«Համոզված եմ, որ պարոն Աշոտյանը կարող է իր շահերը պաշտպանել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքի մասին:
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանին պաշտոնական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
Հարցին՝ առաջադրված մեղադրանքն իր կարծիքով համահո՞ւնչ է Արմեն Աշոտյանի հետ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես դատավոր չեմ»:
Aravot.am-ը նաեւ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ նկատի ունենալով, որ Էդմոն Մարուքյանը եւ Արմեն Աշոտյանը նույն գումարման խորհրդարանի պատգամավորներ են եղել, բավական սերտ հարաբերություններ ունեին խորհրդարանում՝ թե աշխատանքային, թե ընկերական: Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց. «Որևէ տեղեկություն չունեմ, չեմ հետևել ներքաղաքական զարգացումներին ու չեմ հետևում այս փուլում»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանին առաջարկեցինք ծանոթանալ առաջադրված՝ պաշտոնական դիրքի չարաշահման եւ փողերի լվացման մեղադրանքին ու կարծիք հայտնել: Առաջարկը մնաց անպատասխան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ