Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մեծարել երեւելիներին

Նոյեմբեր 19,2022 12:00

20-րդ դարի երկրորդ կեսում ապրեցին ու ստեղծագործեցին եւ ընդմիշտ մեր սրտում մնացին երկու արվեստագետներ՝ Լուսինե Զաքարյանը ու Խորեն Պալյանը: Երկու արվեստագետներ, ովքեր ազգին տարան դեպի իրենց հոգեւոր ակունքները, աշխարհին հիշեցրեցին, որ Հայը Լույսի կրող ժողովուրդ է, որ դեռ միջնադարում ծնել է Նարեկացի, Շնորհալի, Գրիգոր Տաթեւացի, Հովհան Օձնեցի…

Մեզ՝ նոր սերնդի ներկայացուցիչներիս, Լուսինե Զաքարյան եւ Խորեն Պալյան արվեստագետ զույգի առասպելն է միայն հասել: Իսկ ավագ սերունդը երիցս բախտավոր է, որ առիթ է ունեցել նրանց ոչ միայն կենդանության օրոք տեսնելու եւ լսելու, այլեւ նրանց հետ շփվելու: Այսօր այսպիսի մարդկանց հիշողությունները մեզ՝ երիտասարդ սերնդի համար վավերագրի արժեք ունեն…

Լուսինե Զաքարյան տուն-թանգարանը կազմակերպում է միջոցառումներ, որոնք բացառիկ են նաեւ հենց այս առումով:

Օրերս Լուսինե Զաքարյան տուն-թանգարանում դասախոսություն-ներկայացում էր՝ Նարեկացու, Մխիթար Այրիվանեցու, Կոմիտասի, Եկմալյանի շնչով պարուրված: Իսկ խորագիրը խորհրդանշական էր՝ «Լուսինե Զաքարյանը եւ Խորեն Պալյանը հայ հոգեւոր երգի առաքյալներ»:

Բանախոսը Լուսինե Զաքարյան տուն-թանգարանի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, արվեստի սոցիոլոգ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, «Հայֆա» հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանն էր:

Թանգարանի հյուրերն էին Հայ կանանց միջազգային միության (International Union of Armenian Women) անդամները` գլխավորությամբ նախագահ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ սփյուռքի հիմնադիր- նախարար Հրանուշ Հակոբյանի:

Հյուրերը` բժշկության, արվեստի եւ գիտության տարբեր ոլորտներում ավանդ ունեցող մտավորականներ էին՝ Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի փոխտնօրեն Մարի Խաչատրյան, օգնական Հերմինե Հարությունյան, բժշկուհիներ Լարիսա եւ Լուսինե Մուրադյաններ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյան, բժիշկ-փորձագետ Անուշ Սիմոնյան, արվեստագիտության թեկնածու Սեյրանուշ Մանուկյան, բանասեր Մարինա Վարդանյան, ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյան, լրագրող Կարինե Բաբաջանյան, Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Հարությունյան, մաթեմատիկոս Աելիտա Սահակյան եւ այլք: Ինչպես միշտ, թանգարանի տնօրենը հրավիրում է Լուսինե Զաքարյանի քրոջը՝ Լյուդմիլային, որը հիվանդության պատճառով բացակայում էր, սակայն ներկա էին նրա հարսն ու դուստրը՝ Սաթենը եւ Իրինան:

Մեր մշակութային կյանքում շատ կարեւոր արժեք կպակասեր, եթե չստեղծվեր Լուսինե Զաքարյան տուն-թանգարանը: Այստեղ անուրանալի է Խորեն Պալյանի եղբորորդու՝ բժիշկ Րաֆֆի Պալյանի նվիրական ջանքերը եւ տնօրեն Սուսաննա Դավթյանի անմնացորդ նվիրումը, ով տարիներ շարունակ եղել է Լուսինե Զաքարյան ու Խորեն Պալյան արվեստագետ զույգի ընտանիքի մտերիմը, նվագակցել է Խորենին, երբեմն-երբեմն էլ՝ Լուսինեին: Եվ հենց նրան էր վստահվելու հայ հոգեւոր երգի նվիրյալների հիշատակն անմահացնելու եւ ապրեցնելու առաքելությունը, ինչի մասին էլ ՀՀ Սփյուռքի հիմնադիր- նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց հանդիպման մեկնարկին. «Ես այս պահին ուզում եմ մեր սիրելի Սուսաննա Դավթյանին խորապես շնորհակալություն հայտնել, որ թանգարանի հյուրընկալ դռներն է բացել Լուսինե Զաքարյան երգչուհու երկրպագուների առաջ, միացնենք նաեւ Խորենին, թող չնեղանա նրա հոգին խռոված…»:

Ըստ բանախոս Սուսաննա Դավթյանի՝ հնարավոր չէ մեկ դասախոսության շրջանակում ամփոփել Լուսինեի եւ Խորենի ողջ գործունեությունը եւ այն դերը, որ նրանք ունեցան հայ մշակույթի պատմության մեջ. «Ի՞նչն է առանձնացնում Լուսինե Զաքարյանին եւ Խորեն Պալյանին, ինչո՞ւ նրանց բնակարանը վերածվեց տուն-թանգարանի: Այն պարզ պատճառով, որ նրանք դարձան հիմնադիրը, նախակարապետը, մեր տոհմիկ հոգեւոր երգերը աշխարհիկ բեմերում հնչեցնելու առումով: Նրանք ժողովրդին վերադարձրին այն, ինչ ժողովուրդն ուներ եւ, միաժամանակ, չուներ….որովհետեւ պարտադրված անաստվածության տարիներին նրանք անհնարինը դարձրեցին հնարավոր, եկեղեցուց դուրս բերեցին հայ տոհմիկ հոգեւոր երգը, եւ դարձրեցին համերգասրահների սեփականություն: Դա անօրինակ սխրանք էր, խիզախություն, աննախադեպ մի իրողություն»:

Բանախոսը նշեց, որ հնարավոր չէ չխոսել ազգային կերպարի ներքին երկատվածության, ազգային ինքնանույնականության ճգնաժամի մասին, որը դրսեւորվում է նաեւ հոգեւոր երաժշտության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մեջ: Նրանց (եւ մասնավորապես երիտասարդության) մոտ սկսել է թուլանալ հոգեհուզական կապը հայրենի երգարվեստի, առհասարակ հայրենիքի հետ: Հենց այս հողի վրա աճում են եւ կշարունակեն աճել հայրենաշեն հոգեւոր արժեքներից օտարվածության երեւույթները, որոնք խթանում են օտարամոլության մտայնությունները:

Սուսաննա Դավթյանի դասախոսությանը շատ մտերմիկ երանգ տվեցին նրա փոքրիկ պատմությունները նրանց համատեղ համերգային շրջագայություններից՝ Արտաշատ, Ապարան, Բեյրութ, Փարիզ, Մոսկվա…

Եվ քանի որ Սուսաննա Դավթյանի կարծիքով շատ սխալ կլինի Լուսինե Զաքարյանի կայծակնային առաջընթացի մեջ չհիշել իր ամուսնու՝ Խորեն Պալյանի մեծ եւ անգնահատելի վաստակը, հետեւաբար, բանախոսը անդրադարձավ Խորեն Պալյան-մտավորականի, շարականագետի, գրաբարագետի, մանկավարժի, հասարակական գործչի, երգչի գործունեությանը…

…Թանգարանի սրահում ստեղծվել էր ջերմ ու անմիջական մթնոլորտ: Եվ ներկաների պատմությունները Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի մասին կաթիլ-կաթիլ դառնում էին հուշերի մի օվկիան՝ նոր երանգ տալով բանախոսի մտքերին:

Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը եւս այն անձանցից է, ով շփվել է Լուսինե Զաքարյանի հետ, ճանաչել նրա պարզ ու եթերային էությունը: Նա էլ իր հերթին հիշողություններ փոխանցեց ներկաներին:

Իսկ Լուսինե Զաքարյանի կերպարը ավելի լավ ոչ ոք չէր կարող նկարագրել, քան մեր մեծանուն բանաստեղծներից մեկը՝ Վահագն Դավթյանը, ով Լուսինեին է նվիրել իր «Երգող խաչքար» բանաստեղծությունը, որը ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը՝ համեմելով իր անձնական հուշերի հետ:

Հրանուշ Հակոբյանը բավական հետաքրքիր հուշեր ներկայացրեց՝ կապված Լուսինեի եւ Խորենի հետ: Նրանք շատ հոգեհարազատ են եղել իր հորը՝ Հրանտ Հակոբյանին եւ իր ընտանիքի բոլոր անդամներին: Նրանք առիթը բաց չեն թողել Լուսինեին եւ Խորենին հյուրընկալելու համար: Իսկ առիթները շատ էին. օրինակ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման առիթը: Ի դեպ, այդ ֆակուլտետի լսարաններից մեկը կրում է Հրանուշ Հակոբյանի հոր՝ Հրանտ Հակոբյանի անունը, որտեղ տեղադրված է նրա կիսանդրին. «Ես մասնագետ չեմ, բայց ես Լուսինեից հետո դեռ չեմ լսել մեկին, ով «Սուրբ-սուրբ»-ը այդպես ազդեցիկ կատարի, այդքան տպավորիչ լինի, այդքան հաճույքով լսենք, այդքան քո հոգին աստվածային դառնա, որովհետեւ, իրեն լսելով, հնարավոր չէ չապրել այն ամենը, ինչ որ նա երգում էր…»:

Թանգարանի այս միջոցառումը, հիրավի, ոչ միայն դասախոսություն- ներկայացում էր, այլ ինչ-որ տեղ նաեւ Հայ կանանց միջազգային միության անդամ Սուսաննա Դավթյանի երեք տարվա ընթացքում կատարած աշխատանքի հաշվետվություն: Ներկայացվեցին այն հիշարժան գործերը, որոնց միջոցով կրկին հանրահռչակվեցին Լուսինե Զաքարյան եւ Խորեն Պալյան անունները՝ Լուսինե Զաքարյանի անվան համահայկական առաջին փառատոն, Լուսինե Զաքարյանի անվան անվանական կրթաթոշակի արժանացողների մրցույթ եւ այլն:
Եվ ներկաները առիթ ունեցան ունկնդրելու փառատոնի մրցանակային տեղ շահած, նաեւ անվանական կրթաթոշակի արժանացած ուսանողների ելույթները:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930