Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրատիսլավա, բոլոր երանիները եւ պատմության շունչը

Նոյեմբեր 19,2022 12:30

Շտրիխներ Սլովակիայի մայրաքաղաքից

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան, անշուշտ, գեղեցիկ է, սակայն մեկ-երկու օրը բավական է նրանից «կշտանալու» համար:

Բրատիսլավան հիմնականում իբրեւ տրանզիտային քաղաք է՝ սահմանակից Ավստրիա եւ Հունգարիա հասնելու համար:

Բրատիսլավան խաղաղ է, մարդիկ բարեհամբույր են, այն թերեւս, ամենահարմար հանգստավայրերից մեկն է հատկապես մեծահասակների համար:

Ի տարբերություն նոր Բրատիսլավայի, հին քաղաքն անչափ գեղեցիկ է եւ հարմար ոտքով շրջելու համար:


Բրատիսլավայի կենտրոնական մասում, Դանուբի ափին բլրի վրա վեր է խոյանում Բրատիսլավա ամրոցը, որը Սլովակիայի մշակույթի ազգային հուշարձանների ցանկում է։

Բրատիսլավայի հին կենտրոնում բազմաթիվ մշակութային, պատմական եւ ճարտարապետական ուշագրավ հուշարձաններ կան, ամենուրեք հետաքրքիր քանդակներ են տեղադրված, որոնց հետ զբոսաշրջիկները սիրով լուսանկարվում են:

Բրատիսլավայում կանգնեցրել են նաեւ Անդերսենի արձանը, ասում են, երբ նրան խնդրել են հեքիաթ պատմել, հեքիաթասացը բացականչել է. «Ի՞նչ հեքիաթ պատմեմ, երբ ձեր քաղաքը տեղով հեքիաթ է»: Ի դեպ, Բրատիսլավայի ամենաթանկ հյուրանոցը նախագծել է նույն մարդը, որը նաեւ Տիտանիկի նախագծողն է եղել:

Բրատիսլավա կարելի է այցելել տարվա ցանկացած եղանակի, որովհետեւ այստեղ կլիման մեղմ է: Ցնցող է հին Ռատուշան, իսկ Միխաիլի հնագույն դարպասները թվագրվում են 14-րդ դար: Կլասիցիզմի ոճով կառուցած արքեպիսկոպոսական տաճարն էլ համարվում է ողջ Սլովակիայի ամենագեղեցիկ շինություններից մեկը: Մոդեռն կառույցներից յուրօրինակ է Կապույտ եկեղեցին կամ Սուրբ Ելիզավետայի տաճարը, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին:

Ընդհանրապես Բրատիսլավայի կենտրոնը միավորում է բոլոր երանիները՝ այստեղ կարելի է եւ աչքը շոյել, եւ համեղ սնվել տեղական խոհանոցի բարիքներով, եւ գեղեցիկ հուշանվերներ գնել:

Բրատիսլավայի կենտրոնում է գտնվում նաեւ Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը:

Նշենք, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բրատիսլավա-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
18.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930