Իրանական «MokhTalafat Art Group»-ը միջազգային բազմարվեստ արտադրական ընկերություն է, որը հիմնադրվել է Թեհրանում։ Ընկերության գործադիր տնօրենը Արման Շիրալի Նեջադն է։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գլխավոր նպատակն Իրանի թատերական ասպարեզում չափանիշները բարձրացնելն է` հանդիսատեսի դատին հանձնելով բարձրարժեք ներկայացումներ։
Հայաստանում «MokhTalafat Art Group»-ը նախագծով հանդես է գալիս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:
«Մասնակցելով «High Fest» կատարողական արվեստների միջազգային փառատոնին և տեսնելով Հայաստանի ներկայացումները և հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը՝ ես հետաքրքրվեցի մեր հայ ընկերների հետ համագործակցությամբ։ Կարծում եմ՝ թատերական միջավայրում շատ ընդհանուր բաներ ունենք»,-մեզ հետ զրույցում նշեց դերասան Արադ Էնթեզարը, որը խմբի ամենաերիտասարդ անդամն է։
«Մեծ գլուխը» ներկայացումը բեմադրման փուլում է։ Ներկայացման պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է։
Ներկայացման գաղափարական հիմքում փախուստն է այն ցավից, որի մեջ խճճված է մարդը, որը դրանից փախչելու համար պետք է փնտրի ու գտնի Աստծուն՝ նախ գտնելով իրեն ու իր հանգստությունը: Ներկայացման բեմադրիչը Արման Շիրալի Նեջադն է։
Ներկայացման մեջ զբաղված են ինչպես իրանցի դերասաններ (Շոկուֆե Ահմադի, Արադ Էնթեզար), այնպես էլ հայ դերասաններ, որոնք ԵԹԿՊԻ ուսանողներ են (Արմեն Ջրբաշյան, Մարիամ Զաքարյան, Կարեն Հարությունյան, Մարիամ Մելիքյան)։ Ռեժիսորի օգնականը Էլզա Մամունցն է։
Նշենք, որ առաջնախաղը նախատեսվում է սույն թվականի դեկտեմբերին։