Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքանո՞վ է ազնիվ եւ անկեղծ ՀՀ իշխանությունը»

Նոյեմբեր 19,2022 13:30

«Մտահոգությունները կփարատվեն այն ժամանակ, երբ որ առարկայական, որոշակի արդյունքներ լինեն եւ հասկանալի լինի, որ անցնում ենք ինչ-որ ճանապարհ՝ արդյունք ստանալու համար: Ցավոք, առ այս պահը, դա չկա»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Վահրամ Բալայանը:

– Ֆրանսիայի Հանրապետության Սենատը՝ 296 «կողմ» ձայներով, ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։ Ինչպե՞ս եք գնահատում Սենատի այդ քայլը, գործնականում բանաձեւն ի՞նչ ազդեցություններ կարող է ունենալ՝ նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ կառավարության համար Սենատի որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ:

– Ընդհանուր առմամբ, Սենատի որոշումը կարելի է դիտարկել որպես նախորդ որոշումների շարունակություն՝ Ֆրանսիայի Սենատի վերին եւ ստորին պալատների որոշումների՝ Արցախի Հանրապետության ճանաչման հետ կապված: Իհարկե, օրենսդիր մարմնի այդ որոշումները, Ֆրանսիայի կառավարության համար պարտադիր իրագործման ծրագիր չէ, բայց, համենայնդեպս, ինչ-որ առումով, կարելի է համարել ուղենիշ՝ հետագա գործողությունների համար: Մյուս կողմից, Ֆրանսիան՝ ԵՄ առաջատար այդ երկիրը, մանավանդ վերջին շրջանում, ավելի ակտիվ, նորից արձանագրում է, որ Արցախի հարցը լուծված չէ, թեեւ Ադրբեջանը խոսում է այն մասին, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում հարցը կարգավորված է, ապա Ֆրանսիան արձանագրում է՝ Արցախի հարցը գոյություն ունի եւ այն լուծելու անհրաժեշտություն ունի: Կարծում եմ, որ դա հնարավորություն կտա նաեւ, մյուս երկրների համար քննարկման դաշտ բացելու: Իհարկե, դա ինքն իրեն չի լինում, դա աշխատանքի արդյունքում է լինելու եւ հայկական դիվանագիտությունն այստեղ մեծ աշխատանքի խնդիր ունի: Իսկ աշխատանքի պարագայում, հնարավոր է ամեն ինչի հասնել:

Իհարկե, աշխարհաքաղաքական զարգացումներն էլ իրենց դերակատարումն ունենում են, բայց քանի որ մենք ամեն օր ականատես ենք լինում փոփոխությունների, ուստի, պետք է, այսպես ասեմ՝ հարմար դիրքավորվել՝ հարցն առաջ տանելու եւ լուծելու համար:

– Պարոն Բալայան, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը խոսեց արցախահայությանը սպառնացող ցեղասպանության վտանգի մասին. կարելի՞ է այս համատեքստում դիտարկել Սենատի ընդունած բանաձեւը եւ Ձեր կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրները եւս կհետեւե՞ն Ֆրանսիայի քայլին:

– Իհարկե, ցեղասպանության վտանգը միշտ էլ առկախված է եւ թե ԵՄ անդամ երկրների, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի արձագանքները երբեմն նաեւ դրանից է բխում: Նոյեմբերի 16-ին էլ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին կոչ էր արել՝ շարունակել բանակցային գործընթացը, «պահպանել կրակի դադարեցումը, զերծ մնալ սադրանքներից, ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները` հանուն խաղաղության համար պայմանների ստեղծման». այսինքն, այս ամենը խոսում է նրա մասին, որ մտահոգություն կա, մանավանդ Մինսկի խումբը ներկայացնող երկրների մոտ՝ անկախ նրանից, իրար հետ համագործակցում են, թե՝ ոչ: Այս հարցում՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից, համենայնդեսպ, միակամ են եւ, ընդհանրապես, Ադրբեջանի գործողություններին գնահատական տալու տեսանկյունից. մեկը բաց տեքստով է ասում, մյուսն՝ ակնարկում է: Ընդհանրացնելու պարագայում՝ բոլորը տեսնում են Ադրբեջանի նախահարձակ գործողությունները՝ ՀՀ տարածքների բռնազավթման հետ կապված, ուժի կիրառման սպառնալիքները եւ ըստ այդմ էլ, համապատասխան արձագանքներ են տալիս:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակային խոսեց արցախահայության ցեղասպանության վտանգի մասին, այն դեպքում, երբ մի քանի տարի շարունակ բոլորն են խոսում այդ մասին, իսկ ինքն անտեսելով դա, համառորեն խաղաղության օրակարգ է առաջ մղում:

– Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին հարցազրույցներ են տալիս, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն, իհարկե, չի նշանակում, որ կայուն խաղաղությունը գալու է… Գուցե իրենց են ապահովագրում, հետագայում արդարանալու ինչ-որ հիմքեր են ստեղծում եւ այլն: Համենայնդեպս, հնարավոր է, նաեւ իրենք էլ են տեսնում, որ այդ ճանապարհը, որով այս երկու տարիներին իրենք անցել են, արդյունավետ չի: Այսինքն, առարկայական խաղաղությունը պետք է երկկողմանի լինի, միակողմանի լինել չի կարող: Այդ հարցով շատ երկրներ են շահագրգռված, հետեւաբար, դա բավականին բարդ հարց է եւ միայն ու միայն խոսել, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում, կստորագրեն եւ վաղը խաղաղությունը կլինի, ցավոք, դա այդպես չէ:

– «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»,- երեկ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ի՞նչ կասեք:

-Այո, այդ հայտարարությունն առաջին անգամ չենք լսում, Արցախի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ ինքն ասել է, որ ընդունելի է ռուսական տարբերակը: Պարզապես, հարցեր կան, որ մենք մանրամասներից, նրբություններից շատ տեղյակ չենք լինում: Իհարկե, մեկնաբանություններ են լինում, հաղորդագրություններ են տրվում, բայց ամբողջ հարցերի շրջանակը, որոնք քննարկվել են, արդյո՞ք ներկայացվում է հասարակությանը: Չնայած, ես այն կարծիքին չեմ, որ հասարակությանն ամեն ինչ պետք է ներկայացնել, քանի որ շատ հարցեր նախապատրաստական կամ քննարկումների փուլ են ապրում… Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունը այդ մասին հայտարարել է, բայց թե ինչքանո՞վ է դա ազնիվ կամ ինչքանո՞վ է անկեղծ՝ ժամանակն ու հետագա գործընթացները ցույց կտան:

– Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ տվե՞լ եք Ձեզ հետաքրքրող հարցերը, ստացե՞լ եք պատասխանները, փարատվե՞լ են Ձեր մտահոգությունները:

– Այդ մասին շատ ենք խոսել, բացատրություններ տրվել են՝ տարբեր մակարդակներում: Չէ, իհարկե, ո՞նց կարող է փարատված լինեն: Կփարատվեն այն ժամանակ, երբ որ առարկայական, որոշակի արդյունքներ լինեն եւ հասկանալի լինի, որ անցնում ենք ինչ-որ ճանապարհ՝ արդյունք ստանալու համար: Ցավոք, առ այս պահը, դա չկա:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930