Մտա Նարեկի էջ՝ նամակ գրելու ու տեսա այս տողը.
«Մի օր արվեստս ցույց կտան Times Square-ում ու դու կփոշմանես, որ դեռ նամակ չես գրել ինձ»։
Քանի դեռ դա տեղի չէր ունեցել, պետք էր արագ հարցազրույց առաջարկել, գուցե հետագայում չհամաձայներ, չնայած որ ասել է`միշտ էլ կհամաձայնի:
Առաջին վայրկյաններից երևաց՝ տարբերվող ու կրեատիվ մարդու հետ գործ ունեմ։ Գիտեի այդ մասին. աշխատանքներն ակնհայտ էին դարձրել։
Կարդացեք նաև
Նրա ձեռագիրը նման չէ ոչ մեկին։ Նրա լուսանկարներն արտասովոր են։ Նա հասել է ինքն իրեն դուր գալու արդյունքին, ով սահմանափակված չէ և ում աշխատանքները սիրում են. զրուցակիցս երիտասարդ լուսանկարիչ, իլյուստրատոր Նարեկ Մանուկյանն է:
– Քանի՞ սերևանցու (Նարեկն այսպես է անվանում երևանցիներին) եք լուսանկարել այսօր:
– Այսօր կիրակի է՝ 0. հազիվ տանն եմ։
– Ամեն օր լուսանկարո՞ւմ եք։
– Համարյա ամեն օր լուսանկարում եմ, բայց ոչ միայն սերևանցիներին, ընդհանրապես ինչ աչքս հետաքրքիր է գտնում։
– Ինստագրամյան «Փոքր քաղաք»-ի հերոսներին էլ ե՞ք իրենց կրեատիվով ընտրում։
– Հա, ներքին ձայնս հուշում է, թե ում/ինչ է պետք նկարել, ու չի սխալվում։
– Ինչո՞ւ եք այդքան շատ սիրում ժամացույց։
– Եսիմ, լավ աքսեսուար է։ Աքսեսուարներից երևի մենակ դա եմ սիրում։ Վզնոցի, թևնոցի ու մատանիների, ականջակալների ու ցանկացած այլ աքսեսուարների բաժին սերը գնացել է ժամացույցին։ Բացի այդ էլ՝ Բռեյթլինգի (Breitling) ու Ռոլեքսի (Rolex) ժամեր կան, որ տեսնես անհնար է՝ չսիրես։
– Շա՞տ ունեք։
– Երեք հատ ունեմ, չգիտեմ՝ կհամալրեմ հավաքածուն, թե չէ, բայց երեքն իմ թիվն է, այնպես որ լավ է։
Ծնվել եմ 03/03-ին, հետո ինձ համոզեցի, որ մի բան կա, որ «գոլդ» թվի եմ ծնվել ու շատ բաներ սկսեցի կապել այդ թվի հետ։ Ոչ թե սնահավատություն, այլ ուղղակի, իսկ NarEk-ի E տառը շրջելիս նույն 3 թիվն է ստացվում։ Վիզուալ էլ է հետաքրքիր, իսկ որպես նիքնեյմ մինիմալ է ու հասկանալի։
-Մարդկանց միշտ բացատրո՞ւմ եք, որ չեք շտապում. ժամացույցին նայելն ուղղակի սովորություն է։
– Սիրում եմ ժամին նայել. ինքն էլ է առանձին արվեստի գործ։ Ուրիշ է, երբ գիտես ձեռքիդ որակյալ նյութերից պատրաստված ժամացույց է, որը չի խազվում, չի գունաթափվում, ջրից չի փչանում, հետ չի ընկնում ու սիրուն տեսք ունի։ Բնականաբար երբ ուզում եմ ժամն իմանալ, նայում եմ ձեռքիս, ոչ թե հեռախոսին։
– Էլ ի՞նչ սովորություններ ունեք։
– Ջրի տեղը կոլա եմ խմում։
– Ապացուցել, որ տարբերվում ես շատերից ու ամեն անգամ գերազանցել ինքդ քեզ. դա՞ ինչ է։
– Վեց տարեկանից՝ բնազդ, հետո արդեն՝ ապրելակերպ։ Վեց տարեկանում արդեն նկատել էի, որ տղաների մեծ մասը ծխում է, ես էլ չէի ուզում մեծ մասի նման լինել. հստակ որոշել էի, որ չեմ ծխելու։ Դա առաջին ծիլն էր՝ տարբերվելու։ Հետո այն, ինչ անում են շատերը, թեկուզ ինչ-որ հագուկապ մոդա է դառնում, անկախ ինձնից վանում է, եթե նույնիսկ դուրս գա, չեմ հագնի, որովհետև մեծ մասը հագնում է։ Այժմ իմ գործերով եմ ինքս ինձ համոզում, որ նման չեմ շատերին, ու ինքս ինձ փորձում եմ գերազանցել, իսկ ինչի ինքս ինձ, որովհետև զարգացումն այդպես է լինում, միշտ պետք է ձգտես լինել ավելի լավը, ու ինքդ քեզ զարմացնես։ Երբ երկար ժամանակ չես ունենում այդ զգացողությունը, սկսում ես փտել։ Դա էլ գաղտնիքն է մարդկանց մեծամասնության վատ, դեպրեսիվ ու սթրեսային կյանքի, դրա արդյունքն է, որ ունենում են ցածր ինքնագնահատական, կորում է ինքնավստահությունն, իսկ անինքնավստահությունը կյանքի բոլոր խնդիրների արմատն է։
– Տեսախցիկ ունենալուց հետո այսպիսի զարգացում պատկերացնո՞ւմ էիք։
– Իմ երազած տեսախցիկը ես դեռ չունեմ, ուղղակի ունեմ այն, ինչ ինձ հերիք է։ Երազածից էլի չէի հրաժարվի երևի թե, բայց երբ իմացա՝ ինչն ինչպես է աշխատում, հասկացա, որ մեծ առումով շատ բան չի փոխվելու, որովհետև նկարողն է, ոչ թե՝ տեխնիկան։ Բանակից հետո բացահայտեցի ֆոտոյի հանդեպ սերն ու մտածեցի՝ ուշ է. բանակից առաջ հասկացած լինեի, արդեն տեսախցիկ կունենայի, գոնե։ Բայց դե երբեք էլ ուշ չէ ոչնչի համար. եթե միբան սիրում ես, ուրեմն կստացվի։
– Ի՞նչ փոխվեց բանակից հետո։
– Բանակից հետո մեկ ամիս ծրագրավորում եմ սովորել ու ուղղակի սպասում էի դասը վերջանա՝ տուն գնամ։ Բայց արդեն շատ լավ էի գիտակցում, թե ժամանակն ինչ թանկ է ու մեկ ամսից ավելի հաստատ չէի նստի սպասի դասի վերջանալուն, իսկ այդ մեկ ամիսը զուտ այն հույսն էր, որ հնարավոր է սկսվեն ինձ հետաքրքիր դասերը։ Արդյունքում հասկացա, որ ծրագրավորում եմ սովորում, բայց գալիս եմ տուն ու դրանով հետաքրքրվելու փոխարեն՝ ֆոտոյով եմ հետաքրքրվում. ժամերով տարբեր տեսանյութեր կնայեի դրա մասին, որովհետև դա ինձ հաճույք էր պատճառում։ Ես այդ նույն հաճույքը պետք է ծրագրավորման մեջ զգայի, որ նույն հետաքրքրությամբ փորփրեի։ Քանի որ այդ ամենը չկար, ակնհայտ էր, որ չեմ կարող հաջողության հասնել դրանում, որովհետև ես ձգտում չունեմ հաջողության հասնել մի ոլորտում, որն ինձ դուր չի գալիս։ Ամեն բնագավառում կան խնդիրներ. չի ստացվում, չի ստացվում 100 անգամ ու 101-րդում ստացվում է։
Չկա մի բան, որ փորձել եմ անել ու չի ստացվել ու այդ 101-րդը փորձել եմ միայն մի պարզ պատճառով, որովհետև դա իմն է, դա այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել մնացած ողջ կյանքս։
Նաև պարզեցի, որ նկատում եմ լիքը բաներ, որոնք չեն նկատում մյուսները։ Նայում էի շատ մարդկանց նկարներին, ասում էի՝ կարելի էր այսպես անել, այնպես անել, հետո սկսեցի հեռախոսով նկարներ անել, ու հիմա արդեն խորացել եմ այս ամենի մեջ։ Ինչի մենակ ֆոտոն չեմ ասում, որովհետև թե՛ ֆոտոյի, թե՛ եռաչափ անիմացիայի և այլնի հիմքում ընկած է ստեղծագործականը, կրեատիվը, ինչն ավելի խորը արմատներ ունի, որը նկատում եմ հիմա։
– Մինչև դա ինչո՞վ էիք զբաղվում։
– Սովորել եմ ռադիոտեխնիկա ՀԱՊՀ-ում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), որն ինձ հետ կապ չուներ ընդհանրապես։ Բոլորը մեղադրում էին երկրին, հա երկրից էր, իրենք էին մեղավոր, որ այդ առարկան 4845 տարի առաջվա գրքերով էինք սովորում, դրա համար էլ չէինք սովորում, դիպլոմի համար էր։ Չնայած հասկացել էի, որ ում է պետք դիպլոմը, եթե ունեմ դա, բայց մեծ առումով չգիտեմ ոչ մի բան։
Ես մտածել եմ, որ եթե լինես լավ մասնագետ, քո կարիքը միշտ կլինի, իսկ լավ մասնագետ լինելու համար պետք է սիրել մասնագիտությունը, սիրելու համար պետք է հասկանալ, թե ինչով ես ուզում զբաղվել կյանքիդ ամեն օրը, իսկ ամեն օր զբաղվել դրանով նշանակում է անընդհատ նոր բաներ փորձել դրանում ու սովորել նոր բաներ։
– Ինչո՞ւ են մարդիկ հավանում Ձեր աշխատանքները։
– Ես գիտեմ՝ ես ինչի եմ սիրում. աչքը սիրում է տեսնել այնպիսի բան, որը քիչ է տեսել, կամ ընդհանրապես չի տեսել։ Արտասովոր ամեն ինչը միշտ էլ աչք է ծակում։ Երևի դրա համար:
– Առավոտյան արթնանում եք ու գալի՞ս են մտքերը։
– Յուրաքանչյուրն ունի իր ստեղծման պատմությունը. մեկն ինչ-որ կոնկրետ թեմայով մտածում եմ, մյուսը՝ ոգեշնչվում ֆիլմից, մուլտերից կամ այլ արտիստների աշխատանքներից, մյուսը՝լողանալիս, մեկը՝ շաուրմա ուտելիս, չկա կոնկրետ բանաձև, ու բոլորը տարբեր են։
– Ֆանտազիա գնել հնարավո՞ր է։
– Չգիտեմ՝ հնարավոր է գնել, թե չէ, բայց վստահ եմ, որ զարգացնել հնարավոր է։ Իմ դեպքում չգիտեմ՝ ֆանտազիա ունեցել եմ ծնված օրվանից, «գործարանային նաստռոյկեքով», թե չէ, բայց ծնողներս ինձ լեգո էին առնում շատ, իսկ դա հրաշք երևույթ է։ Առայսօր ես նոր լեգոներ առնում ու հավաքում եմ, իսկ դա կապված է ֆանտազիայի հետ նրանով, որ երեխան դրանով աշխատեցնում է ուղեղն ու փորձում ստանալ այն, ինչ երևակայում է։
Լեգոներ սարքել եմ ոչ միայն այդ սխեմաներով, ինքս էլ տարբեր բաներ եմ պատկերացրել ու սարքել։ Գրիչով էլ էի նկարում, ողջ մանկությունս գրիչով նկարելով է անցել։ Եկավ մի ժամանակ, երբ իմ գլխում կար ինչ-որ խաղ, որը չէի գտնում խանութներում ու որոշեցի՝ ինքս սարքել այն։ Ինքս նկարում էի ողջ դաշտը, կերպարներին, կտրտում, սոսնձում ու ստացվում էր, որ իմ ֆանտազիաներն ինձ ստիպեցին ստեղծել այն, ինչ ես չունեի։ Նույնն էլ հիմա է, ուղղակի գործիքներս են փոխվել, ու ավելի եմ զարգացել ու դա միշտ է շարունակվելու, որովհետև լեգոն ինձ տարավ նկարելուն, նկարելը խաղեր ստեղծելուն, հետո սկսեցի ֆոտոշոփ անել, ֆոտոշոփից սկսեցի նաև իլյուստրատոր ու մոնտաժային ծրագրերով աշխատել, հետո՝ ֆոտո անել ու այդ գիտելիքներն իմ գործն ահագին հեշտացրին 3D սովորելու մեջ։ Հիմա 3D-ն ինձ հաստատ կտանի հաջորդ դռան մոտ, իսկ թե դա որը կլինի, ես էլ չգիտեմ. դե մոտավոր գիտեմ։
– Մոտավոր ի՞նչ գիտեք։
– Դե մոտավորն այն մեքենաներն են, որ հրապարակել էի։ Իրական տեսանյութի վրա ոչ իրական օբյեկտներ են լինում, Հոլիվուդի ֆիլմերն ինչպես են սարքում, այդ ճանապարհն է։
-Ամեն լուսանկարին երկար ու բովանդակային նկարագրություն եք տալիս, ո՞րն է նպատակը:
– Ինչքան մարդ, այդքան էլ կարծիք, այդ պատճառով այն նկարները, որոնք կարող են բացասական արձագանք ունենալ, մանրամասն նկարագրում եմ՝ ինչու, ինչպես ու ինչի համար, որ նախ կարդան, հետո գրեն իրենց կարծիքը։ Ինձ միշտ հետաքրքիր է կարծիք լսել, եթե այն հակասում է իմին, բայց, իհարկե, պետք է այդ ամենը լինի հիմնավորված, ոչ թե հենց այնպես՝ օդում, պաթոսային բառեր։ Ես այն մարդկանցից չեմ, որ հրապարակային ինչ-որ բան են անում ու հետո մեկնաբանություններում բացատրում, որ այսինչ բանն այսպես չէ, այնպես է: Այսինքն՝ ամեն ինչ անում են միայն լավ բաներ լսելու համար: Մի՞թե նրանք հիմար չեն, Բերիմո՛ր:
Սա այն նկարների մասին է, որոնք կարող են ընկալվել ոչ այնպես, ինչպես ես եմ ուզել, դրա համար էլ հավելյալ կոնկրետացնում եմ ամեն ինչ, իսկ եթե նկարն ուղղակի վիզուալ սիրունություն է կամ ունի պատմություն, ինչու՞ չպատմել դրա մասին: Ես շատ ասելիք ունեմ առհասարակ, հույս ունեմ մի օր վերջապես կսկսեմ յութուբյան տեսանյութեր նկարել ու կխոսեմ ինչի մասին որ ուզում եմ՝ գրելուց բացի:
– Յուրաքանչյուր աշխատանք որքա՞ն ժամանակ է պահանջում, օրինակ սեպտեմբերի 14-ի artwork-ն ամենաշատը տարածվեց, որը դեպքի (Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման-Ք. Վ.) անմիջապես հաջորդ օրն էիք հրապարակել։
– Կան աշխատանքներ, որոնք շատ երկար են տևում, օրինակ`վերջին հրապարակված տեսանյութը, որը եռաչափ անիմացիա է իրական տեսանյութի վրա, շաբաթից ավել է տևել, իսկ Ձեր ասածը երևի նույն օրը սարքել, նույն օրն էլ հրապարակել եմ։ Հիմնական բովանդակությունն արդեն ունեի պատրաստի, ինչը զգալիորեն արագացրեց աշխատանքը։ Դա այն գործերից էր, որի շուրջ մտածել եմ, չի եկել գաղափար, կոնկրետ ուզել եմ անել ինչ-որ մի բան, ու մտածել եմ՝ ինչ։ Ու, ընդհանրապես, այդ օրերի վերաբերյալ բոլոր նկարները։
-Ի՞նչ գործիքներով եք աշխատում:
-Adobe Photoshop, After Effects, Premiere Pro, Blender.
– Ձեր աշխատանքներն ինչպե՞ս եք մոնետիզացնում:
– Այս պահին 3D Երևանի շարքն է որպես NFT դրված Opensea կայքում: Առայժմ միայն դա է: Դեռ 4 նկար է վաճառվել:
– “To improve is to change, to be perfect is to change often”(Բարելավվել՝ նշանակում է փոխվել, կատարյալ լինել՝ նշանակում է հաճախ փոխվել). Չերչիլից էիք մեջբերել մի անգամ. պերֆեկցիոնի՞ստ եք։
– Այո։ Այն ավելի շատ օգնում է երևի, խանգարում է սոցիալական մեդիայում, երբ ամենասովորական սթորիի համար հնարավոր է ժամեր ծախսեմ, որ ամեն ինչ իդեալական լինի, (ուզում էի էջս ակտիվ պահել): Հետո հասկացա, որ միևնույն է չեմ հասցնում։ Հիմա հրապարակում կամ սթորի եմ անում այն ժամանակ, երբ պատրաստ նյութ եմ ունենում ու չեմ անում ուղղակի ակտիվ պահելու համար։ Դա էլ իր դրական կողմն ունի. մարդիկ գիտեն, որ երբ նոր բան եմ սթորի արել, դա լինելու է ինչ-որ թույն բան, ոչ թե առօրյա աղցան կամ անհետաքրքիր դեմք, ինչպես բոլորն են անում։
– Երկար ժամանակ է՝ լուռ եք, նոր բան է սպասվում ուրեմն։
– Նյութեր միշտ էլ կան, չգիտեմ՝ հաջորդը որը կհրապարակեմ, բայց մի բան կա, որ սարքել եմ ու դեռ չեմ հրապարակել՝ «Լոգարանի աղջիկ»։ Երևի իր ժամանակը մոտենում է արդեն, որովհետև սփոյլել էի վաղուց ու հրապարակելու հերթը չէր հասել։
– Կգա՞ մի օր, որ կհոգնեք այս ամենից։
– Դա նման է ծարավի, եթե այս պահին հագեցար, մի քանի ժամից նորից ծարավ ես։ Վստահ եմ՝ չէ։ Կան բաներ, որոնցից հոգնելն անհնար է. կոլայից, ստեղծագործելուց ու սեքսից, հա ու ժամացույցներից։
Քնարիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ