Հայաստանի նկարիչների միության 20-րդ համագումարում վերջերս միաձայն նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը։ ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ չի մասնակցել նկարիչների միության համագումարին: Նշեց, որ իմաստ չի տեսել, քանի որ նրա խոսքով՝ նախորդ նախագահների ժամանակվանից մնացած չլուծված խնդիրները այդպես էլ չեն լուծվել:
«Ախր ինչից են մարդիկ գոհ, որ գոհ լինելու պատճառ չկա… 2 դահլիճ կա միությունում, ով միության անդամ է, մի քիչ քիչ է փող տալիս, մի շաբաթով ցուցահանդես է անում ու գնում… Այսօր ո՛չ գնում կա, ո՛չ պայմանագիր, ո՛չ պատվեր կա, ու լիքը սոցիալական հարցեր կան: Ժամանակին միության անդամությունը համարում էին թոշակի տարիներ, հիմա դա էլ չկա, ի՞նչ է միությունը, դատարկություն, ձեւական մեկին նստեցնում են նախագահ ու վերջ… Չեմ գնացել, որովհետեւ անելու բան չունեի, ձեռքով քվեարկել են, ուրիշ թեկնածու էլ չի եղել»,-ասաց պարոն Թոքմաջյանը:
Հետաքրքրվեցինք՝ իր նկատառումները հայտնե՞լ է միության նախագահին: «Ես քանի անգամ ասել եմ՝ Սուրեն, պապիդ վրա մի գնա: Նա ուրիշ տեսակ մարդ էր: Նրա պապի՝ Սուրեն Սաֆարյանի հետ ես 20 տարի աշխատել եմ, հրաշք անձնավորություն էր, այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, ամեն հարց լուծվում էր, հիմա բարձիթողի վիճակ է: Ի դեպ, իմ ծննդյան 85-ամյակին ԿԳՄՍ նախարարությունը մի պատվոգիր բերեց, ես ասացի, որ ինձ այսօր ոչինչ պետք չէ»,-նշեց ՀՀ ժողովրդական նկարիչը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ