«Ես այսօր խոսում եմ ոչ թե որպես ԱԺ պատգամավոր, այլ որպես երեք երեխաների մայր, ամուսնուն կորցրած հայ կին, որը գիտի` ինչ է նշանակում ընտանիքը պահելու բեռը տանել իր ուսերին»,- ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Կանայք հանուն Հայոց հայրենիքի» շարժման ժամանակ իր ելույթում եւ շարունակեց. «Այսօր մենք ստիպված ենք հայրենիքը պաշտպանելու ծանր գործը կիսել տղամարդկանց հետ, ավելին` վերցնել մեր ուսերին: Այստեղ նշվեց, որ հայ կինն առանձնանում է սրտի ջերմությամբ: Այո, դա իրականություն է: Բայց մեր առաջ կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ մենք պետք է առանձնանանք մեր մտավոր ներուժով եւ այդ մտավոր ներուժը օգտագործենք մեր երկրի փրկության համար: Ես շնորհակալություն եմ հայտնում այս նախաձեռնության կազմակերպիչներին ազգանվեր, պետություն փրկող գործընթաց սկսելու համար: Մենք պարտավոր ենք այստեղ ներկա լինելու: Այո, այս գործը պետք է շարունակվի այնքան, մինչեւ այս խեղկատակ իշխանությունը հեռանա եւ մենք ունենանք պրոֆեսիոնալ, ազգանվեր կառավարություն, որը երկիրը կփրկի այս մարտահրավերներից:
Ես ուզում եմ, եթե թույլ կտաք, այսօր ընդունվելիք հայտարարությունը, որին ծանոթացել եմ, ներկայացնել Ազգային Ժողովի ամբիոնից եւ ԱԺ ամբիոնից դիմել համայն հայությանը` միանալու այս նախաձեռնությանը»:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Կյուրեղյանը նաեւ ասաց. «Հայ կինը, հայ մայրը իրապես այսօր գործ ունի անելու: Մենք մի կողմ նստելու եւ դիտորդի դերում հայտնվելու իրավունք չունենք: Հայաստանում բնակչության 52 տոկոսը կանայք են, բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսից ավելին կանայք են: Այսինքն, մենք հզոր մտավոր ներուժ ունենք, եւ այսօր դա չօգտագործել երկիրը փրկելու համար, շռայլություն է: Հայ մայրերը, հայ կանայք ուզում են եւ կարող են, պարտավոր են այսօր կանգնել երկրի փրկության գործընթացի առաջնագծում: Ես իմ հնարավորության ներածի եւ ավելիի չափով պետք նպաստեմ այդ գործընթացին:
Մենք շատ լավ գիտենք, որ դաստիարակության, կրթության գործն ավանդաբար կանանց վրա է, եւ հայ մայրերի, կանանց մտավոր ներուժը միավորվելով պետք է դպրոցում, տանը, հարեւանների մոտ, բանակում սկսի խոսել հայրենասիրության, պետության, պետականության պահպանման մասին, պետք է հերոսությունը, հայոց բանակը ամենաառաջնահերթը դառնա այսօր: Ուզո՞ւմ ես հաղթել, պետք է հզոր բանակ ունենաս, պե՞տք է հզոր բանակ ունենալ, ուրեմն պետք է բանակի հզորությունը, հաղթանակը կարեւորող հանրություն ունենաս: Իսկ այս գործընթացում կանայք չեն կարող մի կողմ քաշված լինել»:
Կարդացեք նաև
Արմենուհի Կյուրեղյանը ստացավ այս հավաքում ընդունվելիք հայտարարությունը ԱԺ ամբիոնից հանրայնացնելու թույլտվություն եւ հենց առաջին քառօրյայի հայտարարությունների ժամին հանդես է գալու հայտարարությամբ: Այդ ընթացքում եթե կանայք նոր քայլեր էլ կուզենան անել, դրանց մասին էլ կհայտարարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ