Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. «Հայ կանայք երբ խոսք են ասում, դա դառնում է գործ»

Նոյեմբեր 19,2022 21:40

Այսօր կայացավ «Կանայք հանուն Հայոց հայրենիքի» շարժման հիմնադիր հավաքը, որը նախաձեռնելու գաղափարի 12 համահեղինակներից Նարինե Դիլբարյանը Aravot.am-ին ներկայացրեց իրենց նպատակները եւ ծրագրերը:

«Գաղափարը հույժ ինքնաբուխ էր: Տարբեր ոլորտների, տարբեր մասնագիտությունների եւ զբաղվածության կանայք ամենատարբեր հարթակներում հանդիպելով` առաջարկում էին միավորվել եւ ստեղծել իսկապես մի շարժում, որտեղ կկարողանանք հերքել կարգախոսը, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Բոլորն ունեն լուրջ մտահոգություններ անվտանգային խնդիրների վերաբերյալ: Իսկ ամենակարեւորը, թերեւս, այն է, որ ատելության, դաժանության խոսքի, հարձակողականության մտքի մթնոլորտում հայ կինը, ինչպես բոլոր դարաշրջաններում է եղել, բարձրացնում է իր իր ձայնը, եւ այդ ձայնը գնահատող է: Ու դա ոչ թե պարզունակ մերժում է, այլ հիմնային արժեքների իրական գնահատում:

Մեր այս շարժման նպատակը քաղաքական, այսինքն պետական արժեքների շուրջ կանանց ներուժի ապահովումն է: Ոչ թե ինչ-որ քվոտաներով, եվրոպական օրենքներով: Մենք տեսնում ենք, որ ոչ գործադրում, ոչ օրենսդրում, ոչ էլ ՏԻՄ ընտրություններում ազգապահպան, պետականամետ կանանց ձայնն այնքան բարձր չի հնչում, ուստի, փորձել ենք այս նախաձեռնումով` հիմնադիր հավաքով, բարձրացնել ազգապահպան եւ պետականապահպան հայ կանանց եռանդը, խանդավառել նրանց եւ ստեղծել հարթակ:

Քանի որ մեր շարքում նաեւ բավականին փորձառու կանայք կան, լիահույս եմ, որ մենք իրական ծրագրերի եւ իրական քայլերի ետեւից ենք գնալու, որովհետեւ հայոց դաշտում կանայք երբ խոսք են ասում, դա դառնում է գործ»,-ասաց տիկին Դիլբարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ շարժումը բաց է բոլոր կանանց համար: Նախաձեռնությանը գործուն քայլերով կամ հրավիրյալի կարգավիճակով միացել են կին քաղաքական ու հասարակական գործիչներ, զոհված, անհետ կորած զինվորների, նաեւ` այսօր իրենց բանակային պարտքը կատարող ժամկետային զինծառայողների ու կամավորականների ծնողներ: «Մենք ունենք բանաձեւի նախագիծ, որն ուղարկվել է հնարավոր բոլոր հարթակներ: Ովքեր հիմնականում համաձայն են նախագծի բովանդակությանը, եկել են և, անշուշտ, իրենց առաջարկներն ու նկատառումները կներկայացնեն»,-հավելեց Նարինե Դիլբարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930