Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո «Վերին Լարսի» անցակետում բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հայ բեռնափոխադրողների համար: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն անընդհատ կապի մեջ է բեռնատարների վարորդների հետ, «Փաստի» հետ զրույցում երեկ նշել է, որ այդ պահի դրությամբ միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներում հերթի մեջ կանգնած բեռնատարների թիվը հասել է մի քանի հազարի:
«Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, թե բեռնատարները Լարսում են կանգած, բայց իմ նշած բեռնատարները անգամ Թբիլիսի չեն հասել: Եթե երկու շաբաթ առաջ այդ բեռնատարները մի քանի հարյուր էին, հիմա, իմ վերջին տեղեկություններով, մի քանի հազարի են հասել: Կան վարորդներ, որոնք շուրջ 17 օր է՝ հերթի մեջ են, շատերն էլ ավելի երկար ժամանակահատված է, որ այնտեղ են: Խնդիրը չի լուծվում, բեռնատարների թիվը գնալով ավելանում է, իսկ բեռնատարների վարորդներին, ապրանքների տերերին ոչ մի բացատրություն չի տրվում:
Մթերքները շարունակում են փչանալ, խայտառակ պայմաններ են: Վարորդները դժգոհ են ու արդեն խնդրի լուծման հույս էլ չունեն: Նոյեմբերի 17-ին եմ կապ հաստատել իրենց հետ, ինձ ևս մեկ անգամ խնդրել են զբաղվել խնդրով, բայց պատասխանատու մարմինները որևէ բացատրություն ո՛չ ինձ են տալիս, ո՛չ էլ բեռնատարների վարորդներին: Նոյեմբերի 15-ին ԱԺ իմ ելույթում նշել էի, որ էկոնոմիկայի նախարարի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ապարդյուն են: Այդ ելույթից հետո ևս որևէ արձագանք չեղավ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով նաև մեկ այլ խնդրի մասին:
«Բեռնատարները 30-օրյա ժամկետում պետք է հասցնեն անցնել ՌԴ սահմանը, բայց այդ ժամկետներն արդեն լրանում են: Այսինքն, խնդիր կա անգամ այն ապրանքների համար, որոնք արագ չեն փչանում: Հիմա բեռնափոխադրողները չգիտեն՝ ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը, եթե անգամ սահմանն անցնելու հույս լինի: Խնդիրները, մեծ հաշվով, բազմաթիվ են, որոնք չեն լուծվում ու հույս էլ չկա, որ կլուծվեն: Այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, գաղափար չունի խնդրից ու սուտ թվեր են հրապարակում»,-ասաց նա՝ շեշտելով, որ կառավարությունից որևէ մեկը չի այցելել այդ մարդկանց, ովքեր արդեն շուրջ մեկ ամիս՝ կիլոմետրերով հերթի մեջ են:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։