Հայաստանի Հանրապետությունում երեկ առաջին անգամ նշվեց տղամարդկանց միջազգային տոնը, որն առաջին անգամ նշվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին՝ Տրինդադի և Տոբագոյի Հանրապետությունում։
Այժմ աշխարհի ավելի քան 60 երկրներում նշվում է այս տոնը, որի նպատակը տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրականության վրա ուշադրություն հրավիրելն է ու մեկ անգամ ևս նրանց առողջության պահպանման վրա կենտրոնանալը։
Հայաստանում այս տոնն առաջին անգամ նշվեց Գյումրիում ՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։
Միջոցառումն իրականացվում էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում։
Կարդացեք նաև
«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, շնորհավորելով ներկա գտնվող տղամարդկանց, նշեց՝ գուցե մտածեք ինչ-որ մի նոր բան հորինեցինք, բայց սա կարևոր նշանակություն և առաքելություն ունեցող տոն է։
«Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված այս միջոցառումն առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու ընտանիքում տղամարդու և հոր դերի կարևորությունը՝ մասնավորապես երեխաների խնամքի և դաստիարակության հարցում։
Մենք հավատում ենք, որ առողջ և երջանիկ հասարակության հիմքն այն ընտանիքներ են, որտեղ կան հոգատար տղամարդիկ, ծնողավարման մեջ ներգրավված հայրեր և փոխըմբռնող ամուսիններ», -իր ելույթում շեշտեց Արթուր Նաջարյանը։
Նա նաև ասաց, որ այս տոնին ընդառաջ «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթ են հայտարարել, որին մասնակցել են Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Լոռու մարզերի 13-16 տարեկան պատանիները։
Մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել, մեծ թվով պատանիներ են մասնակցել՝ իրենց պատկերացումները շարադրելով հոր դերի մասին, նկարագրելով իրենց հայրիկի կերպարը։
Ի սկզբանե որոշվել էր առանձնացել երեք լավագույն ստեղծագործությունները, հեղինակներին պատվոգրեր հանձնել, սակայն այնքան տպավորիչ, հուզիչ աշխատանքներ են եղել, որ ժյուրին ընտրել էր 7 լավագույնների հեղինակներին։
«Ես կուզեմ, որ այս օրը մեզ համար դառնա կարևոր օրացուցային տոն,ես չեմ նեղվում նոր տոներ ավելացնելուց և նշելուց։ Թող լիքը տոներ լինեն, թող միայն տոներ ունենանք և մեր կյանքն այնքան շատ տոնառատ լինի, պայմաններն էլ այնքան խաղաղ, որ մեր միակ մտահոգությունը լինի շատ տոներ ունենալը»,-ասաց Արթուր Նաջարյանը։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանն էլ, շնորհավորելով ներկաներին, ասաց՝ տարօրինակ է, որ մենք առաջին անգամ ենք նշում տոնը։
«Այսօր մետրոպոլիտենի բոլոր կայարաններում փակվել է մի ցուցապաստառ, որտեղ տղամարդկանց տոնը շնորհավորելով՝ վերջում նշում ենք՝ «Վերջապես»։ Վերջապես մեզ մոտ այս օրն էլ ենք նշում, շատ կարևոր է օր է, իհարկե, անչափ կարևոր է տղամարդկանց ներգրավումն ընտանիքներում՝ սկսած կենցաղից մինչև երեխայի դաստիարակություն»,-նշեց բանախոսը։
Նա իր սեփական փորձով հիշեց, թե ինչպես բակի միակ հայրն է եղել, որը իր նորածին երեխային մանկասայլակով պտտեցրել է այգում։ Հարևան տղամարդիկ սկզբում տարօրինակ հայացքով են նայել, այնուհետ հասկացել, որ սեփական երեխային ման տալն ամենևին ամոթ չէ, հենց իրենք պիտի դա անեն։
Միջոցառման ամենահուզիչ պահը շարադրությունների հեղինակներին պատվոգրեր հանձնելն էր, անհնար էր առանց արցունքների լսել օրինակ՝ գյումրեցի Լաուրա Խեչումյանի խոսքերն՝ ուղղված 44-օրյա պատերազմում նահատակված իր հայրիկին։
«Այս թեման ինձ համար շատ ցավոտ է, բայց գրել եմ մեծ սիրով, իմ բոլոր զգացմունքները փորձել եմ հայրիկիս փոխանցել խոսքերի միջոցով։ Հայրս հիմա ինձ տեսնում է, հպարտանում ինձանով», -ասաց կյանքը հայրենիքի համար չխնայած հերոսի դուստրը։
Արթուր Նաջարյանն էլ, որ ժյուրիի կազմում է եղել, ասաց՝ Լաուրայի հայրն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց այնքան կենդանի է նա շարադրության մեջ, զգալի է, որ դուստրը ուժ է ստանում նրանից։
Արմավիրցի Անահիտ Վասիլյանի հայրն էլ պատերազմի մասնակից է եղել։
«Այն ապրումներն ու զգացողությունները, որոնք արտահայտել եմ շարադրության մեջ, չէի ուզի, որ աշխարհում որևէ երեխա զգար նույնը, ինչ ես եմ զգացել»,- ասաց աղջիկը։
Կային մասնակիցներ, որոնք Լոռուց, Տավուշից ու Արմավիրից Գյումրի էին եկել իրենց հայրիկների ուղեկցությամբ։ Նրանցից ոմանք առողջություն էին ցանկանում իրենց հայրիկին, նշում, որ այնքան դժվար էր սահմանափակվել․ 250 բառով նկարագրել իրենց հայրիկներին, այնքան ասելիք կա նրանց մասին։ Նրանցից մեկը նույնիսկ շարադրություն բառը չէր գրել, որ տեղ չգրավի՝ 250 բառի մեջ ու դրա փոխարեն մեկ բնութագրիչ բառ ավել գրի իր հայրիկի մասին։ Մասնակիցներից մեկն էլ իր հայրիկին խոստացավ լինել նրա երազած հայուհին։
Միջոցառման ավարտին ներկայացվեցին «Հայրիկները կարևոր են» սոցիալական տեսահոլովակները, որոնց հերոսները ընտանիքի խնամքի պատասխանատվությունը կիսող հայտնի հայ հայրիկներն են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ