«Կանայք հանուն Հայոց հայրենիքի» շարժման հիմնադիր հավաքում ելույթները խիստ էին ու առարկայական: Շուշիի միջնակարգ հոսքային դպրոցի փոխտնօրեն Լիդա Մկրտչյանի խոսքն այս առումով բացառություն չէր:
Ողջունելով հայոց մայրերին` նա ներկայացավ որպես Արցախամայր, որովհետեւ խոսելու էր Արցախ աշխարհի բոլոր արժանապատիվ կանանց, հերոս մայրերի եւ քույրերի անունից: «Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը իմ ավագ որդին զանգեց ու ասաց՝ մամ, պատերազմն ավարտվեց, բայց Շուշին հանձնեցինք, ասացի՝ փառք Աստծո, որ դուք բոլոր երեքդ էլ ողջ եք: Մեր ունեցածը Աստված տվեց, Աստված էլ տարավ: Էլի կտա, մի հուսահատվեք, միայն թե դուք ողջ վերադառնաք:
Իմ մանկավարժական գործունեության ամբողջ 40 տարվա ընթացքում գլխավոր առանցքն ունեցել եմ հայրենասիրությունը: Եվ փառք Աստծո, սերունդներ դաստիարակեցի, որոնք չխնայեցին իրենց կյանքը եւ, կարելի է ասել, մատաղ դարձան հանուն հայրենիքի, հանուն մեր արժանապատվության, հանուն մեր գոյության: Փառք մեր ընկած հերոսներին, մեր որդիներին:
Ես այսօր ավելի լավատես եմ, քան երբեւէ, որովհետեւ հասկանալով կյանքը, ուղենիշ ունենալով Աստծո խոսքը, հավատում եմ ու ձեզ էլ հավատացնում եմ, որ մենք ազատագրելու ենք ոչ միայն կորուսյալ Արցախի հողերը, այլեւ մեր Էրգիրը: Եվ դա շատ հեռու չէ: Մենք բոլորս տեսնելու ենք այդ բաղձալի օրը, որովհետեւ սուրբ նշխարը չի կարող երկար ժամանակ շան բերանում մնալ: Այդ հողը շատ օրհնված հող է, այդ հողի վրա դարերով հերոսների արյուն է հեղվել, այդ հողում են ամփոփված մեր սրբերը, դեռեւս այդ հողի վրա են մեր որդիների անթաղ ոսկորները, որոնք իրենց գիշերային ֆոսֆորափայլով դեպի երկինք են աղաղակում եւ գերեզման են պահանջում: Մենք պետք է կարողանանք արժանապատիվ հուղարկավորել մեր հերոսների նշխարները: Ու դա էլի հեռու չի լինելու: Մոտ է այդ օրը»,-ասաց տիկին Մկրտչյանը:
Կարդացեք նաև
«Ես միաբանության կոչ եմ անում: Ինձ այսպես փոքրամարմին տեսնում եք, բայց իմ մեջ հսկայական ուժ ու եռանդ կա, այնքան մեծ միտք ու լավատեսություն կա: Երբեք ոչ մեկին թող չթվա, թե թշնամին շատ հզոր ու անպարտելի է: Ինքներս դրանում համոզվել ենք` նրան բազմիցս հաղթելով: Մենք շատ հզոր ենք մեր ներուժով, քչերն են պատկերացնում, թե ինչքան ուժ կա հայոց մայրերի սրտերում, ձեռքերում եւ ուղեղում:
Յուրաքանչյուր կին, հատկապես թագավորների կյանքի ուղեկիցները, միշտ էլ իմաստուն են եղել ու աջակցել են իրենց ամուսիններին: Հիշենք Օրաշին, Այծեմնիկին, Մուրացանի Ռուզանին, Սասնա Ծռերի Ծովինարին, Սոսեին, Մխիթար Սպարապետի կնոջը` Սաթենիկին, որ ինքը նախաձեռնեց ազգային տուրքը, իր զարդեղենն ամբողջությամբ դրեց հայրենյաց զոհասեղանին, որ դրանով զենք առնեն:
Ամեն մի աղջիկ ամուսնանալիս մի բուռ ադամանդ ու ոսկի է նվեր ստանում: Ո՞ւմ են պետք այդ ադամանդները, եթե առաջիկա պատերազմում պետք է կորցնի իր ամուսնուն եւ չկարողանա զարդարվել: Ո՞ւմ համար պճնվի: Ոչ մի հայ կնոջ համար դժվար չէ ու մեծ բան չէ` այդ ոսկեղենից մեկը դնել այդ տուրքին: Ինքս ամբողջ ոսկեղենս թողել եմ, չեմ վերցրել հետս: Մի հատ խաչից մատանի ունեմ եւ պատրաստ եմ այս խաչը որպես զորություն եւ ականջօղերս դնել այդ զոհասեղանին:
Եկեք կշեռքի երկու նժարին դրեք. ձեր ոսկեղե՞նը, թե՞ձեր որդին, ամուսինը:Սա լուրջ առաջարկ է եւ առաջարկում եմ նախաձեռնության վերածել, հենց այնպես չանցնել առաջարկությանս կողքով. Որեւէ մեկը նախաձեռնի, որեւէ մեկը հսկի, որեւէ մեկը վերածի զենքի:
Եկեք միաբանվենք իրար շուրջ եւ բոլորս էլ` եկեղեցու շուրջ: Այն ազգը, թեկուզ ամենափոքր, որը միաբանված է, համախմբված է Աստծո, հավատքի շուրջ նա ուժեղ է ու նրան վերացնել հնարավոր չէ: Ես Շուշիի Սուրբ Հովհաննես եկեղեցու Տիկնանց միության նախագահն էի: Ցավոք, հիմա կտրված եմ Շուշիից, բայց այդ կանանց հետ կապերս պահպանում եմ: Ուզում եմ, որ այսօր այս շարումն էլ դառնա Տիկնանց միություն եւ հավաքվի եկեղեցու շուրջ: Եվ քանի որ վաղն էլ կիրակի է, եկեք բոլորս միասին գնանք Սուրբ Պատարագին մասնակցենք, միաբան մեր աղոթքով խնդրենք Տիրոջը, որ տեր կանգնի մեր հայրենիքին, մեր ժողովրդին, մեր սահմաններին, մեր որդիներին»,-խոսքը եզրափակեց Լիդա Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ