Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Խորհրդանշական է, որ ունեցվածքից փրկվել է միայն հորս ակորդեոնը»

Նոյեմբեր 21,2022 12:30

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեեւը՝ընտանիքի եւ կարիերայի մասին

Չորս տարի անց հայաստանցի հանդիսատեսին դարձյալ առիթ է ընձեռված հանդիպելու աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեեւին եւ նրա ղեկավարած Ռուսաստանի Պ. Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբին։ Նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա երկու ծրագրով. նոյեմբերի 18-ին՝ Լիստի եւ Ռիմսկի-Կորսակովի, 19-ին՝ Ռախմանինովի եւ Չայկովսկու ստեղծագործությունները։ Համերգները կղեկավարի Թոմաս Զանբերլինգը, որպես մենակատարներ հանդես կգան ճանաչում ձեռք բերած երիտասարդ արվեստագետներ, քույր եւ եղբայր՝ դաշնակահար Ադամ Գուցերինը եւ թավջութակահար Դալի Գուցերիեւան։ Իսկ նոյեմբերի 16-ին նույն համերգասրահում մաեստրո Ֆեդոսեեւը ղեկավարեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հնչեցին Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան եւ Դաշնամուրի կոնցերտը։ Մենակատարն էր ճանաչված դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։


90-ամյա Վլադիմիր Ֆեդոսեեւի անունը այսօր էլ շարունակում է կապվել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, այդ թվում՝ Տոկիոյի ֆիլհարմոնիկի, Բեռլինի սիմֆոնիկի, Ֆրանսիայի ազգային ֆիլհարմոնիկի, Բավարիայի ռադիոյի… 1974-ից մինչ օրս Չայկովսկու անվանպետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը 1997-2004թթ. հանդիսացել է նաեւ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Բազմազբաղ արվեստագետը, բացի նվագախմբերից, տասնամյակներ շարունակ համագործակցում է նաեւ հեղինակավոր օպերային եւ բալետային թատրոնների հետ։ Ըստ արեւմտյան մամուլի՝ դիրիժորի վերջին շրջանի գլուխգործոցներից են Լա Սկալայում նրա ղեկավարությամբ Չայկովսկու «Շչելկունչիկ» եւ «Քնած գեղեցկուհին» բալետները։ Ռուսաստանյան մամուլն էլ տարբեր առիթներով հիշատակում է 2017թ. Ֆեդոսեեւի ղեկավարությամբ Մոսկվայի Հելիկոն-օպերայում Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի պրեմիերան։

Մաեստրոն «Առավոտի» հետ կարճատեւ զրույցը սկսեց Լենինգրադի բլոկադայի մասին հուշերով. «Զրկված եմ եղել մանկությունից։ Նստել եմ տանը ու ոչ մի տեղ դուրս չեմ եկել։ Դպրոցները չէին ջեռուցվում, եթե նույնիսկ պայմաններ էլ լինեին, անհնար էր դուրս գալ, վտանգավոր էր։ Սարսափելի ժամանակ էր… Այդ ամենը դեռ աչքիս առաջ է։ Թե ինչպես մենք ողջ մնացինք, դժվար է ասել։ Աստված օգնեց։ Մինչ պատերազմը ապրում էինք Լենինգրադի ծայրամասում, այգի ունեինք, հայրիկս ծաղիկներ էր աճեցնում։ Այդ այգում մենք ապաստարան կառուցեցինք։

Սկզբում վախենում էինք, բայց շուտով արկերի պայթյունները սովորական դարձան։ Հիշում եմ, թե ինչպես ես ու մայրս ավազով ռումբերից առաջացած հրդեհներն էինք հանգցնում… Շատ լավ եմ հիշում՝ բարձրախոսը առավոտից երեկո հաղորդում էր Չայկովսկու, Շոստակովիչի երաժշտությունը, որը ընդմիջվում էր ֆրոնտից լուրերով ու տագնապի ազդանշաններով։ Հենց այդ ժամանակ սկսվեց իմ առաջին ծանոթությունը երաժշտության հետ…»։

Փոքր-ինչ դադարից հետո էլ հիշեց, իր խոսքերով՝ բլոկադայից հրաշքով փրկված իր փոքր ակորդեոնի մասին, որը իր հետ է մինչ օրս. «Փոքր ակորդեոնը հայրիկինս էր. նա պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, բայց երազում էր, որ ես դառնամ ակորդեոնահար… Նույնիսկ հիմա չեմ կարողանում այդ ամենի մասին հանգիստ ու հակիրճ խոսեմ, բայց ասել եմ ու կասեմ, որ ես երեք անգամ եմ ծնվել։ Առաջին ծնունդս հասկանալի է, երկրորդը բլոկադայից փրկվելն է։ Երբ մերոնք ազատագրեցին Լադոգա լիճը, մեր ունեցած-չունեցածը բարձեցինք մեքենան ու շարժվեցինք դեպի մոտակա կայարան։ Սպասում էինք գնացքի մեկնելուն, երբ սկսվեց ուժեղ ռմբակոծությունը։ Երբ ուշքի եկա, սարսափելի տեսարան էր. շուրջս դիեր էին, մարդիկ այս ու այն կողմ էին վազվզում, գոռում… Հայրիկիս, մայրիկիս, քրոջս չէի գտնում։ Սկսեցի բղավել նրանց անունները։ Բայց հրաշքով բոլորս ողջ էինք մնացել, պարզվեց հարվածային ալիքը ամեն մեկիս մի կողմ էր նետել։ Գնացքի վագոնները ածխակույտի էին վերածվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ ածխակույտերից մեկի վրա տեսա հորս ակորդեոնը, այն էլ անվնաս։ Դա իմ երրորդ ծնունդն էր»։

Դիտարկմանը՝ հավանաբար միակ ռուս դիրիժորն եք, որը տարիներ շարունակ հանդիսացել է նաեւ ժողգործիքների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, մաեստրոն պատասխանեց. «Մուսորգսկին այսպիսի միտք է արտահայտել՝ մենք երաժշտություն չենք ստեղծում, ժողովուրդն է ստեղծագործում, բայց մենք այն կազմակերպում ենք։ Տեսեք՝ Բեթհովենի, Չայկովսկու, Մուսորգսկու, Բորոդինի եւ մյուս մեծերի ստեղծագործություններում միանշանակ ներառված է ժողովրդական երաժշտությունը։ Ժողովրդականի կողքով անցնելը ճիշտ չէ։ Իհարկե, կան մարդիկ, որոնք կարծում են, թե ժողովրդականը երկրորդ կարգի է։ Նրանք միանշանակ սխալվում են։ Հենց ժողովրդական նվագախմբում ստեղծագործելու տարիներին ինձ հնարավորություն ընձեռվեց ամենօրյա շփում ունենալ ժողովրդական մշակույթի հետ ու համոզվել, որ այն իսկապես հարստություն է…»։ Մաեստրո Ֆեդոսեեւը խոսքը եզրափակեց նրանով, թե խորհրդանշական է համարում, որ իրենց ունեցվածքից փրկվել է միայն հոր ակորդեոնը, ինչի մասին քանիցս նշել էր զրույցի ընթացքում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ մաեստրո Ֆեդոսեեւն ու Միխայիլ Պլետնյովը Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ երեւանյան համերգում

«Առավոտ» օրաթերթ
19.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930