Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. Մնում է, որ ի՞նչ անի․ կործանողը չի կարող միաժամանակ փրկիչ լինել. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2022 10:55

Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ վերադարձը ոչ միանշանակ է ընկալվել ընդդիմադիր այլ շերտերի, այդ թվում՝ ընդդիմության ընդդիմադիրների կողմից։ Ոմանք քննադատում են նրանց, թե Նիկոլ Փաշինյանի դիրքերն են ամրացնում, ընդդիմությունն էլ ասում է՝ մեր օրակարգով ենք վերադարձել խորհրդարան։ Ոմանք էլ ասում են, որ վերադարձել են՝ այլ հնար չունենալով։ «Բացարձակ այլ հնար չունենալու մասին չի կարող խոսք լինել։ Ես Ձեզ առաջարկում եմ, իբրեւ պատասխան, մեջբերել ֆրակցիայի հանձնարարությամբ իմ հայտարարությունն ԱԺ նիստի սկզբում… Էնտեղ բոլոր հիմնավորումները կան, ամեն ինչ ասված է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

Փողոցի գործիքակազմը սպառե՞ց իրեն, որ որոշեցիք վերադառնալ։

– Ոչ, այս պահին ժամանակավոր դադար է, այնպես որ՝ որեւէ բան բացառված չէ առաջիկայում։

Նույնիսկ ընդդիմադիր գործիչներն են ասում, որ իշխանությունը յուրացրել է ընդդիմության բառապաշարը, հռետորաբանությունը։ Ավելի հայրենասիրական ծիրում է հայտնվել Փաշինյանը։

– Հիմա տեսեք՝ նույն բանը Դուք կարող եք անել Փաշինյանի պարագայում։ Վերջին իր հարցազրույցում եւ դրանից առաջ, կառավարության նիստում իր զգույշ, մեղմ հակադարձումներն Ադրբեջանի հռետորաբանությանը եզակի դեպք է, չէ՞, վերջին 2 տարվա ընթացքում։ Նա առաջին անգամ հակադարձում է, կոշտ չի հակադարձում, բայց հակադարձում է։ Բայց մենք 2 տարի շարունակ դա էինք ասում, չէ՞։ Ինքը նոր եկել է, փորձում է ինչ-որ արտահայտություններ անել Ալիեւի դեմ։ Բայց եթե խելք ունենար, կհասկանար, որ Ալիեւի վարքագիծը չի փոխվելու, Ալիեւի հետ խաղաղության օրակարգը չի աշխատելու, եւ երբ արդեն շատ նեղն է վիճակը, երբ արդեն Ալիեւը նորից անցել է ամենալկտի հարձակումներին, պահանջներին, նոր փորձում է ինչ-որ բաներ անել։ Եվ նույնը վերաբերում է Թուրքիային։ Նա Թուրքիայի հասցեին ինչ ասես՝ ասել է պատերազմի օրերին, այսօր փորձում է դրական ինչ-որ խաղի մեջ մտնել Թուրքիայի հետ, դրական գնահատել Էրդողանի հետ իր հանդիպումը եւ այլն։ Ես հայտարարել եմ, որ էս խաղն էլ չի անցնի, էստեղ էլ իրենք սխալվում են՝ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։

Հնարավո՞ր է, համարենք՝ անսալով ընդդիմության քննադատություններին, վերջում պարզվի, որ դարձել է մի հայրենասեր եւ ազգասեր ղեկավար։

– Եթե ինքն այդքան հասկանում է, այդքան խելք ունի, եթե գալու է լրիվ․․․ «հայրենասիրական» բառը չօգտագործենք, այլ այն, ինչ խոսում են երկու դաշինքները, այն գնահատականները, որ տալիս էին իր գործունեությանը, եթե ինքը հասկանում է, որ սխալ ընթացքի մեջ է եղել դեռ այն ժամանակ, մի ելք ունի՝ հեռանալ։

Այսինքն՝ բոլոր դեպքերում, միեւնույն է, պետք է հեռանա՞, նույնիսկ եթե ամբողջությամբ տեղավորվի ձեր պատկերացումներում։

– Անշուշտ, պիտի հեռանա, ինքը չի կարող իր այս վիճակով բանակցել, Հայաստանի ու Արցախի համար որեւէ դրական լուծում ստանալ։ Ինքը մնում է, որ ի՞նչ անի, բացի իշխանությունը պահելուց, այն էլ՝ գիտեք, թե ինչ մեթոդներով է պահում։

Ասում է՝ մնում է, որ փրկի Հայաստանը, որ խաղաղություն բերի մեր երկրին։

– Կործանողը չի կարող միաժամանակ փրկիչ լինել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930