Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանանք՝ մեզ ձեռնտո՞ւ է այն մրցակցությունը, որը կա աշխարհի մեծերի մոտ». Արամ Սաֆարյան

Նոյեմբեր 19,2022 17:57

«Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» թեմայով  քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ-ն, վերջինիս փոխնախագահ Ծովինար Կոստանյանն  ասաց, որ նմանատիպ միջոցառումներ վերջին շրջանում հաճախ են կազմակերպում, քանի որ տարածաշրջանում եւ ողջ աշխարհում լարված  եւ բարդ իրավիճակ է. «Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը,  ՌԴ հատուկ օպերացիան՝ Ուկրաինայում, մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները պետք է պարբերաբար քննարկման առարկա դառնան փորձագիտական շրջանակների հետ միասին»:

Քաղաքական վերլուծաբան  Արամ Սաֆարյանի խոսքով. «Այսօր Հայաստանի հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ հայ-ադրբեջանական  հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային գործընթացները: Մեր բոլոր  քաղաքական, սոցիալական, հումանիտար մեծ ու փոքր խնդիրների շարքում մեր հասարակության առաջ ծառացած առաջնահերթ խնդիրն այն է, թե ինչպես կհաջողվի կարգավորել խաղաղության գործընթացը տարածաշրջանում եւ ինչ կարող է անել Հայաստանը, որպեսզի նվազագույն կորուստներով կամ նվազագույն ձեռքբերումներով դուրս գա  ստեղծված իրավիճակից»:

Անդրադառնալով Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումներին, այնուհետեւ դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, Արամ Սաֆարյանն ընդգծեց. «Գաղտնիք չէ, որ աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների միջեւ  գոյություն ունի մրցակցություն՝ այս հակամարտության կարգավորման գործում եւ մեզ պետք է հասկանալ՝ այդ մրցակցությունը լա՞վ է, թե վատ, համապատասխանո՞ւմ է արդյոք մեր արտաքին քաղաքական շահերին, թե ոչ»:

Նա հիշեցրեց, որ 1992 թ. մարտի 24-ից ի վեր ԼՂ հակամարտության կարգավորման գործով զբաղվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ անցած բոլոր տարիների ընթացքում Մինսկի խումբը ՄԱԿ-ի կողմից ԵԱՀԿ-ին տրված մանդատի շրջանակներում իրականացրել է բանակցություններ, մշակել է առաջարկություններ, որոնք ընկել են քաղաքական եւ ռազմական գործընթացների հիմքում: Քաղաքական վերլուծաբանի ձեւակերպմամբ. «Պետք է փորձենք հասկանալ՝ մեզ ձեռնտո՞ւ է այն մրցակցությունը, որը կա աշխարհի մեծերի մոտ եւ մենք կարո՞ղ ենք մեր շահերը  առաջ մղել այդ մրցակցության մեջ, թե արդեն պարտված ենք, եւ մեր պարտությունը պետք է կարողանանք քարոզչական դաշտում քողարկել մեր հասարակության համար»:

Արամ Սաֆարյանի համոզմամբ, բանակցությունները Ռուսաստանի միջնորդությամբ այլընտրանք չունեն. «ՌԴ-ն ունի նախապատվելի իրավիճակ ուժային մյուս կենտրոնների համեմատությամբ՝ այս հակամարտության մեջ միջնորդի դեր կատարելու եւ տարածաշրջանին խաղաղեցման գործում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930