«Ժողովուրդը, որն Աստծո մասին սխալ պատկերացում ունի, ունի նաեւ պետական սխալ կարգ: Ցանկացած ժողովուրդ ունի այն կարգը, որն իրեն սազում է, իրեն հարմար է: Ժողովուրդը վատն է, եթե վատն է կառավարությունը»: Այս խոսքերը պատկանում են գերմանացի փիլիսոփա Հեգելին: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե «ունի այն իշխանությունը, որին նա արժանի է», ինչպես սովորաբար մեջբերում են ուրիշ փիլիսոփաների մտքերը, այլ՝ «այն կարգը, որն իրեն սազում է» («passt zu ihm»): Եվ ավելին՝ Հեգելն ամենեւին էլ հակված չէ մեղքը ժողովրդի վրա գցելուն: Հակառակը՝ ժողովուրդը վատն է այնքանով, որքանով վատն է կառավարությունը:
Եթե առաջ ժողովրդի ներկայացուցիչները քվեարկում էին կաշառքի դիմաց, դա խոսում էր ոչ թե նրա՛նց այլասերվածության եւ անբարոյականության մասին, այլ նման մեխանիզմ, նման կարգ ստեղծողների՛ նշված հատկանիշների մասին: Եթե այսօր այդ նույն ժողովրդի մեծամասնությանը չի հետաքրքրում, թե ինչ է լինելու մի քանի տասնյակ հազար իր հայրենակիցների հետ Արցախում, ապա դարձյալ՝ պետք չէ շտապել մեղադրել այդ մեծամասնությանը: Նրանք այդպիսի ուղերձ, այդպիսի ուղղորդում են ստանում իշխանությունից: Ընդ որում, տվյալ դեպքում՝ այն իշխանությունից, որն ունի լիակատար լեգիտիմություն: Պետական այն կարգը, որն այսօր գոյություն ունի, ձեռնտու, հարմար է ժողովրդին: Իսկ թե ով ինչի է արժանի՝ Աստված գիտի:
Երբ Հեգելը խոսում է Աստծո մասին, նա, որքան հասկանում եմ, նկատի ունի ծրագիր, նպատակ, օրինաչափություն կամ, եթե դարձյալ այդ բառը կրկնենք՝ կարգ: Այդ առումով, մենք՝ հայաստանցիներս, ինձ թվում է, մոլորված ենք: Ովքե՞ր պետք է ցույց տան ուղղությունը, ո՞ր հարթակներում պետք է այն ձեւավորվի: Ինձ թվում է, այն հարթակներում, որտեղ հավաքվում են որոշակի մտավոր մակարդակ, որոշակի գիտելիք ունեցող մարդիկ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունն իր իրական եւ վիրտուալ քարոզիչների միջոցով պատերազմ է հայտարարել այդ մարդկանց, ինչպես որ հայտարարել է հոգեւորականներին, սփյուռքին, գեներալներին, բուհերին եւ այլն:
Այդ ամենն՝ իր հանրագումարով, ձեւավորում է հենց այն, ինչ գերմանացի փիլիսոփան անվանում է «սխալ պատկերացում Աստծո մասին»: Հասկանում եմ, որ այն, ինչ ես հիմա գրում եմ, շատերը կհամարեն կյանքից կտրված եւ վերացական, բայց իրականում այս խնդիրների պատճառով մեր պետությունը լուրջ վտանգի առաջ է կանգնել: Եվ խոսքը ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է: Խոսքը անիմաստ, աննպատակ տվայտանքներին հետեւող «կարգուկանոնի» մասին է, երբ սոցիալական պոպուլիզմի իշխանությանը («հարուստներից խլենք, աղքատներին բաժանենք») կհետեւի ազգայնական պոպուլիզմի իշխանությունը («մտնենք Սասուն, իջնենք Վան»): Հիշենք, թե ինչ ավարտ ունեցավ Վայմարյան հանրապետությունը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
44 օրյա պատերազմի ընթացքում,ես և մնացած հայաստանցիները մեր ունեցած սուղ միջոցներով արցախցիներին տարհանում էինք Արցախից և օթևանով ապահովում Հայաստանում։
Նույնիսկ երբ եկավ վարկիս փակման ժամկետը ես դրա գումարը չունեի,քանի որ ողջ գումարս և ժամանակս ծախսել էի։
Հիմա ես գլուխ չեմ գովում,այլ պարզապես ուզում եմ իմանալ թե ինչ եք կոնկրետ ինձնից ու մնացած իմ համաքաղաքաղիներից Դուք ակնկալում, որպեսզի,ըստ Ձեզ, այնպես ստացվի,որ մենք հետաքրքրված են արցախցիների կյանքով։
Ինը մեկ մեկից հետո ոչ ամենահզոր պետության եւ ոչ էլ այդ պետության ժողովրդի սուբյեկտայնության վրա կասկած չունեմ’ նրանք բացարձակապես չունեն սուբյեկտայնություն, էլ ի՞՛նչ խոսենք մեր մեկ մեկ իննի կամ ռուսների մեկ մեկ իննի մասին’ մենք առավել եւս չունենք սուբյեկտայնություն, իսկ սուբյեկտայնություն նշանակում է, որ մեր բոլոր պարտությունների եւ հաջողությունների միակ սուբյեկտը մենք ենք եւ մենք ենք մեր հաջորդ սերունդների դատաստանի առաջ պատասխան տալու’ կամ նզովելու են մեր այսօրվա ապրող գործող սերունդներին կամ աստվածացնելու: Միամիտ են նրանք, ովքեր հրաժարվում են սեփական սուբյեկտայնությունից եւ հույսները դնում հզոր քաղաքակիրթ սուբյեկտների վրա, մեկընդմիշտ հիշենք’ սրանք նույնպես սուբյեկտ չեն եւ զոմբիի նման ենթարկվում հակապետական հակաազգային վերպետական վերազգային սուբյեկտների կամքին: Սրանք են ինքնաթիռների հետեւից անբնական երկար հետք էր թողնում կամ դիմակահանդեսներ կազմակերպում, պատերազմներ հրահրում եւ թույլերին ձրի պանիր բաժանում եւ նրանց միջոցով ուժեղների ժողովուրդների ոգին կոտրում’ նախապես ոչնչացնելով ուժեղների քաղաքական իշխանությունը, տեղը բերելով ֆինանսատնտեսական իշխանություններ, որոնք ճզմում են իրենց տակ ե՛ւ քաղաքական ե՛ւ ուժային իշխանություններին: Սովետը հենց այսպես քանդվեց եւ նույն ձեւով շարունակում են քանդել անկախություն ստացած հանրապետությունները: Պետությունը, առանց քաղաքական իշխանության գերակայության, խունտա է’ կարող է լինել կամ ռազմական խունտա, երբ գեներալներն են զավթում քաղաքական իշխանությունը կամ ֆինանսատնտեսական խունտա, որն այսօր զավթել է հետխորհրդային պետությունները, միայն քաղաքական իշխանություն’ գենշտաբն է ի վիճակի ապահովել պետության եւ ազգի սուբյեկտայնությունը, երբ ունի հզոր ֆինանսատնտեսական թիկունք եւ ուժային բանակ: Եւ միայն նման ինքնուրույն պետություններն են ի վիճակի ստեղծել վերպետական վերազգային կառույց եւ դուրս գալ մենամարտի այսօրվա հակապետական հակաազգային վերպետական վերազգային կառույցի դեմ: Սա կառավարման նոր տեխնոլոգիա է եւ անցած պատերազմի գեներալների հին մեթոդները նախապես տանուլ կտան: Նոր հիմունքներով պետք է կառուցել Ընտանիքը, Համայնքը, Պետությունը, Արքայությունը, Մարդկությունը: Օգնենք կամ գոնե չխանգարենք մեր ջահելությանը արարեն ու իրագործեն այդ նոր հիմունքները: Ուժեղ առողջ Ընտանիք, ուժեղ առողջ Համայնք, ուժեղ առողջ Պետություն, ուժեղ առողջ Արքայություն, ուժեղ առողջ Մարդկություն:
Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ, իմ կարծիքով, մենք չափից դուրս լավատես ենք նրանց նկատմամբ, ովքեր իրենց մտավոր մակարդակով կարող են նշանակալից դեր ունենալ հանրային գիտակցության ձևավորման գործում: Ակնկալիքները չափազանց մեծ են։
Զինվորականների օրինակով՝ իսրայելական բանակում, թվով ու տեսակներով անհամեմատ ավելի մեծ, կա մեկ ամենաբարձր զինվորական կոչում՝ գեներալ-լեյտենանտ, և բանակում միակ մարդը, ով այն կրում է (այն կրելու իրավունք ունի), գլխավոր շտաբի պետն է։ Հիմա գոնե մոտավորապես գնահատեք մեր շատ համեստ բանակի գեներալների թիվը։ «Ականավոր զինվորականների» նման քանակությունը ուղղակիորեն խոսում է կարողությունների և տաղանդի գնահատման համակարգի ձևախեղման մասին։ Մենք գերագնահատում ենք մեզ։ Նույնը վերաբերում է հասարակական կյանքի այլ ոլորտներին: Մեր գնահատականները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական կարողություններին։ Հավանաբար սա է պատճառը, որ շատերի համար իրականության հետ բախումն այդքան մեծ հիասթափություն է առաջացնում: Չէ՞ որ հույսերը պետք է ինչ-որ բանով արդարացվեն, բացի կոչումներից, պաշտոններից ու մտքերը երկար ու գրագետ արտահայտելու կարողությունից։ Առնվազն այդ մտքերի խորությամբ ու որակով: Եվ այսպես ամենուր և ամեն ինչում:
Սերժ Սարգսյանը չի կարող Հինդենբուրգ լինել (խելքը չի հերիքում), իսկ նրա Փաշինյանը՝ Հիտլեր (խելքը չի հերիքում):
Ինչպես Արմինիա կուսակալության (Հայաստանի ամիրայության) ոստիկանները և սեմական վաչկատուն ցեղերի կողմից նշանակվող հայ իշխանները այնպես էլ այսօր ոստիկանական կուսակալության կասկածելի ծագում ունեցող «իշխանները» համապատասխանում են իրենց ընտրազանգվածին:
Ի՞նչ եք կարծում, Լեւոն Տեր Պետրոսյանը, որը երազում էր ստանալ Դե Գոլի «կարգավիճակ» և «նմանվել» նրան, եկավ իշխանության սոցիալակա՞ն, թե՞ ազգայնական պոպուլիզմով…