Բարձրագույն դատական խորհրդում երեկ շարունակվել է Երեւանի դատավոր Արթուր Ստեփանյանի կարգապահական վարույթի քննությունը: Այն սկսվել էր նոյեմբերի 14-ին։ Արթուր Ստեփանյանը Դատավորների միության փոխնախագահն է։
Ըստ արդարադատության նախարարության միջնորդության՝ դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ եզրափակիչ դատական ակտը հրապարակել է սահմանված ժամկետից առնվազն 1 տարի 7 ամիս անց, դրա օրինակը հայցվորին տրամադրել է 1 տարի 4 ամիս անց, իսկ գործով պատասխանողին առնվազն 1 տարի 7 ամիս անց տրամադրված չէ: Մնում է պարզել, թե սահմանված ժամկետը որն է։ Շուրջ 3 ժամ տեւած նիստից հետո ԲԴԽ-ն գնացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի նոյեմբերի 24-ին։ Ստեփանյանի պաշտպանը Սիրանուշ Սահակյանն է։
Արթուր Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք փորձել են ներկայացնել իրենց փաստարկները: «Մենք, միանշանակ, չենք ընդունում նախարարության ներկայացրած հիմնավորումները, մենք կարծում ենք, որ առաջին հերթին այդ կարգապահական վարույթը ենթակա է կարճման, եթե կարճման ենթակա չէ, ապա ենթակա է մերժման՝ չապացուցված լինելու հիմքով, կամ, ծայրահեղ դեպքում, ենթակա է մերժման նվազ կարեւորության հիմքով»,- ասաց պարոն Ստեփանյանը։
– Իսկ ինչո՞վ է նվազ կարեւոր, եւ որո՞նք էին ձեր ներկայացրած հիմքերը։
Կարդացեք նաև
– Նախ՝ նվազ կարեւորն ամենավերջինն է։ Մեր հիմքերից էին, որ խտրական վերաբերմունք է դրսեւորվել հարուցման փուլում, որ հարուցման ժամկետն է լրացել, եւ դրանից հետո իրավունք չունեին վարույթ հարուցել, նաեւ՝ ով որ հաղորդում էր ներկայացրել, հրաժարվել է իր հաղորդումից՝ կարգապահական վարույթի փուլում դեռեւս նախարարությունում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ կարծում ենք, որ եթե սկզբից առիթը եղել է, ապա առիթը վերացել է, նաեւ էնտեղ վերագրվել էր ենթադրյալ կարգապահական խախտում այն մասով, որի մասով, մեր գնահատմամբ, առիթ չի եղել հարուցելու համար, որի ընթացքում ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է, չի փոխակերպվել նշված վարույթը։
– Ամեն դեպքում՝ ժամկետի խախտում թույլ տրվե՞լ է Ձեր կողմից։
– Ինձ վերագրվում է ժամկետի խախտում, ես առարկել եմ, համարում եմ, որ ենթակա է կարճման եւ մերժման։
– Իսկ Դուք ի՞նչ սպասելիք ունեք՝ կբավարարի՞ ԲԴԽ-ն նախարարության միջնորդությունը, թե՞ կմերժի։
– Ես, բնականաբար, ԲԴԽ-ից սպասում եմ բարձրագույն մակարդակի արդարադատություն տվյալ հարցի շուրջ, եւ, իմ գնահատմամբ, դա բերելու է կարճման կամ մերժման։ Թե ԲԴԽ-ն ինչ որոշում կկայացնի՝ մի քանի օրից կտեսնենք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: