կարևոր է տարբերակել դեպրեսիան տխրությունից։ Յուրաքանչյուր մարդ կարող է թախիծ ու տխրություն զգալ ժամանակ առ ժամանակ՝ արձագանքելով կենսական ամենատարբեր իրավիճակներին։ Նորմալ է տխրություն զգալը սիրելի մարդուն կորցնելիս, հիասթափվելիս կամ պարզապես հիշողություններին տրվելիս։ Բոլորովին բնական է նաև երբեմն մենակ մնալու ցանկությունը, որը մարդուն վերականգնվելու, մտքերն ու ուժերը հավաքելու հնարավորություն է տալիս։ Եվ այս առումով կարևոր է իմանալը, որ վատ տրամադրությունը դեպրեսիա չէ, քանի դեռ այդ հոգեվիճակը ժամանակի ընթացքում փոփոխվում է՝ դառնալով ավելի դրական, կենսահաստատ։

Ի տարբերություն տխրության կամ վատ տրամադրության, դեպրեսիան մշտական, այլ ոչ թե պատահական վիճակ է, երբ տխության, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի զգացումը տևական բնույթ է կրում, և որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։

Դեպրեսիան շատ հաճախ ենթադրում է խուսափում գործունեություն ծավալելուց․ դեպրեսիա ունեցող մարդը սովորաբար չի կարողանում նորմալ կենսագործունեություն վարել, ինչն ազդում է նրա աշխատանքի, անձնային ու  հարաբերությունների վրա։

Դեպրեսիայի ընդհանուր ախտանշանները

Եթե ձեր կամ ձեր մտերիմի մոտ 2 և ավելի շաբաթ շարունակ նկատվում են հետևյալ ախտանշանները, ապա դրանք կարող են հուշել դեպրեսիայի մասին։

Տխրություն․ Մարդը կարող է տևական ժամանակ անհուսության, տխրության, դատարկության զգացում ունենալ, հաճախ լաց լինել, զգալ իրեն ավելորդ, մեղավոր, ափսոսալ անցյալի մեղքերի համար։

Անգեդոնիա․ Անգեդոնիան կլինիկական դեպրեսիայի հաճախակի կրկնվող ախտանշաններից է, երբ կորչում է հաճույք ստանալու ունակությունը, և մարդուն այլևս դուր չի գալիս այն ամենն, ինչ նախկինում հաճելի էր՝ հոբբին, ֆիլմերը, մարդկանց հետ շփումը և այլն։

Քնի խանգարումներ․ Այդ վիճակը կարող է անքնության հետ կապված խնդիրներ առաջացնել, կամ ընդհակառակը՝ քնկոտություն, անկողնուց դուրս չգալու ցանկություն։

Էներգիայի պակաս․ Մարդը կարող է հոգնածություն ու թուլություն զգալ, լինել դանդաղկոտ ինչպես շարժվելիս, այնպես էլ խոսելիս ու արձագանքելիս։

Քաշի հետ կապված խնդիրներ․ Կարող է նկատվել ախորժակի կորուստ և քաշի նվազում, կամ ընդհակառակը՝ անընդհատ ուտելու ցանկություն և համապատասխանաբար՝ քաշի ավելացում:

Ցավային զգացողություններ․ Կարող են առաջանալ ցավային զգացողություններ, օրինակ՝ մեջքի ցավ կամ գլխացավ, որոնք ֆիզիկական պատճառներ չունեն։ Դեպրեսիան կարող է դրսևորվել նաև մկանային ջղակծկումներով կամ ստամոքսի խանգարումով։

Անտարբերություն սեփական անձի նկատմամբ․ Կարող է կորչել սեփական անձի մասին հոգ տանելու ցանկությունը, մարդը կարող է  անտարբեր դառնալ իր արտաքին տեսքի նկատմամբ։

Բարկություն․ Դեպրեսիայի ախտանշաններից է հաճախակի զայրանալը, վիրավորվելը, նեղացկոտությունը կամ աննշան թեմաների շուրջ վեճի բռնվելը։

Մտավոր խնդիրներ․ Հնարավոր են մտածողության ու հիշողության հետ կապված խնդիրները, ուշադրությունը կենտրոնացնելու և որոշումներ կայացնելու հետ կապված դժվարությունները։

Սուիցիդալ մտքեր․ Երբեմն դեպրեսիան ուղեկցվում է ինքնասպանության կամ մահանալու ցանկության մասին կպչուն մտքերով։

Նշված ախտանշանները դեպրեսիա ունեցող մարդու մոտ կարող են թեթև կամ էլ ավելի ծանր արտահայտվել և կյանքի տարբեր փուլերում տարբեր դրսևորումներ ունենալ։

Երեխաների մոտ դա կարող է արտահայտվել դպրոց գնալու ցանկության կորստով, ցածր առաջադիմությամբ։

Դեպրեսիա ունեցող դեռահասները նույնպես կարող են խուսափել դպրոցից, լինել չափազանց զգացմունքային, ունենալ ցածր ինքնագնահատական, մշտապես ուտել ու քնել։ Նրանք կարող են փորձարկել ոգելից խմիչքներ կամ անգամ փորձել ինքնավնասում կատարել և այլն։

Տարեց մարդկանց շրջանում դեպրեսիան կարող է և չբացահայտվել, քանի որ հիվանդության ախտանշանները հաճախ են շփոթում ծերության նշանների հետ։ Նրանք կարող են մշտապես մնալ տանն ու խուսափել մարդկանց հետ շփումից, կորցնել ախորժակը, ունենալ քնի ու հիշողության հետ կապված խնդիրներ կամ ցավեր, որոնք որևէ հիվանդության հետ կապված չեն։

Շատ կարևոր է հիշել, որ դեպրեսիան պետք չէ թերագնահատել, այլ պետք է բուժել՝ դիմելով հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և բժշկի օգնությանը, քանի որ մարդու մոտ դեպրեսիա ախտորոշելուց առաջ նախ պետք է բացառել վերոհիշյալ ախտանշանների բժշկական պատճառները, օրինակ՝ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից

*Հիշյալ գրողները նույնպես տառապել են դեպրեսիայով։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930