44-օրյա պատերազմից անցել է արդեն երկու տարի, բայց վերքերն այդպես էլ չեն բուժվում։ Պատերազմը հաղթահարած տղաներն այլեւս չեն լինի այնպիսին, ինչպիսին առաջ էին. նրանք հիմա շատ լավ գիտեն, թե ինչ է խաղաղությունն ու կյանքը, հայրենիքն ու կարոտը։ Զրուցակիցս 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Բաբայանն է։
«Տե՛ս, արդեն լիարժեք ապաքինվում եմ»,- զրույցը սկսում է Տիգրանն ու անմիջապես ժպիտ է հայտնվում դեմքին։
Տիգրանն ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու ծառայության անցել Արցախում որպես բուժակ։ Ռազմաճակատում Տիգրանի խնդիրը վիրավոր զինծառայողներին առաջին բուժօգնություն ցուցաբերելն էր, վերացնել վիրավորի կյանքին սպառնացող վտանգը, հարկ եղած դեպքում ցավազրկել, դադարեցնել արյունահոսությունը եւ առաջնագծից արագ տարհանել վիրավորներին. «Ծառայության անցնելուց 16 օր անց սկսվեց պատերազմը։ Մինչ պատերազմի սկիզբը եղել եմ Հադրութի առաջին գումարտակի բուժկետի պետ։ Հիշում եմ՝ դիրքերից նոր էի իջել՝ տանը քնած էի, ինչ-որ ձայներ լսվեցին։ Մեր բուժակներից մեկը՝ Հայկոն, քնից հանեց, ասաց՝ էս ինչ ձայներ են, ես էլ, որ մի շաբաթ եղել էի դիրքերում, արդեն սովոր էի էդպիսի ձայներին, ասացի՝ նորմալ ա, քնի։ Հետո ուժեղ պայթյունից ենք արթնացել, անմիջապես միացավ զորամասի տագնապի ազդանշանը։ Կիսատ-պռատ հագնվելով, վազելով՝ հասել ենք զորամաս, 2-3 րոպե հետո նստել ենք շտապօգնության մեքենան եւ գնացել դիրքեր։
Ես բանակ էի եկել որպես բուժակ ու հստակ գիտեի, թե որն է իմ առաքելությունը, այնտեղ ինչ պետք է անեի, վճռական գնում էի վիրավոր ընկերներիս օգնելու։ Տղաների մարտական ոգին շատ բարձր էր, հիշում եմ մի տանկիստ տղա կար՝ 4-րդ աստիճանի այրվածք էր ստացել, ցավազրկում էի, ասում էր՝ չե՛մ ուզում, չի՛ ցավում, երբ հասանք տեղ, փորձում էինք իջեցնել մեքենայից, ասաց՝ ես ինքնուրույն կիջնեմ։
Ամենադժվարը երեւի թե առաջին օրերն էին, խուճապը փոքր-ինչ շատ էր, բայց երբ գիտակցում ես, որ մի ամբողջ ստորաբաժանման կյանքն ու առողջությունը հենց քո ձեռքերում է, ավելի պատասխանատու ես մոտենում, սկսում ես ուժերիդ եւ գիտելիքներիդ ներածին չափով օգնել ու պատվով կատարել քո առջեւ դրված խնդիրը։ Շատ դեպքերում անգամ քո կյանքի գնով ես դա անում»,-խոստովանում է ապագա բժիշկը։
Պատերազմի մասին պատկերացումները միանգամից փոխվել են մարտի դաշտում։ Դա այլեւս այն մարտական ֆիլմը չէր, որի միջոցով Տիգրանը ծանոթացել էր պատերազմ կոչվող երեւույթին։ Այն այլեւս իրար վրա կրակելը չէր. մի կողմից՝ հրետանու, մյուս կողմից՝ ԱԹՍ-ների հարվածներ էին։ Արկակոծվում էր Հադրութը։ Արկերի պայթյուններն անսովոր էին, պատմում է Տիգրանը, սակայն ժամեր անց դրանք սովորական են թվում, իսկ վիրավորներին օգնություն ցույց տալը դառնում է շոկային դրվագ նորակոչիկ բուժակի համար։
«Ես պատրաստ չէի պատերազմին, ես ծանոթ էի այդ երեւույթին, բայց այն իրողությունը, որի մեջ մենք էինք, ես երբեք չէի կարող պատկերացնել։ Նույնիսկ ամենասարսափելի սյուժեով ֆիլմը չեմ կարող համեմատել այս պատերազմի սցենարի հետ,- ասում է ու հայացքը սառում է մի կետի, կարծես մտովի վերապրում է պատերազմը։ – Ցանկացած մարտական գործողության ժամանակ, երբ դու մի խնդիր ես կատարում ու ճիշտ ես անում, դա արդեն մեծ բան է, իմ առաջ խնդիր կար՝ վիրավորների դուրս բերում, մոտ 70 եւ ավելի վիրավոր ենք դուրս բերել։ Մենք համարյա բոլորին թիկունք ենք հասցրել ողջ վիճակում։ Սա այն դեպքերից է, երբ ես կարող եմ վստահ հայտարարել, որ վիրավորվելն արդեն իսկ փրկություն էր այդ ամեն ինչից։ Իսկ ովքեր, որ զոհվել են ճանապարհին, դա եղել է վիրավորման ծանրության աստիճանի պատճառով, ոչ թե մեր աշխատանքի թերացման։ Հիշում եմ, երբ առաջին անգամ ձեռքերիս վրա մարդ մահացավ, ինձ համար շատ ծանր էր, մտածում էի, թե ինչի պետք է մենք ապրենք, իսկ ինքը՝ չէ։ Այդ տղայի ծնողների մասին էի մտածում, որովհետեւ իրանք ամեն պահի սպասում էին, որ պետք է զանգեն իրենց տղայի մասին մի լավ լուր լսեն, չէի պատկերացնում, թե զանգելու են՝ ինչ ասեն, նույնն էլ իմ մասին էի մտածում, որ մի բան չլինի, չէի ուզում մերոնց ցավեցնել»։
Բուժծառությունն ամենախոցելի օղակներից մեկն էր Արցախյան պատերազմի ժամանակ. թշնամին թիրախավորում էր ոչ միայն վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաները, այլեւ հիվանդանոցներն ու հոսպիտալները: Թշնամին միշտ խոցում էր հենց «Խաչի ավտոն», այսպես էին անվանում տղաները շտապօգնության մեքենային։ Տիգրանը պատմում է՝ երբ վիրավորներին դուրս էին բերում, միշտ իրենք իրենց հարց էին տալիս, թե իրենց ո՞վ է օգնելու, եթե դրա կարիքը լինի, եկավ այդ օրն ու բուժակներն օգնեցին իրար։ Հոկտեմբերի 25-ին հերթական անգամ վիրավոր դուրս բերելիս հարվածային ԱԹՍ-ն թիրախավորում է հենց Տիգրանենց շտապօգնության մեքենան: «Երբ պայթեցնում են շտապօգնության մեքենան, ես հետեւում էի նստած ու պայթյունի ճնշումն ինձ դռնից դուրս շպրտեց։ Ընկա գետնին, գիտակցությունս տեղն էր, բայց աչքերս չէի կարողանում բացել։ Երբ բացեցի, առաջինը նկատեցի, որ մատնեմատս չկա, ձեռքս եւ աջ ոտքս շատ լուրջ վնասված էր, բնականաբար, այդ պահին ոչինչ չէի զգում, այրվածքներ էի ստացել։ Հիշում եմ՝ ուզում էի քայլել, չէի կարողանում։ Ինձ օգնություն ցույց տվեց մեր մյուս բուժակը՝ ծունկս բացվել էր, արյունը կանգնեցրեց։ Այդ պահին էլ, բախտի բերմամբ, Ջաբրայիլից շտապօգնության մեքենա էին ուղարկել այդ ուղղությամբ։ Միայն վարորդն էր, բժիշկ չկար իր հետ։ Համլետը՝ մեր մյուս բուժակը, ինձ քարշ տալով մոտեցրեց մեքենային ու տեղափոխեցին Մարտունի։
Մարտունուց դեպի Ստեփանակերտ, Ստեփանակերտից էլ Երեւան։ Ժամեր տեւած վիրահատություններ ու ամպուտացման մասին եզրակացություն. Ստեփանակերտում եզրակացություն էին գրել, որ եւս երկու մատ պետք է ամպուտացվի, բժշկին խնդրեցի, որ պահպանի մատերս՝ բժիշկ պետք է դառնամ։ Հիշում եմ, երբ վիրահատությունից հետո արթնացա, ինձ ասացին, որ անպայման դառնալու եմ ատամնաբույժ, պահպանե՛լ ենք մատներդ»,- պատմում է Տիգրանը։- Պատերազմից հետո կյանքին ուրիշ աչքերով ես նայում, բայց նույնն ես մնում, նույն նպատակներով ու նույն ցանկություններով, ուղղակի սկսում ես գնահատել ամեն մի պահը։ Պատերազմում դու չգիտես, թե ինչ կլինի հաջորդ պահին քո հետ, ու հնարավոր է, որ հենց հաջորդ պահին դու շատ-շատ բաների համար ուղղակի փոշմանես։ Երբ հասնում ես մի վիճակի, որի ժամանակ գիտակցում ես, որ քո մահը հնարավոր է, որ դառնա մեկ ուրիշի ծնվելու գրավականը, արդեն սկսում ես ապրել՝ գնահատելով ամեն մի պահը։ Պիտի լավատես լինես»,- ժպտում է Տիգրանը։
Ռազմաճակատային ծառայությունն ավելի է ամրապնդել բժիշկ դառնալու իր մտադրությունը։ Տիգրանն ասում է, որ այլեւս չի կարող մնալ ռազմական բժշկության մեջ, սակայն կշարունակի կրթությունը բժշկության ոլորտում. «Ատամնաբույժ դառնալն իմ ամենամեծ նպատակն է։ Պատերազմն ինձ չի խանգարելու հասնել իմ նպատակներին»,- հպարտ դեմքով հայտարարում է մեր զրուցակիցը։
Տիգրանին հարցրեցի, թե ո՞րն է պատերազմի թողած ամենամեծ հետքը։ Նայեց ձեռքին, այնուհետեւ ինձ, հետո էլի նայեց ձեռքին ու ծիծաղելով ասաց. «Պարզ չի՞, մատս…»:
Հետահայաց նայելով պատերազմի անցած օրերին՝ Տիգրանն ասում է՝ չի ուզում հիշել այդ ամենը, այնուհետեւ հավելում, որ իր համար պարտություն չկա։ Ըստ նրա՝ պարտությունը պետք է այլ տեղ փնտրել. «Ես չգիտեմ էնպիսի զինվորի, որը պարտվել է, որովհետեւ երբ դու կանգնած ես պոստում ու քեզ բերում են օգնող ուժեր ու իրենք 2 օր հետո պարզապես փախչում են էդտեղից, դու հենց էտ պահին հասկանում ես, որ ամեն բան այնքան լուրջ է, որ մարդիկ ուղղակի չեն մնում էդտեղ, բայց դու մնում ես։ Մնում ես, որովհետեւ առաջնային երդում ես տվել, որովհետեւ քեզ են վստահել այդ դիրքը։ Դու այդ պահին խրամատում կանգնած գիտակցում ես, որ քեզնից է կախված քո հայրենիքի, քո ծնողների անվտանգությունը։ Հասկանում ես, որ քեզ են վստահել այդ ամենն ու դու պարզապես իրավունք չունես գնալու։ Երբ դու գիտակցված անում ես այդ ամեն ինչը, պարտություն բառն ինքնըստինքյան դուրս է գալիս խաղադաշտից։ Եթե կա գիտակցված մահ, գիտակցված վիրավորում, ուղղակի չկա պարտություն»։
Սպիտակ բանակի մարտիկն ավագ գործընկերների ջանքերով գրեթե լիարժեք վերականգնվել է եւ վստահեցնում է՝ անհրաժեշտության դեպքում կրկին պատրաստ է շարք վերադառնալ։ Պատերազմը դարձավ այն թանկ փորձը, որի հետքերն ամբողջ կյանքում ընկերակցելու են Տիգրանին…
Հասմիկ ԱՆՏՈՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2022