«Ամերիկայի ձայն». Մայրաքաղաքում Սպիտակ տան հարևանությամբ Willard InterContinental անունը կրող հյուրանոցում կայացավ Ամերիկայի հայկական համագումարի տարեդարձին նվիրված միջոցառումը, ուր պատվավոր հյուրն էր խոսնակ Նենսի Փելոսին
Շուրջ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար, հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը կառույցի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը խոսնակ Փելոսիին հանձնվեց համագումարի Մորգենթաուի անվան պարգևը:
«Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարեց նա:
Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: Անվտանգությունը կարևոր է ժողովրդավարության զարգացման համար, շեշտում է նա:
Կարդացեք նաև
«Երևան ժամանելուց օրեր առաջ ռազմական գործողություններ արձանագրվեցին Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև հարվածներ հասցվեցին Հայաստանի տարածքի ներսի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին: Երևանում Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ մեր հանդիպումների ժամանակ և մամուլին ուղղված հայտարարություններում, մենք պարզ շեշտել ենք՝ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակումները»,-ասել է նա:
Ողջունելով նախագահ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ խոսնակ Փելոսին ընդգծեց պատմության խեղաթյուրման և ճշմարտության ժխտման դեմ պայքարի կարևորությունը:
«Այսօր էլ անասելի վայրագություններ են իրագործվում ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Ադրբեջանի անօրինական հարձակումները Հայաստանի դեմ, որոնք սպառնում են մղել տարածաշրջանը դեպի մռայլ, մահացու անցյալ, Չինաստանի ույղուրների դեմ իրականացվող ցեղասպանությունը, Ռուսաստանի իրականացրած պատերազմական հանցագործությունները Ուկրաինայի ժողովրդի դեմ»,- հայտնել է նա:
Միջոցառման այլ բանախոսները, այդ թվում կոնգրեսական Ֆրենք Փալոնը, Ամերիկայի հայկական համագումարի առաջնորդները ևս ընդգծեցին խոսնակ Նենսի Փելոսիի ներդրումն ու առանցքային դերը ամերիկահայության օրակարգի հարցում:
«Նենսին շատ լավ գիտակցում էր այն վտանգները, որոնց բախվում են Հայաստանն ու Արցախը, ինչպես նաև հայկական հարավային հատվածը: Նա վճռականորեն տրամադրված էր այդ վճռորոշ պահին Հայաստան այցելելու կապակցությամբ՝ ընդգծելու համար, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է, հասկանում է խնդիրը և պատրաստ է բարձրաձայնել տեղի ունեցող ագրեսիայի դեմ և որ Միացյալ Նահանգները պետք է էլ ավելի ներգրավված լինի՝ Հայաստանին օգնելու անվտանգության և այլ տեսանկյուններից»,- հայտարարել է Փալլոնը:
«Մեր գործն այստեղ՝ Միացյալ Նահանգներում, Հայաստանի շահերի հզոր պաշտպանությունն է, և խոսնակ Փելոսին դարձել է մեր թիվ մեկ աջակիցը, որը բարձրաձայնել է, որ բավական է, պետք է դադարեցնել բռնությունը հայերի և հենց Հայաստանի հանդեպ»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասում է համագումարի տնօրենների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը:
ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը ընդգծում է նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության կարևորությունը ԱՄՆ Կոնգրեսում հայամետ ձայնը լսելի դարձնելու համար:
«Հայկական սփյուռքի կառույցների աջակցության շնորհիվ, ինչպիսին է Ամերիկայի հայկական համագումարը, մենք իսկապես կարող ենք շարունակել մեր աշխատանքը և ընդլայնել մեր հանձնախմբի անդամների թիվը, ովքեր կարող են միանալ մեզ՝ դառնալով հանուն Հայաստանի և Արցախի ջատագովներ»,- ասել է Ֆրենք Փալոնը:
Ամերիկայի հայկական համագումարի միջոցառմանը ներկա էին նաև կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, մասնավորապես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլեսյա Մարկարովան, մերձբալթյան երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ամերիկահայ համայնքի լայն շրջանակներ:
Հիշեցնենք, որ այդ նույն օրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր ԱՄՆ ստորին պալատում դեմոկրատների առաջնորդի դերը վայր դնելու մասին:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ, Արուս ՀԱԿՈԲՅԱՆ