Լրահոս
Օրվա լրահոսը

Պեմզաշենում ոճիրը․ «Մի փոքրիկ շտրիխ եւ գործի ողջ պատկերը կարող է փոխվել»․ «Առերեսում»

Նոյեմբեր 19,2022 22:00

Մինչ կնշանակվեր դատահոգեբուժական փորձաքննություն եւ այն պայմաններում, երբ դեռ չկա դրա եզրակացությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մեջ կասկածվող Շիրակի մարզի 32-ամյա բնակչի հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք էր նշել, թե նա տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ։ «Սա ի՞նչ դիագնոզ է,–տարակուսեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը։–Այս պահին հիվանդությունների միջազգային դասակարգիչն ընդհանրապես չունի նման հիվանդություն։ Սա անհասկանալի դիագնոզ է»։ Բայց սա երկրորդական համարելով՝ կարեւորեց հետեւյալը, որ հատկապես պետական մարմինները չտարածեն մարդկանց իրավունքները ոտնահարող անձնական տեղեկատվություն․ «Չի կարելի հրապարակել մարդու բժշկական դիագնոզը»։

Մտահոգություն կա, թե կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողին անմեղսունակ հռչակելու համար՝ այս դիտարկմանն ի պատասխան, հաղորդման մյուս հյուրը՝ «Ուղեկից» կենտրոնի հիմնադիր, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի նախկին պետ, դատական հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը մասնավորապես ասաց․ «Քանի դեռ նախաքննությունն ընթացքի մեջ է ու քանի դեռ տեղեկությունների հավաքագրումն ամբողջական բնույթ չի կրում՝ որեւէ մասնագետ, նույնիսկ շատ փորձառու եւ բանիմաց՝ որեւէ իրավասություն չունի, առանց ծանոթանալու տեղեկություններին, առանց գործի էությանը լիարժեք տեղեկացված լինելու՝ գնահատականներ տալ եւ այդ գնահատականներով եւս ավելի սրել այս համատարած էմոցիոնալ անկայուն իրավիճակը»։ Նաեւ հավելեց, թե ախտորոշումը ենթակա է հաստատման կամ հերքման հոգեբուժական փորձաքննության շրջանակներում․ «Տվյալ պարագայում իհարկե, հիմք ընդունվում են նախկինում հոգեբուժական, նարկոլոգիական հաստատություններում հաշվառված լինել–չլինելու վերաբերյալ փաստերը։ Այդ բոլոր գործոնները, կարծում եմ, դեռեւս համադրման փուլում են»։

Պեմզաշենում այս դաժան սպանության գործով կալանավորվածների վարկածով՝ տուն մտել են գողություն կատարելու համար։ Սակայն մասնագետները պնդում են, որ գողն ու սեռական բռնարարը, մարդասպանը տարբեր նկարագրեր ունեն։ Գողության համար տուն մուտք գործած անձը դաժանաբար չի սպանում երեխաներին ու դեռ ավելին՝ սեռական բռնության ենթարկում։ «Դրա մեջ կա ճշմարտության մեծ հատիկ»,– ասաց Արշակ Գասպարյանը։ Սակայն քրեական հոգեբանության դասընթացի վերածելու փոխարեն՝ նախընտրեց խոսել հետեւյալի մասին․ «Քննչական կոմիտեն ու ոստիկանությունն ասում են, թե ամբողջությամբ բացահայտված է, շարժառիթն է նույնիսկ բացահայտված։ Հանցագործությունների մեծ մասում նույնիսկ դա բացահայտված չէ․․․ Քրեական արդարադատության մարմիններ՝ այս ի՞նչ տեմպով կարողացաք բացահայտել, այս ի՞նչ տեմպով կարողացաք տեսնել «իրական շարժառիթը» եւ դու մի ասա՝ դա գողություն կատարելն էր»։

Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանն էր նշել, որ սպանության դրսեւորման մեխանիզմն է անհասկանալի՝ լիարժեք պատկերացում ունենալու համար․ «Ես իմ փորձով չեմ հիշում մի դեպք, որ գողությունը վերածվի սպանության: Գողությունը կարող է վերածվել կողոպուտի: Իսկ կողոպուտն այն դեպքն է, երբ բացահայտ հափշտակություն է տեղի ունենում, կամ բռնություն է կիրառվում անձի նկատմամբ: Բայց գողությունը վերածվի երեք անձի սպանության, նաեւ մանկահասակ երեխաների՝ սա չլսված իրավիճակ է»։ Անի Վարդանյանն այս առնչությամբ ասաց․ «Չենք կարող մշտապես որոշակի օրինաչափություններով դիտարկել երեւույթները։ Կան օրինաչափություններ եւ դրանց շրջանակներում է ձեւավորվում գիտությունը, տեսական հիմունքները հենց դրանցով են կառուցվում։ Եվ իրականում, այո, շատ տեղերում փորձը հաստատում է այդ տեսական դրույթները։ Բայց եւ մեկ անգամ չէ, որ համոզվում ենք, որ լինում են շատ տարբեր առանձնահատկություններ, որոնք օրինաչափ չեն, շատ յուրահատուկ են, ունեն շատ արտահայտված առանձնակի մասնագիտական գնահատման անհրաժեշտություն։ Հետեւաբար՝ որպեսզի նմանատիպ իրադրությունների համատեքստում մենք պարզապես մեր իմացածի շրջանակներում գնահատականներից զերծ մնանք՝ ամենակարեւոր գործոնը գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ իրազեկվածությունն է․ մի փոքրիկ շտրիխ եւ գործի ողջ պատկերը կարող է փոխվել»։

Արշակ Գասպարյանը վկայակոչեց քրեական արդարադատության համակարգում մեդիայի դերի վերաբերյալ ՄԱԿ–ի եւ Եվրոպայի խորհրդի հանձնարարականները, որոնց ամենակարեւոր ուղերձներից է, թե որքան էլ ԶԼՄ–ի համար գայթակղիչ լինի հանցանքի մեղավորին բացահայտելը․ «Այդուհանդերձ՝ յուրաքանչյուր դեպքը, որքան էլ սահմռկեցուցիչ լինի՝ պետք է դիտարկել որպես խնդիրների նվազեցման միջոց։ Այս դեպքում՝ առողջապահական ոլորտում․ ի՞նչ էր այս դիագնոզը, ո՞նց են դնում․․․ եթե նման դիագնոզով մարդ կա՝ ինչո՞ւ է դրսում»։ Նաեւ առաջարկեց խոսել սոցիալական միջավայրի մասին․ «Այն էլ մարզերում՝ մենք չունենք ամբողջական, դասագրքային ընտանիք՝ կամ կինը կամ տղամարդը դրսում մի տեղ խոպանում են։ Պիտի խոսել սրա մասին, քանի որ սա ազդում է ամեն ինչի վրա՝ դեմոգրաֆիայից մինչեւ անվտանգություն»։

Անդրադարձ եղավ նաեւ պատերազմում զոհված զինծառայողի կնոջ ինքնասպանությանը, նաեւ բժշկի նկատմամբ օրերս իրականացված բռնարարքին։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930