Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակային իրավունքները՝ «Արալեզ»-ի պաշտպանության ներքո

Նոյեմբեր 19,2022 16:40

Մտավոր կամ ինտելեկտուալ իրավունքների պաշտպանությունը Հայաստանում արդյունավետ չի կառավարվում։ Մեր երկրում բարդ իրավիճակ է ստեղծվել իրավատերերին հասանելիք վճարումների հարցում։ Ռեստորաններում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլ կոմերցիոն գործունեություն իրականացող բազմաթիվ կազմակերպություններում օգտագործում են  երաժշտություն, բայց տվյալ հեղինակները ոչ միշտ են ստանում հեղինակային վճարումներ։

Ինչպե՞ս  արդյունավետ կառավարել ոլորտը, ի՞նչ թվային լուծումներ ու ծառայությունները կարգավորող մեթոդներ կան․ այս հարցերի օրակարգով էր վերջերս Երեւանում կազմակերպված քննարկումը։ Պաշտոնական տվյալներով, Հայաստանում գործող ավելի քան 20 000 նման կազմակերպությունից միայն 63-ն են վճարում հեղինակներին հասանելիք հոնորարները։ Օրինակ, տարբեր երկրներում գործող հեղինակային իրավունքների կոլեկտիվ կառավարումն իրականացնող կազմակերպությունների տվյալներով, երաժշտական ստեղծագործությունների հրապարակային կատարման համար հավաքագրումների մասնաբաժինը կազմում է ընդհանուր գումարի մոտ 50 տոկոսը։ Հայաստանում այդ թիվը մեկ  տոկոսից էլ պակաս է։ Այսպիսով, հայաստանյան իրավատերերն այժմ ստանում են երկու անգամ ավելի քիչ, քան նախատեսված է օրենքով։ Հայաստանի ժողովրդական արտիստ, երգահան Ռոբերտ Ամիրխանյանը քննարկմանը նշեց, որ Հայաստանում հեղինակների իրավունքները գործնականում չեն պաշտպանվում, իսկ «Վան»  ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը հիշեցրեց՝  հեղինակային ու հարակից իրավունքների մասին օրենք Հայաստանի Հանրապետությունն ունի, որը «միայն թղթի վրա է եւ պրակտիկ կիրառություն չունի»։

 

Հայ հեղինակների պատշաճ վճարումների խնդիրը լուծելու նպատակով ստեղծված «Արալեզ» ասոցիացիայի նախագահ  Վիկտորիա Մալոյանը կարեւորեց  հեղինակային հատկացումների հավաքագրումն ու հեղինակներին վճարման թափանցիկ  ինստիտուտի գործարկելը։ «Փորձելու  ենք շտկել իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը, որպեսզի բիզնեսը Հայաստանում հետեւի ժամանակակից միջազգային պրակտիկային, իսկ մեր իրավատերերը ստանան իրենց վճարումները։ Կիրառության մեջ կդնենք ժամանակակից թվային ծառայությունները»,- նշեց Վիկտորիա Մալոյանը։

Աշխարհի 9 երկրի ավելի քան 50 000 կոմերցիոն կազմակերպություններ օգտվում են  «FONMIX » եւ «n’RIS» թվային գործիքները, որոնք ապահովում են մտավոր սեփականության պաշտպանությունն ու պահպանությունը, որը  թույլ է տալիս օրինական կերպով օգտագործել երաժշտական բովանդակությունը ժամանցային, մարզական, եւ այլ վայրերում։

Իրենց փորձը ներկայացրին «FONMIX» ընկերության ներկայացուցիչները։ Գլխավոր տնօրենի տեղակալ Իրինա Օստաշեւսկայան նշեց, որ  կազմակերպության երաժշտական հավաքածուն այս պահին ներառում է ավելի քան 15 մլն նմուշ, որն անընդմեջ թարմացվում է։ Իսկ իրավատերերի համար հաշվետվությունը ձեւավորվում է ավտոմատ կերպով։

Գլխավոր տնօրեն Վալերիա Բրուսնիկինան ներկայացրեց մոնիտորինգ-ծառայությունը, որը թույլ է տալիս ընդլայնված վիճակագրություն ստանալ տարբեր եթերներում երաժշտական համարների օգտագործման մասին։

«Սա կիրառվում է աշխարհի  150 երկրում ու դիտարկում ավելի քան 100 000 ռադիո ու հեռուստաալիք։  Այս գործիքը թույլ է տալիս յուրաքանչյուր կրիչից ստանալ հաշվետվություն, թե որտե՞ղ, ի՞նչ երաժշտություն ու ինչպիսի՞ ծավալով է հեռարձակվել։ Տվյալ հարթակը հնարավորություն է տալիս վերահսկել, թե արդյո՞ք իրավատիրոջը հատկացվող գումարի հիմք հանդիսացող հաշվետվությունները արդարացի ու արժանահավա՞տ են»,-ասաց նա։

Վիկտորիա Մալոյանը Aravot.am-ի հետ զրույցում ավելի պարզ բացատրեց գործիքակազմը։ «Մենք պայմանագիր ենք կնքում Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Ենթադրենք, հայաստանյան ռադիոկայաններով հնչում են նրա հեղինակած ստեղծագործությունները։ Դրանք հատուկ ծրագրով հաշվառվելու են, ու գումարը փոխանցվելու է հեղինակին։ Նույնը ցանկացած կազմակերպությունում հնչող ստեղծագործությունների մասին է»,-ասաց տիկին Մալոյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930