Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հիշեք, որ ձեւի մշտական փոփոխությունները դրանք գործիք են

Նոյեմբեր 21,2022 13:30

«Մարդն արժեքավոր է, երբ իր գործողությունները համընկնում են խոսքերի հետ». Օսկար Ուայլդ

Միշտ մտածում էի, որ մարդը, երբ ընտրում է մասնագիտություն, ընդունվում է աշխատանքի եւ աշխատում է տարիներով նույն աշխատավայրում՝ մինչեւ չուղարկեն թոշակի: Բայց ժամանակները փոխվել են, եւ մենք կկարողանանք գոյատեւել այն ժամանակ, երբ կարողանանք անընդհատ փոփոխվել, սովորել, ձեռք բերել նոր հմտություններ, նոր ընկերներ, նոր միջավայր: Մարդն իր բնույթով, ի թիվս այլ որակների, տարբերվում է նաեւ նրանով, որ անընդհատ փոփոխվում է: Մենք չենք կարող արտահայտել մեր զգացմունքները, եթե դրանց չտանք որոշակի ձեւ: Դա կլինի նորաձեւությունը, ոճը: Մենք մշտապես փոխում ենք մեր ձեւը, որը ժառանգաբար ստացել ենք, եւ այդ փոփոխությունները կյանքի ազդակն են: Իրոք, այն, ինչ չի փոխվում, մենք ասոցացնում ենք մահվան հետ եւ վերացնում այն:

Իշխանության գալիս են շատ հաճախ նրանք, որոնք երիտասարդ տարիներին ունեցել են ստեղծագործական մեծ ներուժ, եւ մարդիկ իշխանություն են պարգեւում նրան` ձգտելով նորի բացահայտմանը եւ գնահատելով դա: Իշխանությունն աճում է այնքան ժամանակ, քանի դեռ ունակ է լինում փոփոխվել, այսինքն` անընդհատ փոփոխվելով, այն միշտ մնում է անկանխատեսելի: Չինաստանում վարպետները մշտապես թաքցնում էին իրենց ունակությունները, թվալով անբացատրելի, դրանով իրենց ճանապարհները եւ հետագա քայլերը մնում էին գաղտնի: Նույն կերպ սպորտում է: Մարզիկները հաղթանակ են տանում այն ժամանակ, երբ կարողանում են թաքցնել իրենց հետագա գործողությունները:

Հոգեբանական ամենակարեւոր պահը ոչինչ սրտին մոտ չընդունելն է: Երբ հակառակորդը տեսնի, որ ձեզ որեւէ բանով ցավեցնում է, հարվածները կդառնան հաճախակի: Հրեա գերմանաբնակ բարոն Ջեյմս Ռոտշիլդը գտնում էր, որ դեմքը պետք է ոչինչ չարտահայտի, չպետք է մատնի տվյալ անձնավորության հոգեվիճակը: Ռոտշիլդը հասարակության մեջ լավ տեղափորվում էր, բայց երբեք չէր բացահայտում իր իրական նպատակները` դրանով իսկ իր տեղը գտնելով հասարակության շրջանում: Հիշեք, որ ձեւի մշտական փոփոխությունները դրանք գործիք են: Դուք դրանից օգտվում եք, ոչ թե ներդաշնակության հասնելու համար, այլ սեփական իշխանությունը հաստատելու համար:

Միշտ ձգտեք, որ այն անձը, ով ղեկավար է, իրեն հարմարավետ զգա վերեւում: Ձգտելով նրան դուր գալ եւ ցույց տալ ձեր իսկ ունակությունները, դուք դրանով հակառակ արդյունքի կհասնեք: Ղեկավարը վախ եւ անինքնավստահություն կզգա: Ստիպեք ձեր պետին իրեն գերազանց թվա եւ դրանով իսկ կհասնեք իշխանության գագաթին: Ընկերներին անվերապահ մի ընդունեք, հավատացեք, ընկերը մի օր ավելի շուտ կդավաճանի եւ կբամբասի, քան թշնամին: Թշնամին ավելի լոյալ կլինի, քանի որ ունի ապացուցելու կարիք: Պատահական չէ, որ Բալտազար Գրացիանը (1601-1658) ասել է. «Իմաստունն իր թշնամիներից ավելի շատ կշահի, քան հիմարն իր ընկերներից»: Միշտ ավելի քիչ խոսիր, քան պետք է: Ցանկանալով տպավորություն թողնել ձեր ելույթներով, հիշեք, որ ինչքան շատ խոսեք, այնքան կդառնաք սովորական եւ իրական ուժ չունեցող: Նույնիսկ անհեթեթություն ասելիս դուք արտասովոր կթվաք, եթե միտքը կիսատ թողնեք եւ խորհրդավորություն արտահայտեք խոսքին: Ինչքան շատ խոսեք, այնքան հավանական է, որ հիմարություն կասեք:

Շատ կարեւոր է հեղինակությունը, պահպանեք դա կյանքի գնով: Հեղինակությունն իշխանության հիմնաքարն է: Հեղինակության շնորհիիվ դուք կարող եք վախ ներշնչել եւ հաղթել: Բավական է հեղինակությունը սասանվի, երբ կտեսնեք, որ բոլոր կողմերից հարձակվում են: Ձեր հեղինակությունը պահեք անսասան: Սովորեք շարքից հանել թշնամիներին` նրանց հեղինակության բացերը գտնելով, այնուհետեւ մի կողմ քաշվեք եւ թողեք հասարակությունը գնահատի նրանց:

Ցանկացած գնով ուշադրություն գրավեք: Առանձնացեք, աչքի ընկեք, ձգեք ձեզ ինչպես մագնիս, թվացեք ավելի խորհրդավոր, գունավոր, հետաքրքիր, քան միջավայրի մարդիկ: Առաջին տպավորությունն ստեղծվում է արտաքինի միջոցով: Հետեւեք ձեր կազմվածքին, հագնվածքին, սանրվածքին:

Օգտագործեք այլ անձանց խելքը, միտքը եւ շուրջը պտտվելը, սեփական գործերն առաջ տանելու համար: Ձեր օգնականները կմոռացվեն, բայց դուք եւ ձեր գործերը կհիշվեն: Երբեք ինքներդ մի արեք մի բան, որը ձեր փոխարեն կարող են կատարել ուրիշները: Միշտ ձգտեք մարդկանց դեպի ձեզ ձգել, գրավել, անգամ հակառակորդներին` դրա համար անգամ խայծ օգտագործելով: Հաղթանակի հասեք ձեր գործողություններով, այլ ոչ թե փաստարկներով: Ավելի արդյունավետ է եւ ձեր հետ ավելի հեշտ կհամաձայնեն, եթե ցույց տաք ձեր գործողություններով, այլ ոչ թե բացատրեք: Խուսափիր տխուր եւ անհաջողակ մարդկանցից: Այլ անձանց անհաջողությունները ձեզ համար կործանիչ կարող են լինել:

Հուզական վիճակը նույնքան վարակիչ է, որքան հիվանդությունը: Աշխատեք շփվել երջանիկ եւ հաջողակ մարդկանց հետ: Փորձիր ստիպել մարդկանց քեզնից կախված լինել: Անկախ լինելու համար, միշտ փորձեք լինել անհրաժեշտ, օգտակար: Ինչքան շատ են ձեզ հենվում, այնքան ազատ եք դուք: Հասեք նրան, որ մարդկանց երջանկությունը եւ բարգավաճումը ձեզնից կախված լինի: Նրանց այնքան չսովորեցնեք, որ կարողանան առանց ձեզ յոլա գնալ:

Ազնիվ եւ առատաձեռն եղեք ձեր զոհին զինաթափելու համար: Մեկ ազնիվ եւ առատաձեռն քայլը կարող է զինաթափել անգամ ամենակասկածամիտ հակառակորդին:

Խաղա ընկերոջ դեր, բայց գործիր ինչպես գործակալ: Շատ կարեւոր է ճանաչել հակառակորդին: Ինչպես ասում են՝ ով տեղեկացված է, նա զինված է:

Վարվեք իսկական պալատականի պես: Իսկական պալատականը ծաղկում է այնտեղ, որտեղ ամեն ինչ պտտվում է իշխանության եւ քաղաքական հմտության շուրջ: Նա հաճոյախոսում է, զիջում է եւ պնդում է իր իշխանությունը ճկուն ձեւով:

Մի կառուցիր ամրոցներ քեզ պաշտպանելու համար, ինքնամեկուսացումը լավ բան չէ: Ավելի լավ է մարդկանց մեջ լինել եւ գտնել համախոհներ: Հակառակորդներից պաշտպանվեք մարդկանցով:

Իմացիր, ում հետ գործ ունես, ամեն մեկին մի վիրավորի: Նրանց եթե վիրավորես, մինչեւ կյանքի վերջ վրեժխնդիր կլինեն, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել, թե դիմացինդ ով է եւ ինչպես կարձագանքի վիրավորանքին: Ոչ մեկին մի վստահիր, բացի քեզանից: Մի կաշկանդեք ձեզ պարտավորություններով: Պահպանելով անկախություն՝ դուք կկարողանաք իշխել: Բաժանելով մարդկանց՝ կստիպեք հետեւել ձեզ: Միամիտ ձեւացիր պարզամիտին խաբելու համար: Ոչ մեկը չի ուզում հիմար երեւալ, սակայն գաղտնիքն այն է, որ ձեր զոհին ներշնչեք, որ ինքը ձեզնից ավելի խելացի է: Հավատալով դրան, նա երբեք չի սպասի, չի հավատա ձեր ակնկալիքներին:

Ամփոփելով՝ ասեմ, որ հասարակության մեջ շատ երեւալը հոգնեցնում է: Ամենահետաքրքիր բանն էլ, երբ շատ է լինում, ձանձրացնում է: Երբեմն բացակայեք, որ ձեզ գնահատեն եւ զգան ձեր բացակայությունը: Արժեք ստեղծեք՝ ստեղծելով պահանջարկ:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930