Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կա հակամարտության վերջնական կարգավորման գործընթացը հետաձգելու ռուսական ճնշում. «խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. «Փաստ»

Նոյեմբեր 19,2022 10:13

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք բանակցային գործընթացի ներկա փուլին, աշխարհաքաղաքական գործոններին, դրանցից բխող մարտահրավերներին:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի առաջարկած սցենարներում պարամետրերը նույնական են: «Միայն մեկ բացառություն կա, որն, իհարկե, վճռական նշանակություն ունի Հայաստանի համար: Արևմուտքը հայտարարում է, որ պետք է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, հարաբերություններ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ և զարգացնել տնտեսությունը՝ խաղաղություն բերելով տարածաշրջանին: Ռուսական կողմի պահանջների մեջ բացառությունն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային: Թե ապագայում ինչ է առաջարկվելու Ռուսաստանի կողմից, դժվար է ասել, բայց, համենայն դեպս, ռուսական կողմի առաջարկն ապագայի համար պայքարելու ռեսուրս ու հնարավորություն է տալիս, ինչը չկա արևմտյան առաջարկում:

Այս հիմնական տարբերությունից ելնելով՝ պարզ է, թե որն է բխում Հայաստանի և հայ ժողովրդի իրական շահից, երբ ընտրությունը հիմա Արցախը հանձնելու կամ ապագայում Արցախի համար պայքարելու թեկուզև քիչ հույս ունենալն է: Ակնհայտ է, որ մեր շահից է բխում ընտրել երկրորդ տարբերակը: Այսինքն, Արցախը հիմա չհանձնել ու փորձել ապագայում ինչ-որ կերպ դրական լուծումներ ունենալ: Ի դեպ, հենց այս տարբերության վրա շեշտը դնելով՝ Արևմուտքը կարողանում է առաջ տանել իր օրակարգը՝ ասելով, թե, գիտեք, Ռուսաստանը պարզապես ուզում է ձգձգել կոնֆլիկտը, որ հետագայում նոր պատերազմներ հրահրի ու ձեր վրա ազդելու հանարավորություններ ունենա: Իմ կարծիքով, Արևմուտքը կարողացել է Փաշինյանին համոզել, որ, ամեն դեպքում, ճիշտ է հիմա Արցախը հանձնել և թուրքերի հետ հարաբերություններ կարգավորել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի կարծիքով, իշխանության միտքն ու ոգին հենց այդ ուղղությամբ էլ շարժվում են. «Միևնույն ժամանակ, նման որոշում կայացնելու համար իշխանությունը բավականաչափ ռեսուրս չունի, որովհետև կա հակառակ՝ ռուսական կողմի ճնշումը, ինչը վճռական դերակատարություն է ունենում Փաշինյանի վարքագծի վրա: Ամենաթարմ օրինակը վերցնենք՝ վերջին օրերին Փաշինյանի ու Ալիևի հռետորաբանությունը: Այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ «Վալդայ» ակումբում Պուտինը հայտարարեց, որ եթե հայ ժողովուրդը դա ցանկանա, Արցախի համար կարող է նաև այլ ճակատագիր լինել: Այսինքն, ռուսական կողմն իսկապես ցույց տվեց, որ դեռ չի ցանկանում լուծել Արցախի խնդիրը, այդ հարցն, ամեն դեպքում, հետաձգելու քայլեր են նախատեսում:

Փաստն այն է, որ Ռուսաստանն ուզում է ձգձգել, փաստն այն է նաև, որ Պուտինի այդ հայտարարությունից հետո փոխվել է ՀՀ իշխանության, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը: Այս ամենը պայմանավորում եմ բացառապես ռուսական կողմի ճնշմամբ: Ի դեպ, Ալիևը նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ Ռուսաստանի միջամտության պատճառով չի կարողանում Արցախում ապրող հայերի հետ իր խնդիրը արագ լուծել: Իմ խորին համոզմամբ, կա հակամարտության վերջնական կարգավորման գործընթացը հետաձգելու ռուսական ճնշում: Բնականաբար, «խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում, որն իր մեջ ենթադրում է նաև նման հռետորաբանություն, քննադատություններ և այլն»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930