Հայաստանի ամենահին բուհերից մեկը՝ 1934 թվականին հիմնված Մ․Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանը (նախկինում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ), ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» հավատարմագրման հանձնաժողովի կողմից հավատարմագրվել է ընդամենը երկու տարի ժամկետով։
Այս փաստը բուռն քննարկումների, մտահոգության ու քննադատությունների տեղիք է տվել․ բանն այն է, որ ավանդույթներ ունեցող, Շիրակի մարզին շունչ, կենդանություն տվող կրթական հաստատությունը հանրապետությունում միակն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում հավատարմագրվել է երկու տարով, ասել է թե՝ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրման է ենթարկվել։
Հավատարմագրման հանձնաժողովի նախագահ Ա․ Սաղյանի կողմից ստորագրված փաստաթղթում մասնավորապես նշված է․ «Ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշներից 3-ը՝ «Կառավարում և վարչարարություն», «Մասնագիտության կրթական ծրագրեր» և «Հետազոտություն և զարգացում» գնահատվել են անբավարար»։
Մյուս բուհերի դեպքում այս պատկերն այլ է, ռիսկեր չկան։ Բուհի երկու տարով հավատարմագրումը նույնիսկ դարձել է որոշ քաղաքական գործիչների կողմից անխնա քննադատության թեմա, նրանք իրենց ֆեյսբուքյան էջերում մատնանշել են մեղավորներին՝ վիճակը գնահատելով օրհասական ու ենթադրություններ հնչեցրել, թե այս ամենը կատարվում է միտումնավոր՝ Շիրակի մայր բուհը մարզում այլ բուհերի միավորելու և իշխանության համար ցանկալի անձի ռեկտոր կարգելու համար:
Կարդացեք նաև
Ինչևէ, այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային հարցերից մեկը հավատարմագրման թեման էր։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է բուհը հավատարմագրվել երկու տարով, ովքե՞ր են մեղավոր ձախողման համար։ Նա նաև նշեց, որ բուհի զարգացման համար ռիսկեր է տեսնում։
«Անցած 3 տարվա ընթացքում մենք լսել ենք քննադատություն՝ քաղաքավարի, անքաղաքավարի, ստորջրյա, եթե կարելի է այդպես ասել, բացահայտ, առերես, որ մենք հավատարմագրման հետ կապված ռիսկեր ունենք, ի՞նչ է լինելու»,- հարցրեց Լևոն Բարսեղյանը;
Ի պատասխան՝ բուհի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, հավատարմագրման հանձնաժողովի որոշումը գնահատեց անաչառ ու ներկայացրեց ի՛ր պատճառները։
Նա նշեց, որ պրոցեսը տապալված չէ, սա անհաջողություն չէ, քանի որ տեսականորեն կար չհավատարմագրման տարբերակ։ Ռեկտորը նաև հիշեցրեց այն մթնոլորտը, որը տիրում էր բուհում 3- տարի առաջ։
«Այն, որ ՇՊՀ-ին հավատարմագրում տրվել է, դա գնահատում եմ հաջողություն։ Արդյո՞ք սա հնարավոր առավելագույնն էր։ Տեսականորեն՝ ոչ, որպեսզի ասածս հակասական չթվա, կարծում եմ՝ լավ կլինի վերհիշել հավատարմագրման փուլում ՇՊՀ-ի անցած ամբողջ ճանապարհը։
2018 թվականի մայիսից այս հարցերի մասին խոսվել է բազմիցս, բուհն ուներ ֆինանսական պարտավորություններ, որոնք վտանգված էին կատարման տեսանկյունից, ունեինք բարոյահոգեբանական գերլարված, անորոշ եւ շարունակական սպասողական վիճակ, տարբեր շահեր հետապնդող խմբեր, որոնք պայքարում էին միմյանց, իսկ բոլորը միասին նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ։
2019 թվականին երկու անգամ հոգաբարձուների խորհրդով մրցույթում ռեկտոր չի ընտրվել։ 2018 թվականի մայիսից ներառյալ մինչեւ հավատարմագրման գործընթացի ավարտը մեկուկես տարի հոգաբարձուների խորհուրդ չենք ունեցել։
Դատական ատյանների կողմից տարբեր արգելանքներ են եղել բոլոր հարթակներում, բուհի նպատակադրված, ուղղորդված շարունակական վարկաբեկում, այս բոլորի հետ մեկտեղ երկրում ընթացող հասարակական-քաղաքական զարգացումներ, իսկ 20 թվականից կորոնավիրուս եւ պատերազմ։ Այս ամենի միջով անցնելով հանդերձ՝ այսօր ՇՊՀ-ն հավատարմագրված է»,-թվարկեց Երվանդ Սերոբյանը։
Նա նաև նշեց, որ 3 չափանիշները՝ «Մասնագիտության կրթական ծրագրեր», «Կառավարում-վարչարարություն», «Հետազոտություն եւ զարգացում» վեց տարի առաջ էլ հավատարմագրման ժամանակ անբավարար են եղել գնահատված։
Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարել այս չորս տարվա կամ անցած մեկ տարվա ընթացքում վերացնել խնդիրները, կոնկրետ պատասխանատուներ չկա՞ն, անձնական պատասխանատվության հարց կա՞ դրված ձախողման համար, որը, ըստ Բարսեղյանի, ռեկտորը մասնակի հաջողություն է համարում, իսկ ինքը կարծում է, որ մեծ ռիսկ է համալսարանի զարգացման համար։ Նա նաև խնդրեց պարզաբանել, թե ինչպես են պատերազմը, քովիդը ազդել թերությունների վերացման վրա։
«Հարցին կպատասխանեմ շատ ուղիղ և հակիրճ, պատասխանատու ենք մենք՝ բոլորս, իսկ ի պաշտոնե՝ ես»,-ասաց Երվանդ Սերոբյանը։
Ռեկտորը նկատեց, որ սրան կամ նրան պատժելը իր կարծիքով հարմար չէ, ամենակարևորը կարողացել են աշխատանքային մթնոլորտ ձևավորել, իսկ այն ժամանակ աշխատանքային մթնոլորտը՝ սարսափելի ծանր վիճակում էր;
Նա նաև նշեց, թե ինչ տարբերակներ կան խնդրի լուծման․
«Ավելի երկար ժամկետով հավատարմագրման հասնելու տեսականորեն ունենք երկու տարբերակ ․1-ին ճանապարհ՝ ըստ ընթացակարգի բողոքարկել հավատարմագրման հանձնաժողովի որոշումը, 2-րդ՝ կառուցողական, թիմային աշխատանքի միջոցով հասնել ավելի մեծ ժամկետով հավատարմագրման։
ՇՊՀ-ն ընտրել և այս պահին ընթանում է 2-րդ ճանապարհով, որի արդյունք է բուհին ներկայացված թերությունների վերացման նախնական ծրագիր-ժամանակացույցի հավատարմագրման հանձնաժողովի տված գնահատականը»։
Ռեկտորը շեշտեց, որ այսօր կա ձևավորված թիմ ու մթնոլորտ, որը և կարող է կատարել այդ աշխատանքները, ստեղծված են հիմքեր բարելավման համար, ու խնդիրները, ըստ նրա, հաստատ լուծվելու են։
Ներկայացվեց նաև 2023-27 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը, որն ընդունվեց հոգաբարձուների խորհրդի կողմից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ