Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմականորեն եզակի պահերից է, երբ Իրանի եւ ՀՀ-ի շահերը լիովին համընկում են»

Նոյեմբեր 21,2022 14:30

Ըստ իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի՝ ՀՀ իշխանությունների քաղաքական ուղղվածությունը եւ հայացքները չեն նպաստում Իրանի հետ հարաբերությունների սերտացմանը։

«Այս ժամանակատվածը անկախությունից հետո այն պատմականորեն եզակի պահերից է, երբ Իրանի եւ ՀՀ-ի շահերը լիովին համընկում են»,-«Առավոտի» հետ զրույցում նկատեց իրանագետ, Միջին Արեւելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը։
Ըստ իրանագետի, բայց եթե ինչպես վերջին երեսուն տարիներին ենք վարվել, շարունակենք այդպես, բնական է, որ այս առիթից ու հնարավորությունից էլ ոչ մի բան չենք կարողանալու քաղել։ Նա շեշտեց. «Հիմա, գոնե երբ երկու երկրների շահերը համընկնում են, պիտի կարողանանք մեզ համար էլ օգուտ քաղել, զուգահեռ մեր պետականության անվտանգությունն էլ ապահովել»։

Հարցին՝ իսկ հայկական կողմից այդ քայլերը տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Գրեթե ոչ։ ՀՀ-ի իշխանությունների քաղաքական ուղղվածությունը եւ հայացքները, ուր որ կան, կարծում եմ՝ չեն համընկնում Իրանի հետ հարաբերությունների սերտացմանը»։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցին եւ նրա հիմնական ուղերձներին՝ Հարութ Արթին Առաքելյանն ասաց. «Նենսի Փելոսին ասաց, որ աշխարհը հիմա առճակատումն է ժողովրդավարության եւ տոտալիտարիզմի, ինչպես այն կտավում, որտեղ հայերը պատերազմում էին տոտալիտար պարսիկների դեմ։ Բոլթոնն եկավ, ասաց՝ սահմանը փակեք Իրանի հետ։ Եթե պահանջն Արեւմուտքից կա, ու եթե Ադրբեջանի հետ հարցում ամերիկյան կողմն ասում է՝ մենք կանգնած ենք մեր Ադրբեջան բարեկամի կողքին Իրանի հարցով, չի կարող հիմա Իրանի հարցով ՀՀ-ում այլ դիրքորոշում որդեգրել Արեւմուտքը»։

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք իրանական կողմի՝ ՀՀ Սյունիքի մարզում տնտեսական ակտիվությունը, քանի որ լուրեր կան այն մասին, որ երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաեւ վարձակալվել է Կապանի կենցաղի տունը, փորձագետն այս առիթով ասաց. «Եթե հյուպատոսարան եք բացում, նաեւ ակնալվում է՝ տնտեսական հարաբերությունների խորացում: Բնական է, որ հյուպատոսարանն ավելի պիտի սերտացնի հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Իրանի կողմից Իրանի հյուպատոսարանի առաջ խնդիր է դրվել ավելի հեշտացնել ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի հետ, որ գոնե մաքսազերծման գործընթացներն արագացնեն եւ խոչընդոտները վերացնեն: Ամեն դեպքում Իրանն ահռելի քանակով արտադրանք ունի, որը կարող է ոչ միայն ՀՀ-ում սպառվել, այլեւ ՀՀ միջոցով արտահանվել: Մենք կարող ենք Իրանի համար ոչ միայն դեպի ԵԱՏՄ պատուհան դառնալ, այլեւ դեպի միջազգային շուկաներ: Իրանն աշխարհի մակարդակով նանոտեխնոլոգիաների ոլորտում հինգերորդ տեղն է գրավում: Եթե կա երկիր, որ այդ մակարդակն ունի նանոտեխնոլոգիաների մեջ, ու մենք կարող ենք այնպես պայմանավորվել, որ հիսուն տոկոս աշխատողները հայ լինեն, մենք սովորենք այդ տեխնոլոգիան, այդտեղ փոխհամագործակցություն կարող է լինել։ Մենք սովորելու ենք տեխնոլոգիայի հետ աշխատելը։ Չինաստանն ինչպե՞ս դարձավ Չինաստան, բերեցին իրենց երկրի տեխոլոգիան»։

Մեր հիշեցմանը՝ Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը ՀՀ պաշտոնական այցի ավարտին հայտարարել էր, որ կարեւոր քննարկումներ է ունեցել ՀՀ վարչապետի հետ, մասնավորապես տարածաշրջանում երրորդ երկրների զորքերի ներկայությունը բացառելու հարցով եւ հարցին՝ ի՞նչ զորքեր նկատի ուներ, փորձագետը պատասխանեց. «Կարող ենք դիտարկել նաեւ Եվրոպա, ՆԱՏՕ, որ այս պահին հնարավոր է դիտորդների կարգավիճակով են գալիս, ապագայում կարող է լինել ռազմական դիտորդի կարգավիճակով։ Նույնն էլ Ադրբեջանին է եթե ասում, նկատի ունի իսրայելական ուժերի ներկայությունը Ադրբեջանում»։

Մեր մյուս հարցին՝ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարված հռետորաբանությունն ինչպիսի՞ արդյունք կարող է ունենալ, Հարութ Արթին Առաքելյանը պատասխանեց. «Արցախյան պատերազմի ժամանակ էլ մենք ասել ենք, որ այդ պատերազմը ՀՀ-ի դեմ չէ, այլ Իրանի։ Եթե այդ բոլոր տարածքներում օդակայարաններ են բացվում, դրանք քաղաքացիական չեն, որովհետեւ ոչ մի անհրաժեշտություն չկա Զանգելանում ունենալ նման կարգի օդակայարան։ Դա ռազմական լոգիստիկայի համար է արվում։ Կամաց-կամաց Ադրբեջանին պատրաստում են նույն պլացդարմը, ինչպես Ուկրաինան ՌԴ համար։ Այս գործընթացն է՝ կախված Իրանի միջուկային բանակցությունների արդյունքներից։ Բնական է, որ Ադրբեջանին հիմա պատրաստում են նման մի բան, օգնել են պատերազմում, որ ինքը հաղթի ու հիմա պահանջում են, որ այս ամենը նաեւ իրենց համար կատարի։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը կարողանա հրաժարվել, քանի որ իր կամքից վեր է այդ ամենը, քանի որ իրեն հիշեցնելու են, որ Արցախի հարցով օգնեցինք, որ դու այս ամենը հետ բեր։ Հիմա գործընթաց է ընթանում, սրացումը կա հարաբերություններում։ Նաեւ կարող է հասնել նրան, որ ռազմական բախումը անխուսափելի դառնա։ Դա միջուկային բանակցություների եւ Իրան-Արեւմուտք հարաբերությունների հետ է կապված»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930