Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը կրակում է արցախցու վրա, որի հետ, ըստ Ալիեւի, իբր սկսել է երկխոսությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 19,2022 11:04

Հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների ակունքն արցախյան հակամարտությունն է, որն էլ, իր հերթին, բխում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիմնարար սկզբունքից: Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սանձազերծած աննախադեպ ծավալի ու հանցավոր ագրեսիան չլուծեց եւ չէր էլ կարող լուծել արցախյան հիմնահարցը: Հատկապես արցախյան վերջին արյունալի պատերազմից հետո երկար ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական կարգավորումների համար բարենպաստ հիմքեր, մասնավորապես՝ Արցախ-Ադրբեջան շփումների նախադրյալներ ստեղծվեն:

Ներկայում տարածաշրջանային երկրները եւ դրանից դուրս գտնվող կենտրոնները Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում են արագ խաղաղության պայմանագիր կնքել եւ վերականգնել հարաբերությունները: Այս գործընթացներից տրամաբանորեն բխում է, որ վերոնշյալ պետությունները եւ կենտրոնները գիտեն, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների արագ կարգավորում հնարավոր չէ արցախյան հիմնախնդրի նույն արագությամբ լուծումներ գտնելու հետ միասին, հետեւաբար՝ այն առանձնացվում է առաջին գործընթացից:

Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ արցախցու ինքնորոշման հարցն Ադրբեջանը ստիպված է ուղիղ քննարկել Արցախի Հանրապետության հետ, ինչից նա խուսափում է արդեն 30 տարի: Նոյեմբերի 17-ին ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Բաքվի առաջնորդը հավաստիացրեց, թե Արցախի հետ արդեն սկսել են խոսել:

Դրանով Ալիեւը հաստատում է այն, ինչ հայկական կողմերը հայտարարում են արդեն 30 տարուց ավելի, որ արցախյան հիմնահարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ չէ, այլ ազգերի ինքնորոշման հարց է, եւ այն պետք է լուծվի երկու սուբյեկտների՝ Արցախի եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների միջոցով: Բայց այստեղ կա մեծ վերապահում՝ Բաքվի առաջնորդի խոսքի եւ գործի հակադրությունը, իսկ վերջինս հակառակի մասին է խոսում: Այսօր ադրբեջանական զինուժը կրակում է արցախցու վրա, որի հետ, ըստ Ալիեւի, իբր սկսել է երկխոսությունը, բայց դա կրակելով չեն անում: Կրակելու պատասխանն արցախցին միշտ տվել է ու կտա, այսօր խոսելու ժամն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930